Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականի պատասխանը Բագրատյանին. տիտղոսներովդ որեւէ մեկին չես զարմացնի

Մարտ 13,2012 11:53

Հատվածներ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ «բաց նամակի» ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանի մեկնաբանություններից:

« Հարգելի՛ս, կուսակցության համագումարում նախագահի հաշվետվությունը բարձր մակարդակի տնտեսագիտական համաժողովի նյութ չէ, որ համափարփակ վերլուծություն ներկայացվի գնաճի, դոլարի արժեզրկման, տնտեսական զարգացումները բնութագրող այլ միտումների վերաբերյալ։

Նույն Բագրատյանը 2009թ. կանխատեսում էր, որ տարեվերջին դոլարի փոխարժեքը հասնելու է 800-900 դրամի, թոշակները, աշխատավարձերը չեն վճարվելու, ուսանողները չեն կարողանալու հոգալ իրենց կրթության ծախսերը եւ այլն։ Այդ կանխատեսումներից ո՞ր մեկն է իրականացել։ Ո՛չ իր վարչապետության շրջանում, ոչ մեր ժամանակներում նրա որեւէ կանխատեսում չի արդարացել։
Նամակ-վերլուծության տակ շարած տիտղոսներով` տնտեսագիտության դոկտոր, մի շարք համալսարանների պրոֆեսոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս եւ այլն, որեւէ մեկին չի զարմացնի, որովհետեւ մենք տեսել ենք իր գործունեությունը, այնպես որ, լավ կլիներ` երկրեերկիր համացանցով որոնողական աշխատանքներ եւ անտեղի համեմատություններ անելու փոխարեն վերջին տարիների զարգացումները համեմատեր հհշական պանծալի կառավարման տարիներին արձանագրված թվերի եւ ցուցանիշների հետ։ Բնական է, որ համեմատության ոչ մի եզր չի կարող լինել` ուղղակի խայտառակ բան կստացվեր։
Հասկանում եմ, որ պարոն Բագրատյանը իրեն պետք է հասցեատեր զգար, եւ պատասխանելով հանրապետության նախագահին` նաեւ որոշակիորեն փորձում է շեղել հանրության ուշադրությունը հենց իր վարչապետության տարիներից։

… Նույն Բագրատյանն ասում է, որ վերջին 5 տարիներին Հայաստանում աղքատությունը խորացել է։ Իհա՛րկե խորացել է։ Իսկ մենք երբեւիցե դա հերքե՞լ ենք` չենք հերքել։  Բայց ֆինանսատնտեսական ճգնաժամը ի հայտ բերեց մեկ այլ իրողություն` որ մեր ֆինանսական համակարգը բավական կայուն է։ Իրականում մենք, այո, կարողացել ենք ապահովել այդ կայունությունը, հակառակ դեպքում նորից կհայտնվեինք 90-ականների «փոսում», երբ ճգնաժամը հարվածեց առաջին հերթին հենց բանկային համակարգին, եւ դրամը արժեզրկվեց ոչ թե 50 կամ 100, այլ 1000 տոկոսով։ Այդ ժամանակ, բնականաբար, որեւիցե մեկը գումար չէր ներդնի բանկերում։

Այսինքն` մեծացել է բնակչության վստահությունը բանկային համակարգի նկատմամբ. ավանդների ծավալի աճը, կարծում եմ, նախեւառաջ, սրանով է պայմանավորված` մարդիկ, նախ, հավատում են ֆինանսական համակարգի կայունությանը, երկրորդ` կամաց-կամաց հրաժարվում են «բարձի տակ» փող պահելու ավանդույթից»:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ» 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031