Լրահոս
Օրվա լրահոսը

Անհավասար մրցակցություն է

Մարտ 13,2012 13:20

«Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանի կարծիքով՝ ՀՀ-ում «Գնումների մասին» օրենքը փաստացի չի գործում:

Շուրջ 20 տարի Վանաձորում դեղերի բիզնեսով զբաղվող Սահակյանը, որը Վանաձորում գործող «Սզնի» դեղատան սեփականատերն է, ուշադրություն է հրավիրում օրենքի բացերի, նրանում առկա խոչընդոտների ու տնտեսական դաշտի մենաշնորհայնության վրա, որոնց արդյունքում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, չդիմանալով խոշորների հետ անհավասար մրցակցային խաղի «վայրենի» պայքարին, դուրս են մղվում տնտեսական դաշտից:

«Դեղերի եւ բժշկական օգտագործման ապրանքների տեխնիկական պայմանների հարցում կոշտ սահմանափակումներ դնելով՝ վերացնում են մրցակցությունը. մատակարարման պահին պահանջում են 2/3 մնացորդային պիտանելիության ժամկետի առկայություն, ինչը կառավարությունը անհիմն է ընդունել, կամ տեխնիկական պայմաններում երկկոմպոնենտ եւ եռակոմպոնենտ ներարկիչների միջեւ սահմանափակում են դնում: Տեղական արտադրության լիդոկայինի 2%-անոց 2.0 մլ եւ թորած ջրի 2.0 մլ մ/մ ներարկման լուծիչների փոխարեն՝ 300% թանկ գներով 3.5 մլ լիդոկայինի 1%-անոց ամպուլային 700 դրամ են վճարում կամ պետբյուջեից ստացվող գումարները դեղերի թվաքանակի վրա են բաժանում, որպեսզի դեղի գնման գումարը չգերազանցի 1.0 միլիոն դրամը, եւ առանց մրցույթ անցկացնելու՝ ումից ուզում, ինչ գնով ուզում, այդ գնով էլ ձեռք են բերում պահանջվող դեղի խմբաքանակը»,- օրենքում առկա բացերն է վերհանում Գ. Սահակյանը:

Նա հիշում է, որ երբ Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն ներարկիչների մրցույթի հրավեր էր ուղարկել իրեն, տեխնիկական պայմաններում խիստ սահմանափակումներ մտցվեցին, ինչի պատճառով իր մասնակցությունը փաստացի անհնար դարձավ:

«Էքսկլյուզիվ իրավունքով «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն է միայն ներկրում երկկոմպոնենտ գերմանական «Բրաուն» ֆիրմայի արտադրության ներարկիչներ, որն էլ կրկնակի թանկ գներով է վաճառվում շուկայում, քան այլ գործարանների արտադրության ռետինե մխոցով եռակոմպոնենտ ներարկիչները, որոնք ունեն եւ Եվրամիության որակի սերտիֆիկատներ, եւ որակով են, եւ կրկնակի էժան: Փաստորեն, «Սզնի» ՍՊԸ-ն եւ մյուս դեղագործական ընկերությունները զրկվել են բուժհիմնարկների հայտարարած մրցույթին մասնակցելու եւ կրկնակի էժան գներով նրանց մատակարարելու իրավունքից»,- ասում է Գ. Սահակյանը:

Արդյունքում պետությունը, տարեկան մի քանի տասնյակ միլիոն ներարկիչներ գնելով եւ յուրաքանչյուրի համար տասը դրամ ավելի վճարելով, ըստ Սահակյանի, մի քանի հարյուր միլիոն դրամ չհիմնավորված ավելորդ ծախսեր է անում:

Նա ասում է, որ «Գնումների մասին» օրենքում այնպիսի միտումնավոր սողանցքներ են թողնվել, ինչի արդյունքում բյուջեն «լվացվում» է ահռելի չափերով. «Հենց այսօր ես պատրաստ եմ պետությանը միանգամից 6 հարյուր հազար հատ 2 մլ եւ 3 մլ ներարկիչներ մատակարարել՝ առավելագույնը 11 դրամ գնով, սակայն այդ շուկան փակ է՝ չնայած պետության հետ ունեմ պայմանագրեր, եւ բուժհաստատությունները պարտավոր են, համաձայն այդ պայմանագրերի, ինձ հրավեր ուղարկելու»:

Իսկ անցած տարվա դեկտեմբերի 30-ին Ոստիկանության տնտեսական վարչությունը «Սզնի» ՍՊԸ-ին հաղթող էր ճանաչել, սակայն հաջորդ աշխատանքային օրը՝ 2012թ. հունվարի 9-ին, գրավոր մերժել:

Չհուսահատվող Գառնիկ Սահակյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության դեմ, իրավիճակից դուրս գալու ելքեր էլ է տեսնում:

«Պետական գնումների ժամանակ հաղթող ընկերությունից անհրաժեշտ է պահանջել դեղի ձեռքբերման գինը հավաստող փաստաթղթեր՝ հաշիվ-ապրանքագիր, ՀՀ մաքսային մարմինների կողմից տրված մաքսային հայտարարագիր, բացի այդ, պետության կողմից պետք է տրվի թույլատրելի խելամիտ շահույթի չափ, նորմա կամ մաքսիմում հավելագին՝ այդկերպ կխուսափենք նաեւ կոռուպցիոն ռիսկերից»,- օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն է շեշետում նա:

Հակառակ դեպքում, եթե պետությունը հաշվի չնստի փոքր ու միջին բիզնեսի հարկատուի շահերի հետ, տնտեսական դաշտում առկա դեմպինգի պայմաններում փոքր ու միջին բիզնեսի շատ հարկատուներ կշարունակեն հեռանալ երկրից եւ բիզնես դնել թեկուզ հարեւան Վրաստանում:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031