Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյանն իր ընտրողների համար հիմա էլ ջայլամ կբազմացնի

Մարտ 12,2012 23:32

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է այս անգամ վերընտրվելու դեպքում իր ընտրատարածքում` Ամասիայում ու Աշոցքում ջայլամի գործ դնել: Այս մասին պատգամավորն այսօր լրագրողներին հայտնեց Գյումրու դրամատիկական թատրոնում` բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևայի «Արցախի վերքերը» ֆիլմի ցուցադրումից հետո: «Շատ ծրագրեր կան իրականացնելու, եթե ծրագրերից խոսեմ, շատ երկար կլինի, բայց մենք մտածել ենք մի ծրագիր, որը որ ասենք հիմնականում սննդարդյունաբերության հետ է կապված, և դա չի լինի ասենք միայն իմ ընտրատարածքում, այլ ամբողջ Շիրակի մարզի մակարդակով: Իմ ընտրողներն արդեն գիտեն, որ դա կլինի ընտրություններից հետո, ոչ թե ընտրություններից առաջ: Ունենք մասնագետ, որն Աֆրիկայում է ապրել և ջայլամների հետ աշխատել է: Փորձում ենք հասկանալ, թե մի կովը եթե մի հորթ ա տալիս, ջայլամը 50 ձագ ա տալիս, և համարյա երկու տարվա մեջ նույն կովի քաշին է լինում միսը: Ըսենց ասեմ` ավելի լավ, ավելի էկոլոգիապես մաքուր , ինչի՞ չանցնենք էդ ծրագիրը, որը արդեն բավական լուրջ ժամանակ քննարկվել է և ունենք նաև ինվեստորը, պատրաստվում ենք մայիսի վերջերին, հունիսի սկզբներին ջայլամի ծրագիրն անել, էկոլոգիապես մաքուր միս ա,ո նց են ասում` առանց խոլիստերինի, ինչի՞ չէ, բազմացման չափերն էնպիսին են, որ տաս տարվա ընթացքում երևի Շիրակի մարզը միս կարտահանի` առանց մտածելու, նախ Հայաստանին կապահովի, հետո կարտահանի»:

Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ իր թեկնածությունն անպայման առաջադրելու է իր ընտրատարածքում` թիվ 33-ում, և եթե ինքը երկար ժամանակ չի երևացել խորհրդարանում կամ իր ընտրատարածքում, ապա պատճառն իր հիվանդությունն է եղել: Ըստ նրա, փոխարենն աշխատել է իր գրասենյակը:

Աշոտ Աղաբաբյանի ասելով, պատգամավոր դառնալը ոչ թե ցանկություն է, այլ անհրաժեշտություն է : «Պատգամավորը կամ թեկնածուն ինքն իր մեջ ուժ պետք է ունենա, որ ինքն իրեն տրամադրի էդ սահմանադրական աշխատանքին: Պատգամավորն իր ընտրատարածքում պետք է պաշտպանի իր ընտրողների սահմանադրական իրավունքը»,– մեկնաբանեց պատգամավորը:

Աշոտ Աղաբաբյանն այս անգամ մաքուր ու անաչառ ընտրություններ է ակնկալում, քանի որ, ըստ նրա, ամբողջ աշխարհն է Հայաստանին հետևում, և բացարձակապես չի կաշկանդվում պայքարել ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի դեմ: Գործարար պատգամավորների խորհրդարան մտնել-չմտնելու հետ կապված էլ, թեև Աշոտ Աղաբաբյանը գտնում է, որ ինչ-որ տեղ ճիշտ են մտածում` գործարարների մուտքը խորհրդարան չթույլատրելով, բայց և իր պարագայում այդպես չպիտի լինի: «Եթե հարցը ինձ է վերաբերում, ես որևիցէ բիզնեսով չեմ զբաղվում: Ես ունեմ տղա, աղջիկներ, «Դար 21» հեռուստաընկերությունը ղեկավարում է աղջիկս: Ես իհարկե ունեմ եկամուտներ, բայց ինչ-որ կոնկրետ փաստաթուղթ ստորագրեմ, կամ խառնվեմ էդ բիզնեսին, էդպիսի բան չկա»,- վստահեցրեց գործարար պատգամավորը:

Նա տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում կարծես թե չկա և չի էլ ուզում լինել, չնայած դրան, ինքն ունի կուսակցության աջակցությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031