Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հրավերով այսօր Գյումրի էր եկել բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևան: Թեև նրա նպատակը իր նկարահանած ու հեղինակած «Արցախի վերքեր» փաստագրական ֆիլմը գյումրեցիներին ներկայացնելն էր, սակայն հայասեր լրագրողը հընթացս քարոզում էր Հանրապետական կուսակցությանը` իր երախտագիտությունը հայտնելով իր ընկերներին` երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, դահլիճում նստած Գալուստ Սահակյանին, Աշոտ Աղաբաբյանին: Ըստ նրա, եթե չլինեին իր Հանրապետական ընկերները, ապա կինոնկարների ցուցադրումն ու տարածումը չէր հաջողվի:
Նշենք, որ Աշոտ Աղաբաբյանի գրասենյակն այդ ֆիլմերը բաժանել է Գյումրու դպրոցներին ու թիվ 33 ընտրատարածքի բնակիչներին, այսինքն՝ այնտեղ, որտեղ առաջադրվելու է Հանրապետական պատգամավորը:
Ցվետանա Պասկալևան իր հիշողություններով կիսվեց ներկաների հետ, վստահեցրեց, որ հնարավոր է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, եթե դիվանագիտական պատերազմ մղվի: «Ես Արցախի պատերազմի տարիներին քարոզչական պատերազմ մղեցի: Ես գնացի Ղարաբաղ իմ կամքով, իմ նախաձեռնությամբ, ոչ մեկն ինձ չֆինանսավորեց, ու իմ ռեպորտաժները շատ պահանջված դարձան արտերկրում: Ղարաբաղն այն տեղն էր, որտեղ մեկտեղվեցին իմ մարդկային ու մասնագիտական կարողությունները», -ասաց Ցվետանա Պասկալևան:
Նա արցունքն աչքերին հիշեց ղարաբաղյան բոլոր զոհերին: Նրան յուրատեսակ ձևով մեծարեցին Գյումրիում, «Արցախի գեներալ, բուլղարարյուն հայազգի» անվանեցին, մարզպետ Գիզիրյանի անունից մարզպետարանի հուշամեդալով պարգևատրեցին:
Կարդացեք նաև
Լրագրողը նաև մամուլի ասուլիս հրավիրեց Գյումրու դրամատիկական թատրոնում ու դրվագ առ դրվագ վերհիշեց Ղարաբաղում անցկացրած իր օրերը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ