Մարտի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ 13-րդ համագումարը։ Համագումարի մասին արդեն մի քանի օր է՝ գրվում է, բայց կցանկանայինք ներկայացնել մի քանի նկատառումներ։
ՀՀԿ վերնախավն իր փայլուն հաջողությունը կարող է համարել այն, որ համագումարում հնչեցին ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի ողջույնի խոսքերը։ Սա մեկնաբանվում է այնպես, որ ՀՀԿ-ն եւ նրա նախագահը հաջողությամբ վարում են կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն, որի արդյունքում իրենք ընդունելի են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արեւմուտքում։
Արդեն 13 տարի, սկսած 1999թ. խորհրդարանական ընտրություններից, ՀՀԿ-ն համարվում է կառավարող կուսակցություն։ Եվ այդ ժամանակը բավարար էր, որպեսզի կուսակցությունը հասնի բրեժնեւյան ժամանակաշրջանի դասական ճահճացմանը։ ՀՀԿ գործադիր մարմինն անընդհատ մեծանում է եւ ուռճանում։ Եթե նախորդ անգամ այն կազմված էր 14 անձանցից, ապա այժմ ավելացավ ամբողջ 5 հոգով։ ՀՀԿ-ին հրաժեշտ տվեց Հարություն Փամբուկյանը, իսկ այն համալրեցին Սամվել Նիկոյանը, Տարոն Մարգարյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը եւ Հերմինե Նաղդալյանը։ Ճիշտ է, ՀՀԿ գործադիր մարմինը համալրվեց հիմնականում երիտասարդներով, սակայն այդ փաստը ոչ մի կերպ չի խախտի ՀՀԿ-ական ճահճի անդորրը։ Ընդլայնվեց ՀՀԿ քաղխորհրդի կազմը՝ 105-ից դառնալով 135: Հասկանալի է, որ ՀՀԿ-ն դարձել է բյուրոկրատիայի եւ չինովնիկության կուսակցություն, եւ այդ խավի առավել կարկառուն ներկայացուցիչները ձգտում են իրենց արժանի տեղն ունենալ իշխանության կուսակցության բարձրագույն մարմիններում։
Կարդացեք նաև
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«Հրապարակ»