Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորյան եթերում նախընտրական քաղաքական գովազդ չի լինի

Մարտ 13,2012 09:55

Սամվել Հարությունյանը «Միգ»-ի ստուդիայում

Ըստ  MEDIA.am-ի, Վանաձորում գործող հեռուստաընկերություններից ոչ մեկը չի սահմանել ապրիլի 8-ից մեկնարկող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի սակագին:

Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանն ասում է, որ քաղաքական գովազդ հեռարձակելն իրենց ֆինանսապես ձեռնտու չէ: «Գործող օրինակարգով երբ հաշվարկներն անում ենք, եկամտաբերություն համարյա թե չկա»,-ասում է Սամվել Հարությունյանը:

Ըստ Ընտրական օրենսգրքի`վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա ընթացքում առևտրային գովազդի միջին գինը և չի կարող փոփոխվել մինչև քարոզչության ավարտը:

«Եթե մեկ րոպեի գովազդի միջին գինը վերջին 6 ամսվա ընթացքում 1000 դրամ է, մեկ ժամ քաղաքական եթերը պետք է վաճառես 60 հազարով: Իսկ ուղիղ եթերին մոտավորապես 5-6 աշխատող պետք է պարտադիր մասնակցի: Այդ 60 հազարը պետք է բաշխվի աշխատողների միջև: Նրանց աշխատավարձը, մեկ ժամվա ծախսված էլեկտրաէներգիան և մյուս ծախսերը գումարելով` գնային ոչ ճիշտ հարաբերակցություն է ստացվում»,- բացատրում է «Միգի» տնօրենը:

Նա հաշվարկել է եւ որոշել է քաղաքական գովազդ չհեռարձակել։  Հարությունյանը հերքում է խոսակցությունները, թե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է (ՀՌԱՀ) հրահանգել մարզային հեռուստաընկերություններին նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի սակագին չսահմանել:

«Շատ լավ համագործակցում ենք ՀՌԱՀ-ի հետ, վերջինս հիշեցումներ է անում բոլոր օրենքների և օրինակարգերի հետ կապված, որոնք առնչվում են հեռուստաընկերությունների գործունեության հետ»,- ասում է «Միգ»-ի տնօրենը:

«Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը նույնպես նշում է, որ նախընտրական քարոզարշավին չեն մասնակցելու, քանի որ եթերի համար բարձր գին չէին կարող սահմանել։ Նա ասում է, որ «Ֆորտունայի» առևտրային գովազդի գինն առայժմ ցածր է`դրանով վճարովի քաղաքական եթերաժամի եկամտաբեր գին հաշվարկելու եւ հայտարարելու համար:

Վանաձորի երրորդ՝ «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը գերադասեց զերծ մնալ  նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մասին մեկնաբանություններից:

Ադրինե Թորոսյան, Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031