Նախորդ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արամ Սահակյանը, որը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվել Գյումրիից: «Եթե սոցհարցումներ անեք Երևանում՝ երիտասարդության 80 տոկոսը գոնե թե Գյումրիում չի եղել, էն 20 տոկոսն էլ, որ եղել է՝ կամ կուրսեցի ընկեր ունեն, կամ բարեկամ ունեն, կամ Ջավախք գնալուց մտել– դուրս են ելել: Էն ամբողջ վրդովմունքը, որ կա Գյումրիում Երևանի նկատմամբ՝ ես հասկանում եմ և զգում եմ: Ես տեսնում եմ, որ երկու քաղաքների` մայրաքաղաքի և Գյումրիի մեջ հեռավորությունը իրականում շատ շատ մեծ է, և կարծում եմ, որ հնարավորին չափ բոլոր մեթոդներով պետք է մոտեցնել հարցերը, խնդիրները», -ասում է Արման Սահակյանը:
Իսկ թե ինչո՞ւ է որոշել Գյումրիում առաջադրվել, ընդ որում մեծամասնական կարգով, թեկնածուն պարզաբանում է, որ իրեն ավելի հեշտ էր ընտրվել Երևանից` համամասնական ընտրակարգով, սակայն երկու տարի շարունակ լինելով այս քաղաքում ու տեսնելով քաղաքի վիճակը, հստակ որոշել է Գյումրու համար ռազմավարական նշանակության խնդիրները արժանավայել բարձրաձայնել մայրաքաղաքում` հասնելով լուծումների:
Ինչո՞ւ է վստահ Արման Սահակյանը, որ գյումրեցիներն, այսպես ասած, դրսից եկած մարդուն կգերադասեն տեղի թեկնածուներից: «Իհարկե Գյումրիում կա զանգված, որ ինձ չի ճանաչում, բայց մինչև ընտրությունները բոլորի հետ էլ կծանոթանամ: Գիտեք ինչ, բոլորդ էլ ապրում եք Գյումրիում, համոզված եմ՝ սիրում եք Գյումրին, Գյումրիի խնդիրները ինձնից ավելի լավ եք տիրապետում ու հասկանում: Այսօր իմ կարծիքով, եթե խոսում ենք մարդկանց մասին, որոնք ապրում են ծանր պայմաններում, և հույս ունեն, որ քաղաքը կարող է զարգանա՝ այդպիսի խոսակցությունները դրսից, տեղից, մեր հարևանի տղեն կամ մեր հարսի ախպերը, դրանք առնվազն անհեթեթ խոսակցություններ են: Հնարավոր է մի քիչ կոպիտ եմ ասում, խնդիր կա քաղաքի զարգացման հստակ ծրագիր ունենալ, և զբաղվել այդ ծրագրով, և իմանալ՝ ինչ կարող է լինել այս ամեն պրոբլեմներից հետո, եթե այդ հարթության վրա քննարկենք տեղացի–ոչ տեղացի լինելը, դրանք լուրջ չեն: Իսկ Գյումրին թաթալաբազ մարդկանց տեղ չէ, ես որոշել եմ իմ թեկնածությունն առաջադրել Հայաստանի այն վայրում, որն ունի ամենածանր սոցիալական–տնտեսական վիճակը, համաձայնեք հեշտ որոշում չէ, հեշտ ընտրություն չէ»:
Մի՞թե հնարավոր չէ առանց պատգամավոր դառնալու Գյումրիում հարցեր լուծել. Արման Սահակյանի կարծիքով, պատգամավորական մանդատն իրեն լեգիտիմ իրավունք կտա մեծամեծների կաբինետների դռներ թակել ու Գյումրու հարցերը մայրաքաղաքում առաջ տանել:
Կարդացեք նաև
Քանի որ գործարարը շեշտում էր, որ ինքը մեծ գումարներ է ծախսել «Շիրակ» ֆուտբոլային թիմի վրա, մարզադաշտ կառուցելու համար Aravot.am-ը նրանից հետաքրքվեց, թե հնարավոր չէ՞ այլ ոլորտներում ներդրումներ կատարել ու Գյումրիում աշխատատեղեր ստեղծել: Նշենք, որ նա տարեկան 25 միլիոն դոլար հարկ է վճարում պետությանը: Գործարարը շատ հավանեց մեր հարցը` նախևառաջ խոստանալով Գյումրում ֆուտբոլային տնտեսությունը բառի բուն իմաստով հասցնել եվրոպական չափանիշների, իսկ այլ աշխատատեղեր ստեղծելու հարցում էլ, թեև ասաց, որ իր 4-5 տարբեր ընկերությունները մասնաճյուղեր ունեն Գյումրիում, բայց դա էլ փրկություն չէ: «Ասածս ճիշտ հասկացեք էլի, եթե ես նույնիսկ եկա, աշխատատեղ բացեցի կամ ինչ–որ փոքր արտադրություն, որում աշխատեցին 30, 40, 50 ու դրա համար ժողովուրդը ինձ ընտրեց պատգամավոր՝ դա հարցի լուծում չէ, էդ խաբեություն է: Այդ 50, 100 հոգով խնդիրը չի լուծվի, խնդիրը պետք է լուծվի համակարգային: Պետք է հասկանանք ուր ենք գնում, ոնց ենք գնալու ու ինչքան ժամանակ ենք գնալու», -ասում է գործարարը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ