Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ «բարձրաշխարհիկ զրույցների», «հավատի» եւ «լավ» ընտրությունների մասին
«Հավատանք եւ փոխենք». ամենայն հավանականությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության կարգախոսը հենց սա է լինելու: Շաբաթ օրը մարզահամերգային համալիրում կայացած ՀՀԿ 13-րդ համագումարում ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր 50 րոպեանոց ելույթում քանիցս շեշտեց այդ արտահայտությունը: Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ի անցած տարիների գործունեությունը հավատալու հնարավորություն ընձեռո՞ւմ է, որ ՀՀԿ-ն ակնկալում է հանրության հավատը՝ Հայաստանում ինչ-որ բան փոխելու համար: «Եթե ՀՀԿ-ի գործունեությունը հավատ ընձեռեր, ապա չորս տարվա կառավարումից հետո կրկին հավատալու եւ վստահելու կոչեր չէին արվի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ խոսքն ի վերջո մի ելույթի մասին է, որն ունենում է երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնող մարդը եւ ոչ թե հոգեւոր առաջնորդը. «Հավատը քաղաքական կատեգորիա չէ: Ի վերջո, նաեւ պետք է բացատրվի՝ իսկ ինչո՞ւ պետք է ես հավատամ, ինչի՞ց ելնելով: Ես կարծում եմ՝ դրա հիմքերն այդքան էլ շատ չեն, եթե ուղղակի չասենք՝ իսկ ի՞նչ եք արել, որպեսզի քաղաքացին հավատա»: Սերժ Սարգսյանի բերած տնտեսական ծավալուն վիճակագրությունը քաղաքագետին չի գոհացրել. «Դա շատ վիճարկելի է, եւ ես կարծում եմ՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դրա հակահիմնավորումները լավագույնս բերեց (https://www.aravot.am/2012/03/10/47023/): Կոչ անելու մեջ ես հիմքեր չեմ տեսնում եւ չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է ունկնդրի մոտ արձագանք ունենա»:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ փոքրիկ պարբերությամբ անդրադարձավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ասաց. «Մենք պետք է լավ ընտրություններ անցկացնենք՝ անկախ այն հանգամանքից, որ ոմանք այսօր ոչ թե ընտրությունների են պատրաստվում, այլ դրանք կեղծված ներկայացնելու տեխնիկական կարողություններ են զարգացնում: Գալիք խորհրդարանական ընտրություններում մենք մեր ժողովրդի դատին ենք ներկայանալու որպես անհատ համախոհների թիմ, որը նպատակադրվել է շահել ժողովրդի վստահության քվեն եւ ձեւավորել կառավարություն»: Նախագահի հնչեցրած այս տեսակետին Ռուբեն Մեհրաբյանը հակադարձում է. «Ընտրությունները լավը կամ ոչ լավը չեն լինում: Լավ կամ վատ լինում է խաշը: Ընտրությունները լինում են ազատ եւ ժողովրդավարական: Այ, եթե ասվեր, որ ընտրությունները կեղծողները խստագույնս կպատժվեն, եւ նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր, արգելում է կեղծումները զուտ բարոյական կողմով, իսկ իրավական կողմից դա կանեն իրավապահները՝ այլ հարց: Այլապես ես չգիտեմ՝ ի՞նչ է նշանակում «լավ ընտրություն»: Ռուսաստանում էլ տեղի ունեցավ շատ լավ ընտրություն. հետո ի՞նչ: Եվ նման «լավ ընտրությունները» լուրջ վերապահումներ են ունենում»:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաեւ Հանրապետականի հասցեին հնչող քննադատություններին. «Հանրապետականին պախարակելը ոմանք դարձրել են իբրեւ թե բարձրաշխարհիկ զրույցների հիմնական թեմա», եւ անցած հինգ տարիների ընթացքում իրենց մեղադրել են գրեթե ամեն ինչում: Մեղադրանքը, ենթադրաբար, ուղղված էր Հայ ազգային կոնգրեսին, քանի որ անցած հինգ տարիների ընթացքում հենց ՀԱԿ-ն է անողոքաբար քննադատել, պախարակել ՀՀԿ-ին: Ռուբեն Մեհրաբյանի համար ընկալելի չէ քննադատությունը «բարձրաշխարհիկ զրույց» որակելը. «Մարդիկ շատ կոնկրետ հարցադրումներ ունեն ՀՀԿ-ի հետ կապված, նրա հնգամյա խորհրդարանական մեծամասնության եւ նրա նախագահի չորսամյա կառավարման տարիների վերաբերյալ: Քաղաքացիներն ասում են այն, ինչը որ մտածում են, եւ դա ոչ բարձրաշխարհիկ է, ոչ էլ»: Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2008 թվականից հետո, ի վերջո, Հայաստանի ներքաղաքական օրակարգը փաստացի չի փոխվել, եւ այն խնդիրները, որոնք եղել են ՀՀ-ի առջեւ դեռ այն ժամանակ, լուծում չեն գտել: Հանգամանք եւ իրավիճակներ են փոխվել եւ ներսում, եւ դրսում, բայց փաստացի մեր երկրում իրավիճակ չի փոխվել:
Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ միայն ուրախ կլինի, եթե ճիշտ լինեն Սերժ Սարգսյանի ասածները «Ղարաբաղը ծախելու» եւ «ցեղասպանությունն ուրանալու» մասով: Հիշեցնենք, որ նախագահը դրանք որակեց «վայքննադատության իսկական խրախճանք»: Մեհրաբյանը նաեւ հավելեց. «Պարզապես այս ժամանակահատվածում, ես, համենայնդեպս, չտեսա քայլեր, որոնք ամրապնդում են Հայաստանի դիրքերն այդ ուղղություններով եւ «Ղարաբաղը ծախելը» կամ «ցեղասպանությունն ուրանալը» դարձնում են ավելի նվազ հավանական: Ես հեռու եմ այն մտքից, որ ՀՀԿ-ականները դավաճաններ են եւ այլն, բայց այն, որ Հայաստանի ամրության պաշարը մեծացնելուն ուղղված քայլերը խիստ անբավարար են՝ փաստ է: Այսօր այնպես չէ, որ պետք է մերկացնել ընդդիմախոսների «խարդավանքները», փաստերին պետք է նայել»:
ՀՀԿ 13-րդ համագումարում ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսը իր տեսաելույթում դիմելով ՀՀԿ-ականներին՝ համոզմունք էր հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու է. «Ես դրանում միանգամայն համոզված եմ։ Եվ Դուք դա կանեք ոչ ամենեւին ձեզ համար եւ ոչ էլ ձեր կուսակցության: Դուք դա կանեք ձեր երկրի համար, քանի որ Հայաստանին անհրաժեշտ է, որ Հանրապետական կուսակցության բարեփոխումների քաղաքականությունը շարունակական լինի: Հայաստանը պետք է տեսնի, որ իր եվրոպական հորիզոնն ավելի ու ավելի է ընդլայնվում։ Եվ ՀՀԿ-ն է այդ դինամիկայի շարժիչ ուժը, որն այդքան հույսեր է ներշնչում եւ նոր հեռանկարներ ընձեռում ձեր հրաշալի երկրի ու նրա երիտասարդության համար»: Ռուբեն Մեհրաբյանը Մարտենսի ելույթը գնահատում է՝ «միմիայն աշխարհաքաղաքական, եւ պետք չէ այնտեղ այլ բան փնտրել»: Իսկ որ Մարտենսը ասում է, թե ընտրություններում ՀՀԿ-ն հաղթող կհռչակվի, Մեհրաբյանի կարծիքով՝ խոսում է այն մասին, որ ԵԺԿ նախագահը հավանաբար շատ լավ ծանոթ է Հայաստանի ներկայիս ներքաղաքական կոնյունկտուրային. «Արտառոցն այն է, որ ընտրություններից երկու ամիս առաջ եվրոպացի մի գործիչ արդեն ասում է՝ ով կհաղթի, ով՝ ոչ: Սա կարող է մի քիչ տարակուսանք առաջացնել այլ քաղաքական ուժերի մոտ, բայց դրա պատճառը ոչ թե պարոն Մարտենսի էթիկայի պակասն էր, այլ հստակ աշխարհաքաղաքական դրդապատճառ կա: Դա ԵՄ-ի արտաքին քաղաքական նպատակներով է պայմանավորված: Նպատակներ, որոնք ուղղակիորեն առնչվում են նաեւ ՀՀ-ին, Հարավկովկասյան տարածաշրջանին»: ԵԺԿ եւ «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչների ներկայությունը ՀՀԿ համագումարում Մեհրաբյանն այսպես է բնութագրում. «Յուղն ու ջուրը իրար հետ չեն խառնվում: ՀՀԿ-ի եւ նրա կողմից ղեկավարած Հայաստանի երկկենցաղ վիճակը առայժմ կշարունակվի՝ մինչեւ կհստակեցվեն ՌԴ-ԵՄ հարաբերությունները եւ այդ ուժերի հարաբերակցությունը»: Կօգնի՞ այդ չկողմնորոշվածությունը ՀՀԿ-ին առաջիկա ընտրություններում, թե՞ կխանգարի. մեր զրուցակիցը կարծում է, որ դա առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա, քանի որ հայաստանյան ընտրողին այսօր բոլորովին այլ հարցեր են հետաքրքրում. «Ես կարծում եմ, որ դա հետագայում խնդիրներ կստեղծի: Հնարավոր չէ պուտինիզմը պարանոցից կախված մտնել Եվրոպա, եւ հակառակը՝ եթե մնում ես ռուսաստանյան ազդեցության զոնայում, Եվրոպայի մասին խոսելը հենց այդ բարձրաշխարհիկ զրույցներն են»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ