ՀՀԿ 13-րդ համագումարում այդ կուսակցության ու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում՝ անդրադառնալով մասնավորապես արտաքին քաղաքական հիմնախնդիրներին ու մարտահրավերներին, հայտարարեց, թե Հայաստանը ցուցաբերել է եւ շարունակելու է ցուցաբերել «համակողմանի աջակցություն Արցախի քաղաքական ու տնտեսական զարգացմանը: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հիմքում լինելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, եւ մենք շարունակելու ենք աշխատանքները ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես լիիրավ կողմ ներգրավելու համար»:
Իսկ ահա ՀՀԿ համագումարի բանաձեւում այսպիսի շեշտում կա՝ «չնայած արտաքին մարտահրավերներին ու ներքին բարդություններին` հետևողական ու դժվար աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է… Հայաստանի եւ Սփյուռքի ջանքերի համադրմամբ` շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը, ՀՀ համակողմանի աջակցությամբ` ամրապնդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը»:
Այս հայտարարությունների առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ եթե խոսքը լիներ Լեռնային Ղարաբաղում ֆինանսական ու տնտեսական որոշակի կայունություն ապահովելու մասին, ապա՝ «անշուշտ, կհամաձայներ, որ ՀՀ–ն աջակցում է ԼՂՀ–ին, որովհետեւ ՀՀ բյուջեում այդպիսի տող կա, եւ ամեն տարի ԼՂ–ին ֆինանսական օժանդակություն է իրականացվում»: Բայց տիկին Ալավերդյանն ասաց, որ համաձայն չէ, թե ՀՀ-ն որեւէ քայլ արել է ԼՂՀ միջազգային ճանաչման եւ բանակցային գործընթացում Արցախը լիիրավ ներկայացված լինելու համար, եւ փաստացի էլ՝ ԼՂ կարգավիճակը բանակցային գործընթացում չի վերականգնվել: Նա արձանագրեց, որ բանակցային գործընթացը տուժում է ոչ միայն այն պատճառով, ԼՂ-ն ներկայացված չէ, այլեւ այն, որ դրանք բանակցություններ անվանել չի կարելի, «դրանք ընդամենը հանդիպումներ են նախագահների միջեւ»: «Ես կողմ կլինի, որ մատնանշվեր, թե ի՞նչ քայլերով, ի՞նչ նախաձեռնությամբ է հանդես գալու Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունն այս հայտարարությունն իրականություն դարձնելու ուղղությամբ, որովհետեւ ՀՀ կառավարությանն ուղղված իմ նամակին ի պատասխան, թե՝ արդյոք հայկական կողմը հանդե՞ս է եկել ԵԱՀԿ ՄԽ–ում որեւէ նախաձեռնությամբ, ստացել եմ գրավոր պատասխան առ այն, որ վերջին տարիներին Հայաստանը որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Կարդացեք նաև