«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն Aravot.am-ի հետ զրույցում շատ վտանգավոր համարեց ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս հայտարարեց, թե «այսօր Հայաստանի եւ հայության դեմ աշխարհում ծավալված է լայնամասշտաբ քարոզչական պատերազմ: Այդ պատերազմը հատկապես կատաղի բնույթ է ստանում, երբ մենք հաջողություններ ենք ունենում տարբեր ոլորտներում կամ զարգացումներ են արձանագրվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ասպարեզում»:
«Դա վերին աստիճանի վտանգավոր արտահայտություն է, եւ արդյոք դա չի՞ խոսում նրա մասին, որ հայկական կողմը՝ նախեւառաջ Հայաստանը, չի կարողացել իր դիվանագիտական համակարգով, ի դեմս իր քաղաքական գործիչների, ճիշտ ներկայացնել թե Հայաստանը, թե Արցախը, չի կարողացել վերջինիս դարձնել միջազգային ամենատարբեր միջոցառումների մասնակից»,- ասաց տիկին Ալավերդյանը՝ հավելելով, թե երկրի նախագահն ավելի ինքնաքննադատաբար պետք է մոտենար այդ հարցադրումներին ու նաեւ պիտի շեշտեր, թե այդ առումով ի՞նչ նոր միջոցներով պետք է իր գլխավորած կուսակցությունը հանդես գա, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն գործած սխալները հաղթահարելու համար. «Մի բան կա, որ գործող նախագահը քայլ առ քայլ լուծում է, դա ինֆորմացիոն դաշտում որոշ հարցերի հստակ հնչեցումն է: Խոսքը վերաբերում է թե Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ցեղասպանությանը, թե Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը՝ մասնավորապես այն դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել Աղդամի շրջանում, որտեղ ադրբեջանական ուժերի կողմից սպանդ է եղել հենց ադրբեջանցիների նկատմամբ, եւ որը նրանք կոչում են «Խոջալուի դեպքեր»: Ես գովասանքի մեջ երբեք ժլատ չեմ եղել. իրոք, դա արվում է, բայց արվում է վերջին երկու տարվա ընթացքում եւ ոչ թե կուսակցական, այլ պետական մակարդակով՝ նախագահին առընթեր Հասարակական կապերի եւ տեղեկատվական կենտրոնի միջոցով»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Կարդացեք նաև