ՀՀԿ 13-րդ համագումարում այդ կուսակցության ու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադառնալով մասնավորապես արտաքին քաղաքական հիմնախնդիրներին ու մարտահրավերներին, հայտարարեց, թե անհրաժեշտ է մշտապես ցուցաբերել սեփական նախաձեռնություն, եւ որպես այդպիսին մատնանշեց «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կանոնակարգելու՝ ՀՀ-ի նախաձեռնությունը»: Այդ համատեքստում նա շեշտեց, որ թեեւ Հայաստան-Թուրքիա սահմանը դեռ մնում է փակ, բայց այդ նախաձեռնությունն «ամրապնդեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, երկրորդ՝ թույլ տվեց ամբողջ աշխարհին համոզվելու, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու միակ խոչընդոտը Անկարայում եւ մեկ այլ` իրեն մեջ գցող մայրաքաղաքում է, բայց ոչ Երեւանում, եւ, երրորդ՝ պարտադրեց Թուրքիային ստորագրել միջազգային փաստաթուղթ, որը բացառում է հարաբերություններ հաստատելու որեւէ նախապայման»:
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարության այս հատվածին ՀՅԴ ԳՄ անդամ եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց. «Քաղաքական հրապարակախոսության տեսակետից ՀՀԿ 13-րդ համագումարում հնչեցված ՀՀ նախագահի ելույթը հաջողված, տեղ–տեղ գրեթե գեղարվեստական պաթոսով մտածված տեքստ էր: Պատրաստ եմ ստորագրել այս ելույթից տասնյակ մտքերի տակ։ Իսկապես՝ «Չի կարելի ստեղծել անձնական երջանկություն՝ կողոպտելով հանրությանը եւ ազգին։ …Սա երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունը ուղղակի անգնահատելի է….» եւ էլի մտքեր։ Բայց չեմ հավատում, կներեք չեմ հավատում։ Չեմ հավատում, որովհետեւ անցնող հինգ տարիներին այսպիսի գեղեցիկ ձևակերպումներ էլի եմ լսել, իսկ կյանքը շարունակվել է իր «հունով» գնալ։ Ճիշտ այնպես, ինչպես չեմ հավատում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կանոնակարգելու նախաձեռնությունը մերն էր ու դեռ տապալվելուց հետո էլ, ըստ նախագահի տեսակետի՝ ամրապնդեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Մեղմ ասած, դա ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ ճանաչման ուղղությամբ բազմաթիվ միջազգային գործընթացներ կասեցվեցին՝ Թուրքիայի հետ մեր լեզու գտնելու պատճառաբանությամբ։ Եվ արդյոք այդքան հոգեմաշ ճանապարհ պիտի անցնեինք՝ համոզվելու կամ ոմանց ապացուցելու, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու խոչընդոտները Անկարայում եւ Բաքվում են։ Իսկ ինչո՞ւ չենք խոսում արձանագրությունների համատեքստով պայմանավորված ներքին լարվածության կամ Հայաստան–Սփյուռք զգայուն հարաբերություններին հասցված վնասի մասին։ Թանկ գին վճարեցինք, երբ կարելի էր պարզապես լսել այդ պահին քաղաքական գործընկերներին (նախևառաջ մեզ՝ ՀՅԴ–ին) և տեսնել այն բոլոր՝ գրեթե անթաքույց ծուղակները, որ ներառնված էին արձանագրություններում ու այդքան համառորեն բարձրաձայնում էինք մենք։ Հիմա էլ ցավով, ափսոսանքով ու նաեւ ամոթով եմ հիշում նախագահի Սփյուռքյան այցը այս համատեքստում»։
Պատգամավորն ասաց, թե Սերժ Սարգսյանի՝ սկզբունքային եւ հաշվարկված արտաքին քաղաքական ուղեգծի մասին հաստատումն էլ ընկալում է «որպես՝ համոզում–ցանկություն, որովհետև ձեռքբերումների մասին կդժվարանամ խոսել»։ «Իսկապես, բազմաթիվ առիթներ ունեցել ենք արտաքին ամբիոններից լսելու ՀՀ նախագահի հաստատումը, որ Լ ՂՀ խնդրի կարգավորման հիմքում Արցախի ինքնորոշման իրավունքն է։ Բայց նույնքան համեստ կամ գրեթե անարդյունք ենք ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ: Այս հարցում մեր տեսակետները հիմնականում ներքին օգտագործման շրջանակներում են։ Գոնե հանրությանը հայտնի փաստաթղթերում այն իր արտացոլումը չի գտել։ Իսկ առհասարակ հավատը, ինչպես և սերը՝ քրիստոնեական ու համամարդկային բարձր արժեքներ են։ Շատ պիտի ուզենայի, որ ՀՀ նախագահը հնարավորինս անկեղծ ու առանց մակիյաժի ներկայացներ իրականությունը և, ամենակարևորը, իսկապես բավարար քաղաքական կամք դրսևորվեր խոստումներն ու հայտարարված ճշմարտությունները իրականություն դարձնելու համար։ Այլապես չհավատալու ռեսուրսը կարող է վտանգավոր դառնալ»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ