Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

« Մանանայից» հետո ես տպավորվել եմ հոգեւոր աշխարհով»

Մարտ 12,2012 23:10

Ջերմ մթնոլորտ, սեր, ընկերական ու հարազատ միջավայր, կենսական ու կարևոր գիտելիք. ահա այս ամենը կարող է գտնել յուրաքանչյուր երիտասարդ` մասնակցելով Հայ Առաքելական Եկեղեցու  հոգևորականների կողմից իրականացվող «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրին:

«Մանանա»-ի նպատակը երիտասարդներին հոգևոր գիտելիք, հոգևոր սնունդ տալն է, օգնել`գտնելու իրենց հուզող շատ ու շատ հարցերի պատասխաններ:

«Յուրաքանչյուր մարդ այս կյանքում կանգնում է բազմաթիվ անպատասխան հարցերի առաջ, և երիտասարդությունն այն ժամանակահատվածն է, երբ այս հարցերն ավելի սուր բնույթ են ընդունում, երիտասարդը փորձում  է գտնել դրանց պատասխանները, որպեսզի ճիշտ կազմակերպի իր հետագա կյանքը, այն կառուցի հոգևոր արժեքների վրա, եւ այս տեսանկյունից էլ «Մանանան» օգնում է երիտասարդին` վերագտնելու իրեն հոգևոր կյանքի մեջ», -ասում է ծրագրի կազմակերպիչներից Ժորա սարկավագ Սարգսյանը: «Մանանան» երիտասարդներին փոխանցում է հոգևոր գիտելիքներ, իմացություն, օգնում խորությամբ գիտակցել քրիստոնյայի կոչումը, իսկ քննարկվող թեմաները` երազներ և երազահանություն, գուշակություններ, էֆթանազիա, ամուսնություն և ամուսնալուծություն, սեր և սիրահարվածություն և այլն, արդիական են ժամանակակից կյանքում»,-նշում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Արսեն սարկավագ Զոհրաբյանը:

Երիտասարդին հնարավորություն է ընձեռնվում իրեն հուզող հարցերի պատասխանը ստանալ կենդանի շփման միջոցով, եկեղեցու ներկայացուցչից, հոգևոր առումով փորձառու մեկից. «Մեկից, ում մեջ նա փորձում է գտնել այն օգնական ձեռքը, որը կարող է ուղղորդել նրան`աստվածճանաչողության ճանապարհով ընթանալու համար, և մենք, որպես հոգեւորականներ, պետք է աջակից լինենք նրան, տանք գիտելիք, որը կարող է օգնել կյանքի որևէ դժվարին շրջանում  ճիշտ ըմբռնելու իրադրությունը եւ մնալու Աստծո հայացքի ներքո», – ասում է ծրագրի կազմակերպիչներից Արտակ սարկավագ Ղևոնդյանը:

Այդ ամենի հետ մեկտեղ, երիտասարդը վաղը լինելու է ընտանիքի հայր կամ մայր, իսկ լավ ընտանիքն ամուր պետության գրավականն է: «Եթե այդ ընտանիքի հիմքը խարխուլ լինի, այն չի խորշի բաժանումից, ընտանեկան դավաճանությունից, գուշակությունից, կախարդությունից և այլն: Փորձում ենք երիտասարդին տալ այն, ինչով նա կարող է դառնալ ընտանքի լավ հայր կամ մայր, մոտեցնել եկեղեցուն, Աստծուն, քանի որ եկեղեցին նաև ժողովուրդն է», – ասում է ծրագրի կազմակերպիչներից Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը:

Մասնակիցները նշում են, որ ծրագիրը համախմբել է իրենց, տվել սեր, գիտելիք, ինչպես նաև` հոգևոր փրկության ու աստվածճանաչողության բանալին: «Մանանան ինձ օգնեց լուրջ նպատակներ ունենալու, ընտանիք կազմելու մասին մտածելու, ավելի լուրջ կյանքով ապրելու հարցում, քանի որ հասկացա, որ դա է ճիշտը», – ասում է 25-ամյա Արման Մարտիրոսյանը: «Այն ժամանակ ցանկանում էինք որքան հնարավոր է վայելել կյանքը, զերծ չմնալ կյանքի հաճույքներից, դե ջահել տղա…, չես մտածում փողի, աշխատանքի, ընտանիքի մասին, չարն ավելի է մտնում մեջդ, շատ են գայթակղությունները, նպատակ էր դարձել` ինչպես անցկացնել օրը, որ ավելի լավ, հետաքրքիր լինի…: Այն ժամանակ մի քիչ չար էի, այլ կերպ էի մտածում, մեր կյանքով ապրողի համար չկար վատ, ամենավատ, ամեն ինչ «շատ լավ էր»…»,- ասում է նա: Արմանն այժմ չի ցանկանում հիշել` ով էր ինքը դեռ ամիսներ առաջ. « Շատ վատ մարդ էր, ինչպես եք աշխարհի վրա պատկերացնում վատ մարդուն, այդ կերպ… բայց երբ մոտ ես հոգեւոր աշխարհին, սկսում ես ամեն ինչ այլ կերպ հասկանալ, փոխվում է աշխարհին նայելու տեսանկյունը, արդեն ամեն ինչ ցանկանում ես տեսնել  հոգևորի մեջ»,-ասում է նա:

« Ոչ միայն երիտասարդի, առհասարակ, մարդու  կյանքի խորքային իմաստը միայն մեկն է. ապրել ճշմարիտ կենսակերպով: Եթե ներկայիս կյանքում բազմաթիվ զվարճանքի վայրեր կան, ուր երիտասարդը միայն մեկ ակնթարթ է կտրվում իր առօրյայից և մոռացության տալիս այն, ապա հոգևոր արժեքներին հաղորդակից լինելը ոչ թե ակնթարթային ուրախությունն է, հոգեկանի կամ մարմնականի ժամանակավոր բավարարումը, այլ` հարատև, մնայուն խաղաղությունն ու երջանկությունը: Դրանք այն անփոխարինելի արժեքներն են, որոնք սնում են հոգին, իսկ երբ սնվում է հոգին, այնժամ ներդաշնակ են լինում հոգին և մարմինը,  մարդն այլևս երջանիկ է դառնում հարատև կերպով», – ասում է  Ժորա սարկավագը:

Կազմակերպիչները կարևորում են նաև մեկ այլ հանգամանք. քննարկումների արդյունքում սկսել են ճանաչել հոգևորականներին, վստահել, փոխվել  է հոգևորականի կերպարի պատկերացումը: Նախկինում բացասական, սև, խիստ ֆոնի վրա  պատկերացվող հագևորական, ծիսակատար քահանան իրականում մեր հոգևոր հայրն է` բարի, ըմբռնող, օգնական:

«Մեր վերջնական նպատակը մարդուն` Աստծուն մոտեցնելն է, բերել այն գիտակցությանը, որ երբ նա մկրտվել է, ձեռքերի վրա մյուռոնով դրոշմ է դրվել, այդ ձեռքերն այլեւս իրենը չեն, Աստծունն են, պետք է բարի, աստվածահաճո գործեր կատարել: Եվ երբ քարոզում ես Տիրոջ խոսքը, դիմացինի աչքերում տեսնում ես դրա պատասխանը…, դա մի ապրում է, որ բյուրեղացած է այդ պահի մեջ», – ասում է ծրագրի կազմակերպիչներից Սեյրան սարկավագ Ղազարյանը:

«Երիտասարդները շատ մեծ կարիք ունեն Եկեղեցու, կարիք ունեն հոգեւորի, որ բացակայում է նրանց մեջ: Երբ կողքից նայում եմ, տանջվում է սիրտս, քանի որ ինձ եմ տեսնում նրանց մեջ, եւ մտածում եմ` մի՞թե ես էլ էի այդպիսին. այժմ այն միջավայրում, որ շատ հարազատ էր ինձ, հաճելի չեմ զգում», – ասում է Արմանը:

« Պատարագից մի տող եմ ցանկանում հիշել` Ճաշակեցեք եւ տեսեք, որ քաղցր է Տերը. ճաշակողը չի կարող երկրորդ անգամ չցանկանալ», – ասում է Տեր Հուսիկը և խորհուրդ է տալիս հոգևոր կյանքը սկսել փոքրիկ քայլերից. «Տեղին են Անդրանիկ զորավարի խոսքերը. «Կյանքն ապրիր այնպես, որպեսզի ուրիշին կարողանաս ասել` ապրիր ինձ պես»: Ես միշտ քրիստոնյային նմանեցնում եմ փոքրիկ թթխմորի, ով ողջ զանգվածը կարողանում է խմորել. պիտի այդպիսին լինել, օրինակ`մյուսների համար: Իհարկե, դժվար է շրջապատին դարձի բերելը, բայց միշտ մոռանում ենք, որ այդ ամենը մեր ուժերով չի կատարվում. եթե մենք Աստծո ձեռքը բռնած ենք քայլում, ապրում Նրա խոսքով, Նա միշտ կանգնած է մեր թիկունքին»:

«Մանանայի» քննարկումներն անցկացվում են շաբաթական մեկ անգամ եկեղեցիներին կից սրահներում: Ծրագիրը մեկնարկել է Մալաթիայի Սբ Աստվածածին եկեղեցում, այսօր այն արդեն գործում է Երևանի և Էջմիածնի 8 եկեղեցիներում` միավորելով հոգևորականներին ու եկեղեցասեր երիտասարդներին: «Մանանայի» կազմակերպիչները նպատակ ունեն ընդլայնելու նրա սահմանները` քննարկումները հասանելի դարձնելով նաև շրջանների երիտասարդներին:

 

 

Մարիամ Ավետիսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031