Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագա լրագրողներին ընտրում են անհասկանալի չափանիշներով

Մարտ 13,2012 13:34

Ներկայումս սնկի պես աճում են լրագրողներ «պատրաստող» դպրոցները, լրագրության ֆակուլտետները զանազան բուհերում: Հայտնի չէ, թե ինչ չափանիշներով են ընտրվում այն անձինք, ովքեր պետք է հետագայում դառնան լրագրողներ, կամ ինչ ուսումնական պլաններով են նրանց դասավանդում: Անցյալ տարի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ընդունելության քննությունների համակարգում տեղի ունեցավ փոփոխություն: Հայոց լեզու եւ գրականություն, անգլերեն քննությունները դուրս եկան եւ ներմուծվեց բանավոր հաղորդակցության մշակույթ քննությունը: Վերջինս առաջացրել է բազում դիմորդների դժգոհությունը: Նրանց մեծամասնությունը տեղյակ չէ, թե ինչ հարցերի շուրջ պետք է պատրաստված լինի, կամ ինչ չափանիշներով է գնահատվելու այդ քննությունը: «Առավոտը» ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ այս տարի ուղեցույց կհրատարակվի՞, որը կօգնի դիմորդներին: Դեկանը պատասխանեց, որ երեւի այս տարի չհասցնեն դա անել, մյուս կողմից էլ՝ նշեց, որ թերեւս դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ուղեցույցի գոյությունը դիմորդներին կդնի կաղապարների մեջ: Իսկ այն հարցին՝  ի՞նչ ասել է բանավոր հաղորդակցության մշակույթ եւ ի՞նչ չափանիշներով են դիմորդները գնահատվելու, պարոն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Քննության նպատակն է ճշտել դիմորդի բանավոր խոսքի կուլտուրան, բառապաշարը, ասելիքը տրամաբանորեն եւ  գրագետ արտահայտելու կարողությունը, ճանաչողական ունակությունը ընտրած մասնագիտության վերաբերյալ»: Ն. Մարտիրոսյանը դիմորդներին «լուսավորեց»՝ ներկայացնելով մի քանի հարց, որոնք հնարավոր է՝ ընդգրկված լինեն հարցաշարում. «Ձեզ հայտնի լրագրողները. լրագրողի մասնագիտությանը բնորոշ առանձնահատկությունները ձեր պատկերացմամբ», «Հարցազրույց պետք է վարեք Շուշիի ազատագրմանը մասնակցած անձի հետ: Ինչպե՞ս կնախապատրաստվեք հարցազրույցին, ի՞նչ հարցեր կուղղեք նրան», «Ներկայացրեք ձեզ ծանոթ երիտասարդական պարբերականները: Ո՞ր թեմաներն են ձեզ հետաքրքրում, կցանկանայի՞ք խմբագրել նման ամսագիր եւ ինչո՞ւ»: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք յուրաքանչյուր ամսվա 2-րդ ուրբաթ օրը հանդիպում են դիմորդներին եւ նրանց նախապատրաստում քննությանը, խորհուրդներ տալիս:

«Առավոտը» փորձեց պարզել, թե այլ բուհերում ինչպե՞ս են ընտրում ապագա լրագրողներին: Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում 1-ին կուրսի 2-րդ կիսամյակից ուսանողները կարող են մի շարք այլ մասնագիտությունների շարքում ընտրել լրագրությունը: «Առավոտը» ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ճիշտ է առանց որեւէ մասնագիտական քննության կամ առանց դիմորդի մասնագիտական կարողություններին ծանոթանալու,  հնարավորություն տալ ընտրել լրագրողի մասնագիտությունը: Պարոն Ճանճապանյանը պատասխանեց. «Մեր բուհում գործում է նաեւ միջազգային լրագրության կենտրոնը, որը ապագա դիմորդների հետ որոշակի աշխատանքներ է տանում: Նրանք ուսանողներին մեկ կիսամյակի ընթացքում բացատրում են մասնագիտության էությունը, ուսանողները դասախոսություններ են լսում. այսինքն՝ կողմնորոշվելու համար 3-4 ամիս ունենում են»:

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում գործում է հեռուստառադիոլրագրության ամբիոն, որը զբաղվում է ապագա լրագրողների ընտրությամբ եւ պատրաստմամբ: «Առավոտը» ամբիոնի վարիչ Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքներով եւ քննություններով են ընտրում ապագա լրագրողներին: Նա պատասխանեց. «Հայոց լեզվի միասնական քննության արդյունքը դիմորդները բերում են դպրոցից, եւ կախված նրանից, թե որ ոլորտն են ընտրում, հանձնում են ռադիո եւ հեռուստալրագրություն առարկայից բանավոր եւ գրավոր քննություն: Այս քննությունների միջոցով փորձում ենք ստուգել դիմորդի ընդհանուր պատրաստվածության մակարդակը, որքանով է տեղյակ ոլորտից, ուշադրություն ենք դարձնում հայերենի իմացությանը»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031