Լրահոս
Օրվա լրահոսը

Միրե Հեկան. քրդական արվեստը հայրենիքից հեռու

Մարտ 13,2012 12:20

Նկարիչ Ջամալ Աբդոն, որն արվեստի աշխարհում ճանաչվում է որպես Միրե Հեկան (MՏrՍ HՍkan)` ծնվել է 1961թ., հարավարևմտյան Քուրդիստանի Դրբեսիե քաղաքին հարող Թել Քըդըշ գյուղում: Մեծանալով թուրքսիրիական սահմանին` ամեն օր ականատես է լինում իր հայրենիքի մասնատմանը: 1980թ. դպրոցն ավարտելուց հետո` 1981թ. Միրե Հեկանը մեկնում է Գերմանիա: Այստեղ ընդունվում է FH-Aachen համալսարանը: Ուսման կարիքները հոգում է գերեզմաններ փորելով ու ճաշարաններում սպասք լվանալով: 1988թ. ավարտում է համալսարանը: Ուսմանը զուգընթաց` զբաղվում է նաև թատերական ու ռեժիսորական գործունեությամբ: Երկար ժամանակ գործում է նաև բալետի ու ջազի ոլորտում և հաջողություններ ունենում: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո շատ ոլորտներում է աշխատում, իսկ հիմնականում` զբաղվում է գերմանական WDR և ARD հեռուստաալիքների դեկորների ու պաստառների պատրաստմամբ:

Ժամանակակից արվեստը Միրե Հեկանի կյանքում կարևորագույն դեր է խաղում: Նա իր մտքերը մեծ ուժով ու սիրով կիրառում է իր արվեստի գործերում և իր` հավկիթի կեղևով պատրաստված ժամանակակից կտավները «Քրդական արվեստը հայրենիքից դուրս» անվամբ ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում:

– Պարոն Աբդո, Հայաստան աշխարհից ողջունում եմ Ձեզ և Ձեր արվեստը: Միրե Հեկանին, ով ողջ աշխարհում ճանաչվում է որպես քուրդ մեծ նկարիչ, ցավոք, Հայաստանում ծանոթ չեն: Խնդրում եմ, պատմեք. ի՞նչ էր երազում Միրե Հեկանը մանկության տարիներին և ինչպե՞ս սկսեց նկարչությամբ զբաղվել:

– Շատ շնորհակալ եմ: Հայաստանյան ժողովրդին սիրով ողջունում եմ:

Բազմաթիվ այլ քուրդ երեխաների նման իմ մանկությունն էլ անցավ Բընխեթում (Արևմտյան Քուրդիստան)` սահմանի վրա: Մանկությանս տարիներին տեսա հայրենիքի մասնատում, աղքատություն, վախ, գաղթ, պայքար, մի կողմում` քուրդ լինելը, մյուսում` առօրյա գյուղական կյանք, այգիներում ու արոտավայրերում մանր ընտանի կենդանիների խնամք. գառ, ուլիկ, ճուտիկներ… 5 տարեկանում իմացա, որ քուրդ եմ` արգելված եմ: Նկարել սկսել եմ միայն երիտասարդ տարիքում:

Ձեր արվեստը ճանաչելիս` առաջին հարցը, որ ծագում է. «Ւնչո՞ւ հավկիթ» Ողջ աշխարհում դուք միակ արվեստագետն եք, ով հավկիթի տարբեր տեսակի կիրառմամբ արվեստի գործեր է ստեղծում: Համաշխարհային նկարչության պատմության մեջ կա Ձեր արվեստի նախատիպը, թե՞ ոչ:

– Ինչո՞ւ ՈՉ հավկիթը:

Հավկիթը ես եմ, դու ես, նրանք են, մենք ենք. մենք բոլորս էլ հավկիթից ենք առաջացել: Այն կյանքի խորհրդանիշն է:

Ցանկացած գործ, եթե ցանկանում ես հաջողության հասնել, ապա պետք է անես այնպես, որ տարբերվես բոլորից. չկրկնվես: Եթե գնաս շուկա և ուզենաս մի բան վաճառես, ապա պիտի վաճառես այն, ինչը ոչ մեկի մոտ չկա: Ես էլ մի խորհրդանիշ էի փնտրում, որով կարարեմ իմ արվեստը: Եվ հիշեցի մի բան. երբ փոքր էի, գնում էի մեր հավանոց ու մորս համար ձու էի բերում: Երբ նայեցի հավկիթի փիլիսոփայությանը. հավկիթը Հիսուս Քրիստոսից շատ առաջ Եզդիական կրոնում էր կյանքի խորհրդանիշը: Այն առայսօր էլ շարունակվում է եզդիների մոտ: Գարնան սկզբին իրենց տոնին սոխի կեղևի մեջ եռացնում են հավկիթները, կարմիր ներկում և տալիս երեխաներին: Սա էլ ցույց է տալիս հավկիթի սրբությունը: Ընտրեցի հավկիթը, որովհետև այն ինձ համար շատ իմաստներով հագեցնում է արարելու, ստեղծագործելու ծարավը:

Ոչ: Մինչև հիմա չեմ լսել կամ տեսել մեկին, որ հավկիթի կեղևից այս ոճով ստեղծագործի:

– Ինքս եզդի քուրդ եմ: Ձեր մեկնաբանումն ինձ հետաքրքրեց: Արդյոք Միրե Հեկանն է՞լ է եզդիական կրոնի հետնորդ:

– Ի սեր Աստծո: Որքան Եզդիական կրոնն եմ սիրում, որևէ այլ կրոնից չեմ սիրում: Ես, որպես մարդ` հարգանք եմ տածում բոլոր կրոնների հանդեպ: Բայց իմ էությամբ «կոսմոպոլիտ» եմ, այսինքն` կրոնների վերաբերյալ այլ տեսակետ ունեմ: Ես կրոնին նայում եմ որպես հասարակական մշակույթի: Իսկ ծնողներս մահմեդական էին: Մեր ընտանիքում հայեր էլ են եղել:

– Որքան գիտեմ՝ «Միրե Հեկան» կեղծանունն էլ իր պատմությունն ունի:

«Միրե Հեկան» կեղծանունը Ջալիլե Ջալիլն (ծագումով` հայաստանցի) է ինձ տվել: Ինքն էլ, լսելով իմ մասին` եկել էր հարցազրույց վերցնելու: Ես էլ նրան չէի ճանաչում: Երբ զրուցեցինք, ճանաչեցինք մեկս մյուսին` ասաց. «Մի հրաշք անուն ընտրեցի քեզ համար՝ Միրե Հեկան»: Ասացի. «Աչքիս վրա»: 20 տարի առաջ Գերմանիայում հայաստանցի դոկտոր պրոֆեսոր Ջալիլե Ջալիլն ինձ տվեց «Միրե Հեկան« կեղծանունը, ես ել սիրով ընդունեցի:

Ցանկացած արվեստագետ ստեղծագործում է, ստեղծագործում և մի գործ է երևակայում, որը կդառնա իր արվեստի գլուխգործոցը: Միրե Հեկանն ունի՞ այդ կտավը, թե՞ դեռ երևակայում է:

– Արվեստիս գործերը ծնվում են իմ մտքերից ու երևակայությունից` բազում թեմաներով, բայց ճշգրտորեն ու օրինաչափորեն, քանի որ արվեստիս լեզուն աչքի լեզուն է. միջազգային լեզուն: Ես լսում ու հետևում եմ միայն իմ զգացմունքներին ու մտքերին: Ստեղծագործում եմ իմ ներսում ունեցածով: Մնացած ամեն ինչ ինձ համար սուտ է ու անիմաստ:

– Ձեր կտավները մասնակցե՞լ են մրցույթների: Ցուցահանդեսով առայսօր որտե՞ղ եք ներկայացել:

– Չէ: Կտավներս չեմ ներգրավվում մրցույթներին. ափսոս չե՞ն: Իսկ ցուցահանդես ունեցել եմ Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և շատ այլ երկրներում: Քուրդիստանում մինչև այսօր ցուցահանդես բացել եմ միայն Ամեդում: Իսկ կտավներիս վիրտուալ ցուցահանդեսը կարող են տեսնել ու գնահատել www.mirhek.com կայքի միջոցով, որը հասանելի է բոլորին:

– Որպես հոգեբան` չեմ կարող չհարցնել: Ո՞ր հոգեվիճակն է ավելի մեծ խթան և ուժ հանդիսանում արվեստի ստեղծագործության համար. թախիծն ու միայնությու՞նը, թե՞ երջանկությունն ու կյանքով բավարարվածությունը: Ո՞ր հոգեվիճակում ստեղծած Ձեր գործերն եք ավելի շատ սիրում:

– Արվեստիս մեջ արտահայտված բոլոր հոգեվիճակներից էլ սիրում եմ: Նամանավանդ, երբ նյութերն ու գույներն իրենց իմաստով կռվում են իրար դեմ:

Տաք ու սառը, մուգ ու լուսավոր գույները, դրական ու բացասական խորհրդանիշները և երբեմն էլ բոլորը միասին տեսք են առնում ու գույների պայքար ստեղծում:

– Արդեն 30 տարի ապրում և ստեղծագործում եք հայրենիքից հեռու: Ձեր արվեստի մեջ որքանո՞վ է արտացոլվում սերն ու կարոտը հայրենիքի նկատմամբ:

– Կարևորագույն տեղ է զբաղեցնում. կապված է իմ լինել-չլինելու հետ, ես որտեղ եմ աշխարհ եկել և ուր եմ գնում, իմ ու հավկիթի հիշողությունները, մեր` միմյանց ճանաչելը: Եթե իմ հայրենիքը Քուրդիստանը չլիներ, ապա իմ արվեստն էլ սա չէր լինի:

– Երբ Միրե Հեկանը նայում է իր կտավներին, ի՞նչ է զգում, ի՞նչ է տեսնում: Որպես սովորական դիտո՞ղ, թե՞ որպես տեր եք գնահատում այն:

– Ինչպես հայելուն եմ նայում ու ինձ տեսնում. իմ հայացքներով, մտքերով, գոյությամբ, ցավով, սիրով, ցանկություններով… ու հիշողություններով:

– Որպես քուրդ արվեստագետ ու նկարիչ` կարո՞ղ եք նշել քրդական արվեստի առանձնահատկությունները համաշխարհային արվեստի մեջ:

Գուցե կարողանամ նշել իմ արվեստի առանձնահատկությունները, բայց քրդական արվեստինը… Կարծում եմ, որ քրդական արվեստը համաշխարհային արվեստի մեջ դեռ իր ինքնության փնտրտուքների մեջ է: Ցավոք, քրդերի մշակույթը շատ է գողացվել բռնակալների կողմից, ներկայացվել ու ծախվել է այլ անվան ու ինքնության տակ:

Հարցազրույցը` ՄԱՐԻՆԵ ՀՍՈՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031