Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքելությունն անիրագործելի է

Մարտ 13,2012 12:56

Մոտ երկու տարի առաջ ես հարցրեցի ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչին՝ ի վերջո որո՞նք են Աֆղանստանում վարած գրեթե 10-ամյա պատերազմի արդյունքները: Դուք հասե՞լ եք ձեր նպատակին՝ «Ալ-Քաիդա»-ն ոչնչացվա՞ծ է, թալիբները վերացվե՞լ են: Առաջին հարցին զրուցակիցս միանշանակ դրական պատասխանեց, երկրորդին, որոշ վերապահումներով՝ կրկին դրական: Այդ լավատեսական գնահատականը որոշակի հակասության մեջ է մտնում ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն Մաքքեյնի գնահատականի հետ, ըստ որի՝ «եթե Աֆղանստանը կրկին հայտնվի քաոսային իրավիճակում, որում թալիբները կրկին առավելության կհասնեն, երկիրը դարձյալ հեշտությամբ կդառնա հենակետ՝ Միացյալ Նահանգների վրա հարձակման համար» (մեջբերումն ըստ «Ազատություն» ռադիոկայանի): Նման ձեւով Մաքքեյնը բացատրում է իր կարծիքը, թե ինչու կոալիցիայի զորքերը պետք է մնան Աֆղանստանում:

Խոսակցություններն այն մասին, որ ԱՄՆ եւ մնացած զորքերը պետք է դուրս գան Աֆղանստանից, թեժացան այն բանից հետո, երբ երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ամերիկացի մի սերժանտ, գիշերը լքելով իր զորամասը, մտել է աֆղանական մի գյուղ եւ անկանոն կրակ բացել խաղաղ բնակիչների վրա, որոնք քնած էին՝ սպանելով 16 հոգու, այդ թվում՝ 9 երեխաների: Այդպիսով, ի դեպ, հերքվում է մեր որոշ մեկնաբանների պնդումն այն մասին, թե խաղաղ քնած մարդկանց կարող է սպանել «միայն թուրքը»: Այս վերջին միջադեպը հիմք տվեց ԱՄՆ-ում մեկ այլ հանրապետականի՝ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչին պնդելու, որ ամերիկացի զինծառայողներն Աֆղանստանում վտանգի են ենթարկում իրենց կյանքերը՝ «կատարելով մի առաքելություն, որն, ըստ էության, անիրագործելի է» (նույն աղբյուրի համաձայն):

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները Նյու Յորքում սպանեցին հազարավոր ամերիկացիների: «Պատասխան հարվածը» տեւում է 10 տարի, եւ այդ ընթացքում մահացել են եւս հազարավոր ամերիկացիներ: Շարունակել այդ պատերազմը՝ անիմաստ է (Նյութ Գինգրիչ), կասեցնել՝ հնարավոր չէ (Ջոն Մաքքեյն): Այդ փակուղուց դուրս գալու համար պետք է նախ հասկանալ, թե ինչու է մարդկությունն այս վիճակում հայտնվել: Գուցե իմ պատասխանը իդեալիստական հնչի, բայց ինձ թվում է՝ խնդիրն այն է, որ բոլորն իրենց հույսը դնում են բացառապես ուժի վրա: Այսպես ասած՝ ապավինում են միայն բազկին: Չհասկանալով, որը ուժը ժամանակավոր եւ պատմականորեն չափազանց հարաբերական երեւույթ է, եւ ոչ մի Ջեյմս Բոնդ իրականում չի կարող խնդիր լուծել: Իսկ ահա ամերիկացի սերժանտը, որը, հավանաբար, իրեն Ջեյմս Բոնդ է պատկերացնում, կարող է խնդիրը էապես խճճել:

Պե՞տք է արդյոք ավելացնել, որ ներքին կյանքում նույնպես (նաեւ հայաստանյան) միայն ուժի վրա հիմնված առաքելությունն անիրագործելի է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031