Մարտի 11-ին ժամը 12.30-ի սահմաններում Իջեւան քաղաքի Աբովյան փողոցում «Գազել» մակնիշի բեռնատարը հետադարձ ընթացքի ժամանակ վթարի է ենթարկել Իջեւանի 57-ամյա բնակչուհի Վիկտորյա (Գրետա) Առաքելյանին: Կինն Աբովյան փողոցի այդ շենքի առաջին հարկում խանութ ունի, Եղվարդի բնակիչն էլ «Գազելով» ապրանք էր բերել նույն շենքի առաջին հարկում գտնվող մեկ այլ խանութ:
Վթարի հետեւանքով կինն ուղեղի ցնցում է ստացել, կորցրել գիտակցությունը, կոտրվել է նրա թեւը, քիթը, դեմքը բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Վարորդն իր մեքենայով վիրավորին տեղափոխել է Իջեւանի բժշկական կենտրոն, ուր կնոջը օգնություն է ցուցաբերվել: Նույն օրը վթարի ենթարկվածին տեղափոխել են Երեւան, «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մարտի 12-ին Վ. Առաքելյանը պիտի վիրահատվի:
Իջեւան քաղաքի Աբովյան փողոցի այդ հատվածում փաստորեն մայթ գոյություն չունի, եւ առեւտրական օբյեկտներ մտնող մեքենաները մարդկանց համար վտանգ են ներկայացնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ