Լրահոս
Օրվա լրահոսը

Գեոթիմը Ջերմուկի զարգացման կենտրոնի կազմակերպած «քննարկմանը» չի մասնակցում

Մարտ 13,2012 10:49

“Գեոթիմ” ՓԲԸ-ն տեղեկացել է, որ «Ջերմուկի զարգացման կենտրոն» կազմակերպությունը մարտի 13-ին Ջերմուկ քաղաքում կանցկացնի “Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա” անվանումը կրող քննարկումը: Մասնակիցների թվում նշված է նաեւ “Գեոթիմ” ընկերության անանուն ներկայացուցիչը: Զարմանալի է, որ քննարկման մնացած բոլոր մասնակիցների անուն-ազգանունները նշված են:

Մեր «անանուն» լինելու փաստը բացատրվում է նրանով, որ“Գեոթիմ” ՓԲԸ պաշտոնապես չի հրավիրվել մասնակցելու այդ քննարկմանը: Մարտի 9-ի (որն, ի դեպ, աշխատանքային օր չէր) ընկերության աշխատակիցներից մեկին  է զանգահարել նախաձեռնողների ներկայացուցիչը` բանավոր առաջարկելով մասնակցել քննարկմանը: Մի կողմ թողնենք այն փաստը, որ նման «հրավերը» չի կարելի պատշաճ անվանել: Առավել հետաքրքրականն այն է, որ մեր աշխատակցին զանգահարելուց ժամեր առաջ քննարկման կազմակերպիչներն արդեն իսկ ԶԼՄ-ներին ուղարկել էին այն լուսաբանելու առաջարկն ու օրակարգը, որտեղ նշվում էր, թե ժամը 14:00-ին հանդես է գալու “Գեոթիմ” ՓԲԸ ներկայացուցիչը:

“Գեոթիմ” ՓԲԸ-ն այսօրվա քննարկմանը չի մասնակցելու, քանի որ չի ստացել պաշտոնական ու պատշաճ ձևակերպված հրավեր: Բացի այդ, մեր ընկերությունը հայտնվել է մասնակիցների թվում` առանց նախապես տեղեկացվելու այդ մասին:

“Գեոթիմ” ՓԲԸ-ն երբեք չի խուսափել հանրային քննարկումներից: Մեր ընկերությունը կանոնավոր քննարկումներ է անցկացնում Ամուլսարի հանքավայրին հարակից երեք համայնքներում` Գորայք, Սարավան ու Գնդեվազ:  Վերջին նման քննարկումը կայացել է երեկ, մարտի 12-ին:

Մենք բազմիցս նշել ենք, որ տեղական ու արտասահմանյան փորձագետների ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ “Գեոթիմ” ՓԲԸ-ի գործունեությունը չի կարող որեւէ բնապահպանական կամ այլ վնաս հասցնել Ջերմուկին: Այդ ուսումնասիրությունների արդյունքները հասանելի են մեր կայքում, եւ մենք պատրաստ ենք քննարկել դրանք հանրության հետ: Սակայն համոզված ենք, որ ցանկացած քննարկում պետք է հետապնդի ճշմարտությունը բացահայտելու ու միմյանց լսելու նպատակներ: Հիմքեր ունենք պնդելու, որ «Ջերմուկի զարգացման կենտրոն» կազմակերպության կողմից նախաձեռնած «քննարկման» նպատակները բոլորովին այլ են:

Վերջում հիշեցնենք, որ Գեոթիմ ընկերությունը առաջարկել է Ջերմուկի իշխանություններին աջակցություն ցուցաբերել տուրիստական ենթակառուցվածքների զարգացման գործում: Մասնավորապես, դեռ ս.թ. հունվարին Ջերմուկի քաղաքապետին գրավոր առաջարկել ենք դահուկային վազքուղու կազմակերպման նպատակով հրավիրել արտասահմանցի լավագույն մասնագետների: Ջերմուկի քաղաքապետն, ով այսօրվա քննարկման մասնակիցներից է, մինչ այս պահը այդ առաջարկին որեւէ կերպ չի արձագանքել:

 

«Գեոթիմ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031