Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ներկայացում՝ «Հարսնացուն Անգլիայից»

Մարտ 13,2012 13:46

Օրերս ՀՀ ճարտարապետների տանը կայացավ «Շանս» թատերական կենտրոնի ուժերով բեմադրված «Հարսնացուն Անգլիայից» երաժշտական կոմեդիայի պրեմիերան: Ներկայացումը պատմում է մի աղջկա մասին, ով Հայաստան է եկել Անգլիայից եւ ուզում է ամուսնանալ գյուղացի տղայի հետ: Այդպիսի դեպքեր քիչ են լինում, ուղղակի ռեժիսոր եւ դերասան Արմեն Դալլաքյանը փորձել է այսկերպ դերասան-հանդիսատես տարածությունը կոտրելով՝ անմիջականություն ստեղծել ու երիտասարդ դերասաններին ազատություն ընձեռել: Նա ասաց, որ սցենարի հեղինակն ինքն է, նյութն էլ հորինված է՝ հարմարեցված հայկական իրականությանը: «Երբ հանդիսատեսը սկսում է ծափահարել, զգում եմ՝ անկե՞ղծ էր, թե՞ ոչ: Եվ երբ իսկապես վաստակած ծափահարություններ են հնչում, ասես մի մեծ բեռ ընկնում է ուսերիցս»,- խոստովանում է ռեժիսորը: Ներկայացման մեջ ներգրավված են «Շանս» թատերական կենտրոնի սաներ Էդգար Ղուկասյանը, Մելանյա Նիկողոսյանը, Վանուհի Մխիթարյանը, Արգամ Բաղդասարյանը եւ ուրիշներ: Գլխավոր դերերից մեկը խաղացող Էդգար Ղուկասյանը նշում է. «Հանդիսատեսը հիմնականում կենտրոնանում է գլխավոր հերոսի վրա, որը պարտավոր է խաղալ բնական, եւ այնպես անել, որ իրեն հետեւողների աչքերին արցունք հայտնվի, դեմքին ժպիտ, հիացմունք ու զարմանք…»:

Մելանյա Նիկողոսյանի կարծիքով էլ. «Կապ չունի՝ դու գլխավո՞ր դեր ես խաղում, թե՞ երկրորդական, կարեւորը համոզիչ լինելն է, հուզելը»: Վանուհի Մխիթարյանն էլ ասում է, որ թատրոնում խաղալը գերադասում է կինոյից. «Թատրոնի պարագայում հանդիսատեսի արձագանքը տեղում զգում ես, եւ հետո թատրոնում չկա սխալվելու իրավունք, իսկ կինոյում ցանկացած կտոր կարելի է նորից նկարել, ինչն ինձ համար արդեն հետաքրքիր չէ»: «Ես այս ներկայացմանը պատրաստվելիս շատ ջանք եմ թափել՝ բոլոր առումներով: Լինելով երիտասարդ աղջիկ՝ մարմնավորել եմ 80-ամյա կնոջ, ինչը այդքան էլ հեշտ չէ»,- հավելում է Վանուհին:

ԱՆԺԵԼԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031