Ի պատասխան 2012 թվականի մարտի 12-ին ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության, հայտարարում ենք`
Մաշտոցի պուրակում իրականացվող կառուցապատումը անօրինական է եւ հակասում է այդ վայրի` հանրային այգու, նպատակային նշանակությանը: Շինարարությունն իրականացվում է առանց հաշվի առնելու հանրային տարածքի սեփականատերերի` հասարակության, կարծիքը, չնայած օրենքը պահանջում է այդ բնույթի աշխատանքներ իրականացնելուց առաջ անցկացնել հասարակական լսումներ եւ հաշվի առնել հանրության կարծիքը: Այս գործընթացի արդյունքում հերթական անգամ կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ, Օրհուսի կոնվենցիայով եւ մի շարք այլ իրավական ակտերով սահմանված մարդու հիմնարար իրավունքները: Որքան էլ պետական տարբեր պաշտոնյաների համար անհասկանալի ու խորթ չհնչի, սակայն հասարակության անդամներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց հանրային սեփականությունը բոլորից, այդ թվում` վարչական մարմինների անօրինական գործողություններից: Ոստիկանության փաստարկները, որ հարցը կարող է լուծվել ՀՀ վարչական դատարանի միջոցով, ամբողջությամբ առարկայազուրկ են եւ չեն բխում հանրային իրավունքների պաշտպանության վերաբերյալ ձեւավորված դատական պրակտիկայից:
2001 թվականին Հայաստանը վավերացրել է Օրհուսի կոնվենցիան, որը նախատեսում է շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացմանը հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության իրավունքներ: ՀՀ Սահմանադրության 6-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածների ուժով Օրհուսի կոնվենցիան Հայաստանի տարածքում գործում է անմիջականորեն: Չնայած այս նորմերին` հանրային իրավունքների պաշտպանությանը վերաբերող դատական նախադեպերը վկայում են, որ հասարակությունը լիովին մեկուսացվել է որոշումների կայացման գործընթացից եւ կայացված անօրինական որոշումները դատարանում բողոքարկելու հնարավորությունից: Այդ մասին են վկայում Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ Երեւանի Ուսանողական այգում իրականացվող շինարարության դեմ ՀՀ քաղաքացիների ներկայացրած դատական հայցերին տրված ընթացքը: Ինչպես Թեղուտի (գործ` ՎԴ/3275/05/09), այնպես էլ Ուսանողական այգու (գործ` ՎԴ/3432/05/10) պարագայում ՀՀ վարչական եւ վճռաբեկ դատարանները իրավական դիրքորոշում են հայտնել, որ «… վարչական դատարան դիմելով արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են», «ՀՀ օրենսդրությամբ դատարան դիմելու իրավունք նախատեսված է միայն այն անձանց համար, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են»: Այսպիսով, ՀՀ դատական ատյանները վարույթ չեն ընդունում եւ քննության չեն առնում հանրային շահերի պաշտպանության համար քաղաքացիների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացրաց հայցերը: Այսպիսի պայմաններում հասարակությունը զրկված է իր իրավունքների դատական պաշտպանությունից եւ ստիպված է ձեռնարկել հանրային իրավունքների ինքնապաշտպանության միջոցներ:
Մաշտոցի պուրակում իրականացվող անօրինական շինարարության դեմ հասարակության անդամների գործողությունները չեն կարող դիտվել որպես ինքնիրավչություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 8-րդ կետը որպես քաղաքացիների իրավունքների պաշտպանության եղանակ է դիտարկում իրավունքների ինքնապաշտպանությունը: Այդպիսի իննապաշտպանության ձեւերից մեկն է հանրային սեփականությունը վարչական մարմինների անօրինական որոշումներով իրականացվող ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ազատ է կատարել այն, ինչն արգելված չէ օրենքով»: Որեւէ օրենքով արգելված չէ, որ հասարակությունը իր հանրային սեփականության իրավունքը պաշտպանելու համար ստեղծի ինքնակազմակերպման մարմիններ, այդ թվում` հասարակական հիմունքներով գործող «Քաղաքացիական արդար եւ անկախ դատարան»: Եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի 22 փետրվարի 2002թ. ՍԴՈ-350 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունը ոչ թե օրենքի (ստատուտի), այլ իրավունքի գերակայության երկիր է: Օրենքը, այդ թվում` վարչական ակտերը, չպետք է խախտեն Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու իրավունքներն ու ազատությունները:
Մաշտոցի այգում ընթացող միջոցառումները «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի իմաստով չեն կարող դիտվել որպես «հավաք», քանի որ մարդիկ այնտեղ չեն հավաքվում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Դա մեր բոլորի հանրային սեփականությունն է, որտեղ, Սահմանադրության 25-րդ հոդվածի ուժով, ՀՀ տարածքում օրինական հիմունքներով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու եւ օրենքով չարգելված ցանկացած միջոցառում իրականացնելու իրավունք:
Մաշտոցի պուրակում իրենց հանրային սեփականության իրավունքը պաշտպանող քաղաքացիները ուրեւէ այլ անձի կամ կենդանու նկատմամբ երբեւէ բռնություն չեն կիրառել եւ բռնություն կիրառելու կոչեր չեն արել: Ընդհակառակը, բազմաթիվ առիթներով նշել են, որ միջոցառումները կրում են խաղաղ բնույթ եւ իրականացվում են անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ սահմանադրականության սկզբունքների շրջանակներում: Ինչպես բազմիցս հայտարարել են քաղաքապետարանի զանազան չինովնիկներ, խնդրո առարկա կրպակները համարվում են համայնքի սեփականությունը: Հետեւապես, այդ գույքը եւս պատկանում է համայնքի անդամներին, քանի որ ձեռք է բերվել նրանց կողմից վճարված հարկերի հաշվին:
Ինչ վերաբերում է միջոցառման մասնակիցների նկատմամբ ոստիկանության հնարավոր գործողություններին, ապա հայտարարում ենք, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին պարտավոր է ենթարկվել յուրաքանչյուր ոք, սակայն այդ պահանջները պետք է հիմնված լինեն ոչ թե ձեւական օրենսդրական ընթացակարգերի վրա, այլ առաջնորդվեն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` մարդու եւ քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության եւ կամայականության արգելքի սկզբունքներով:
Ի պատասխան այն պնդումը, թե ոստիկանությունը լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված շինարարակական թույլտվության իրավաչափությունը, հիշեցնում ենք, որ ոստիկանության ոստիկանության հիմնական առաքելությունն է մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Առանց իրավաչափության պայմանների հիմնավորման քաղաքապետ Տ.Մարգարյանի կամ որեւէ այլ սուբյեկտի անօրինական որոշումների կատարումն ապահովելով` ոստիկանությունը օբյեկտիվորեն չի կարող կատարել «Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածով իրեն վերապահված պարտականությունները: Այն է` մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել եւ բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները: Այսպիսի գործելաոճով ոստիկանությունը հանդես է գալիս ոչ թե որպես իրավապահ մարմին, այլ բռնաճնշումների համար նախատեսված կույր գործիք, որն անքնին կերպով պարտավոր է իրականացնել ցանկացած անօրինական, անգամ հանցավոր հրահանգներ:
Այս կապակցությամբ ոստիկանությանը հորդորում ենք առավել ուշադիր ուսումնասիրեն ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածով արտահայտված դրույթները, որոնց համաձայն` «Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով: Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»: Տարբեր տրամաչափի չինովնիկների անօրինական որոշումները կատարելուն ուղղված` ոստիկանության ծառայողների գործողությունները անխուսափելիորեն հանգեցնելու են ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով սահմանված հանցագործությունների կատարման, քանի որ անօրինական որոշումների իրականացումն ապահովելը անհամատեղելի է ոստիկանության կոչման եւ նրա գործունեության նպատակների ու սկզբունքների հետ, անխուսափելիորեն հանգեցնելու է մարդու իրավունքների խախտումների:
Մաշտոցի պուրակում անօրինական կարգով տեղադրված կրպակների ապամոնտաժումը հասարակական կարգի կամ հասարակության անվտանգության խնդիրներ չի առաջացնում: Իրականացվող բոլոր գործողությունները գտնվում են բացառապես քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտում: Հետեւապես, տվյալ պարագայում ոստիկանության միջամտության անհրաժեշտություն եւս չկա, եւ ոստիկանությունը չի կարող «հասարակական կարգի պահպանության» պատրվակով արդարացնել իր կողմից իրականացվող հնարավոր բռնությունները: Ոստիկանությանը կոչ ենք անում չմիջամտել իրենց հանրային սեփականությանը տեր կանգնող քաղաքացիների գործողություններին: Բավարար իրավական հիմքերի առկայության դեպքում համապատասխան կառույցները կարող են դատական հայց ներկայացնել եւ պահանջել իրենց պատճառված «վնասի» հատուցում: