Լրահոս
Օրվա լրահոսը

Նախքան «Արծիվները» Ասրյանը ստեղծել էր «Գայլախումբ»

Մարտ 13,2012 11:26

Հատվածներ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի հետ հարցազրույցից:

Ինչպե՞ս սկսեցիք Ձեր հայրենասիրական գործունեությունը։

– Բանակից վերադառնալով՝ ականատես եղա ազգային-ազատագրական պայքարի վերելքին, սկսեցի լրջորեն ուսումնասիրել Գարեգին Նժդեհի ուսմունքը։ 1991-ին ստեղծեցի «Նժդեհյան գայլախումբ» անվամբ 16-18 տարեկան պատանիներից կազմված մի ջոկատ եւ Հալիձորի անտառներում նրանց հետ սկսեցի անցկացնել պարապմունքներ։ Իմ համեստ ներդրումն եմ ունեցել նաեւ Արցախյան գոյամարտում։ Իսկ 1995-ից Կապան քաղաքում սկսեցի ծավալել հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն։ 2002-ին հիմնադրեցի «Սյունյաց արծիվներ» երիտասարդական կազմակերպությունը։

Մի դեպքում ստեղծում եք գայլախումբ, մյուս դեպքում՝ արծիվներ։ Ինչո՞ւ արծիվներ:

– Արծիվն ինձ համար հպարտության, հզորության, ազնվության եւ մաքրության խորհրդանիշ է, նա բնության սանիտարն է։ Պարզապես, արծիվն ինձ հոգեհարազատ թռչուն է։ Այդ տարիներին Սյունիքի մարզում կառույցն ակտիվ գործունեություն ծավալեց՝ օրեցօր իր շարքերում ընդգրկելով նոր պատանիների ու երիտասարդների. նրանց թիվը հասավ 8000-ի։ «Սյունյաց արծիվները» ակտիվ մասնակցություն ունեցավ հատկապես 2002– 2007 թթ. համապետական եւ ՏԻՄ ընտրություններին։

Ի դեպ, Ձեր եռամիասնության արժեհամակարգը վերածել եք քառամիասնության, այն է՝ «Հայոց պետականություն, Ազգային բանակ, Հայոց նախագահ, Մեծագույն հայրենասեր Սերժ Սարգսյան»։ Չե՞ք կարծում, որ դրանով Ձեր արծիվներին պարտադրում եք անձի պաշտամունք։

– 2010-ից սկսած մեր որդեգրած կարգախոսը վերաբերում է Սերժ Սարգսյանին, իսկ նախագահական ժամկետը լրանալուց հետո՝ հաջորդ նախագահներին։ Ինչ վերաբերում է քառամիասնությանը, ապա Խաչիկ Ասրյանի համար Սերժ Սարգսյանը մինչ հավերժություն մնալու է որպես պաշտամունքի անձ։ Ուզում եմ մեկընդմիշտ այս հարցին վերջակետ դնել։ Ասրյանի տեսակը նվիրյալ տեսակ է, ու Սերժ Սարգսյանին պաշտում եմ ոչ նրա համար, որ նա այսօր նախագահ է կամ ես՝ փոխնախարար, ինձ մոտ այդ պաշտամունքը ձեւավորվել է դեռ 1990-ականներից։ Ուզում եմ, որ սա բոլորը հասկանան։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի շարունակությանը, ապա իմ արծիվներին ներարկում եմ ոչ թե անհատապաշտություն, այլ առաջնորդապաշտություն։ Ազգի առաջմղիչն ազգի առաջնորդն է, իսկ ես կցանկանայի, որ հայ ժողովուրդն առաջնորդապաշտ լինի: Վստահեցնում եմ, որ ուժեղ պետության հիմքը դա է։

Պարոն Ասրյան, ի՞նչ եք զգում, երբ Ձեզ համեմատում են Հիտլերի հետ։

– Զզվանք եւ նողկանք, հատկապես նրանց հանդեպ, ովքեր անտեսանելի դեմքերով, ստրուկների հոգեբանությամբ փորձում են ինձ նմանեցնել Հիտլերին։ Հիասթափեցնեմ այդ լպրծուն սողուններին, որ ես ո՛չ արտաքինով, ո՛չ մտածելակերպով, ո՛չ էլ կատարած գործունեությամբ նման չեմ 30-ականների Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերին։ Ավելացնեմ նաեւ, որ իմ հայրենանվեր գործունեությունը, մանավանդ մարտի 4-ից սկսած, անհայրենիք, դավաճանի մտածելակերպով ապրող մարդկանց մեջ ահ ու սարսափ մտցրեց՝ դեպի իրենց կողմից ապագայում դավաճանական գործողություններ հայրենիքի հանդեպ։

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Հայացք» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031