Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 5։30-ի սահմաններում Քաջարան քաղաքի բնակիչ, 44-ամյա Գառնիկ Թադևոսյանի վարած BMW X5 մակնիշի 55 ՏՍ 033 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 80 կմ հատվածում /նախկին Քյարքի գյուղի ոլորաններում/ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր մի քանի պտույտ շրջվելով՝ մոտ 200 մ հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդն ու ողևոր, Քաջարանի բնակիչ, 29-ամյա Գարիկ Հայրապետյանը տեղափոխվել են Արարատի քաղաքային հիվանդանոց։ Ըստ բժիշկների՝ նրանց առողջական վիճակը կայուն է։
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2–րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքի քննիչ էդգար Խաչիկյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ձորից պետք է դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Արարատի բաժնի տուգանային հրապարակ։