Լրահոս
Օրվա լրահոսը

Տերտերյանի «ննջող» պարտիտուրը ֆիլմ-բալետ կդառնա

Մարտ 13,2012 13:31

Ստեղծագործական խումբը համոզված է, որ հասունացել է «Ռիչարդ III»-ը մեծ էկրանին տեսնելու անհրաժեշտությունը


«Ռիչարդ III» ֆիլմ-բալետի ստեղծագործական խումբը:

«Առավոտը» օրերս երաժշտագետ Նելլի Ավետիսյանի հետ մասնավոր զրույցում տեղեկացավ, որ ընթանում են Ավետ Տերտերյանի «Ռիչարդ III-ի մենախոսությունները» ֆիլմ- բալետի նախապատրաստական աշխատանքները: Ն. Ավետիսյանի խոսքերով. «Այսօր հասունացել է նոր բալետը նաեւ էկրանին տեսնելու անհրաժեշտությունը: Տերտերյանի «Ռիչարդ III» բալետը գրված է Շեքսպիրի ողբերգության հիման վրա: Երաժշտության սինթեզը ժամանակակից խորեոգրաֆիայի եւ կինոյի արտահայտչամիջոցների հետ, թույլ է տալիս օգտագործել տեխնիկական նոր հնարքներ, այդպիսով ստանալով գեղարվեստականորեն ամբողջական եւ ազդեցիկ մի գործ: Ֆիլմ-բալետի ստեղծման գաղափարը համահունչ է Տերտերյանի մտահղացմանը եւ փորձ է կյանքի կոչել կոմպոզիտորի արխիվում «ննջող» պարտիտուրը: Վստահ եմ՝ ֆիլմ-բալետի ստեղծումը կդառնա վառ ստեղծագործություններից մեկը ոչ միայն մեր իրականության մեջ: Բարձրակարգ մասնագետների թիմ է ընտրված՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչար, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյան, դիրիժոր Ռուբեն Ասատրյան, նկարիչ Վահրամ Հարությունյան»:

Կոմպոզիտորի որդուց՝ երաժշտագետ Ռուբեն Տերտերյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ այս բալետը ժամանակին տեղ չի գտել Ազգային օպերային թատրոնի խաղացանկում: «Հայրս հրաժարվեց այս ստեղծագործության բեմադրությունից՝ չգտնելով իր գաղափարների ամբողջական մարմնավորումը բեմի վրա: Նա միշտ փայփայել է ֆիլմի շնորհիվ դրանց իրացման երազանքը: Բալետի երաժշտությունը հատվածաբար 1980թ. ձայնագրվել է Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի կողմից: Գտնում եմ, որ կոմպոզիտորի հսկայական ժառանգության կարեւորագույն մի մասն է «Ռիչարդ III»-ը, որը պահպանման, հանրահռչակման կարիք ունի»,- ասաց մեր զրուցակիցը:

Բալետմայստերի, դիրիժորի, նկարչի ընտրությունը սպասելի էր, Ռ. Տերտերյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ չափանիշներով է ընտրվել ֆիլմի ռեժիսորը: «Ռուբեն Քոչարի ինքնատիպ եւ խոհափիլիսոփայական հայացքն աշխարհին, նրա ստեղծագործական հետաքրքիր մեկնաբանումները կարող են արգասաբեր լինել տերտերյանական մտահղացումներն ամբողջությամբ եւ ճշգրիտ մատուցելու համար»,- նշեց Ռուբեն Տերտերյանը: Նա հավելեց, որ Ռուբեն Քոչարը «Լիլիթ» ֆիլմ-բալետի համար 1988թ. Ռիգայում կայացած ավանգարդ ֆիլմերի «Արսենալ» փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի, իսկ 1995թ. «Հուշեր» ֆիլմ-բալետը West Holliwood փառատոնի շրջանակներում ընդգրկվել է 10 լավագույնների ցանկում:

Ռուդոլֆ Խառատյանն էլ «Ռիչարդ III»-ի կապակցությամբ մեզ փոխանցեց. «Այս բալետի առանձնահատկությունն այն է, որ այն «մաքուր» բալետ չէ՝ ավանդական, դասական տիպի խորեոգրաֆիկ ներկայացում: Այստեղ օրգանապես միահյուսված են երաժշտական խորեոգրաֆիկ, օպերային, օրատորիալ ժանրերին դրամատիկ ու ստվերների թատրոնին, կինոյին, մնջախաղին բնորոշ էլեմենտներ: Այս ամենը միավորում է ահռելի բարդ դրամատուրգիան»:

Ռուբեն Ասատրյանի խոսքերով. «1979 թվականին ստեղծված Տերտերյանի «Ռիչարդ III»-ը այսօր եւ առաջիկա տասնամյակներում եւս կընկալվի որպես խորը փիլիսոփայական արժեքների բյուրեղացում»:

Նկարիչ Վահրամ Հարությունյանը, տերտերյանական այս գործը բնորոշելով իբրեւ տիեզերական, կարծում է, որ այն այնպես պետք է ձեւավորել, որ առկա լինեն արվեստի բոլոր ձեւերը՝ դասականից սկսած, վերջացրած բոլոր հայտնի եւ անհայտ իզմերի սինթեզով:

Անդրադառնալով ֆիլմ-բալետին՝ Ռուբեն Տերտերյանը նշեց, որ պլանավորված է նկարահանումներն անցկացնել այս տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, իսկ մոնտաժային եւ հետարտադրական փուլը՝ նոյեմբերից: «Ակնկալում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությունը»,- նշեց պարոն Տերտերյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031