«Արմավիա» ավիաընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի ներկայացուցիչները երեկ կրկին հանդիպել են եւ քննարկել օդանավակայանի ծառայությունների սակագների իջեցման հարցը: Նշենք, որ մարտի 6-ին «Արմավիան» գործադուլ էր հայտարարել՝ օդանավակայանից պահանջելով իջեցնել ծառայությունների գները: «Առավոտի» հարցին, թե արդյոք կա՞ նորություն զիջումների մասով, ավիաընկերության մամուլի ծառայությունից վստահեցրին, որ առայժմ ոչինչ պարզ չէ, եւ դեռ բանակցությունները շարունակվում են:
Ինչ վերաբերում է ավիաընկերության չվերթներին, ապա «Արմավիայից» հայտնեցին, որ չվացուցակի ոչ մի շեղում չկա, եւ ինչպես որ սահմանված է, թռիչքներն իրականացվում են:
Գործադուլի արդյունքում մի քանի ժամով դադարեցվել էին թռիչքները, որոնք վերականգնվել էին քաղաքացիական ավիացիայի միջնորդությամբ կազմակերպված կողմերի հանդիպումից հետո: Այդ բանակցությունների արդյունքում 1 շաբաթով «զինադադար» էր կնքվել «Արմավիայի» եւ «Զվարթնոցի» միջեւ: Ավելի ուշ ավիաընկերության սեփականատեր Միխայել Բաղդասարովը հայտարարել էր, որ եթե օդանավակայանը ծառայությունների գները չիջեցնի, ընկերությունը ստիպված կլինի հայտարարել սնանկացման մասին:
«Առավոտ» օրաթերթ