Երիտասարդ ստեղծագործող Հասմիկ Հրաչյանը Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի է: Ստեղծագործել սկսել է դեռ 10-11 տարեկանից: Արդեն բազում պատմվածքների և բանաստեղծությունների 21-ամյա հեղինակը խոստովանում է. «Հիմա առաջին ստեղծագործություններս չեմ էլ կարդում, շատ զվարճալի են: Չգիտեմ ով, բայց մեծ գրողներից մեկը ասել է, որ ամենավատ ստեղծագործություններն ամենաանկեղծն ու իրական հույզեր պարունակողն են: Եվ իրոք այդպես է. դրանք ամենավատն են, բայց ամենաանկեղծը»:
Իր պատմվածքներից մեկում Հասմիկը այսպիսի տող է գրել. «Թթվածինը մի կերպ էր հասնում օրգաններիս, իսկ դա մեր օրերում համարվում է ապրել»: Երբ գնացի հարցազրույցի, առաջին հարցս, որ ուղղեցի հետևյալն էր.
_Ո՞րն է երիտասարդ աղջնակի ապրելու բանաձևը:
_Պայքարը: Անդադար ու ամենօրյա պայքար ինքդ քո ներսում, պայքար բոլոր բնագավառներում: Ապրելը ինձ համար նույն տեղում կանգնած չմնալն է, երջանկության ու ներդաշնակության գնալը:
_Ովքե՞ր են քո պատմվածքների հերոսները:
_Պատմվածքիս հերոսները հաճախ ինձ իրականում շրջապատող մարդիկ են, բայց նաև ունեմ հնարովի հերոսներ: Ասում են, որ հեղինակի ստեղծագործության հերոսներն իր ներսում թաքնված անձերն են:
_Նախնիներիդ մեջ գրողներ եղե՞լ են:
_Պապիկներս՝ Խաչիկ Հրաչյանը և Ալբերտ Արիստակեսյանը, գրողներ են եղել:
_Ի՞նչ նախասիրություններ ունես:
_Շատ եմ ֆիլմեր դիտում, կարդում եմ, իհարկե, երգում եմ որտեղ պատահի, քանի դեռ իմ ուղղությամբ լոլիկներ չեն նետել:) շատ վատ եմ երգում: Իսկ գրելու ցանկությունը մեջս արթնանում է հանկարծակի և շատ բուռն: Նման պահեր շատ են լինում քնելուց առաջ, տրանսպորտում և համալսարանում: Դասերի ժամանակ, երբեմն այնպիսի բուռն ցանկություն եմ ունենում գրելու, որ ընկերներիս ասում եմ արագ թուղթ, գրիչ տվեք, կողքիս նստողները արդեն գիտեն, թե ինչի համար եմ ուզում:
_Ինչպիսի՞ն էր մանուկ հասակում Հասմիկը, և ինչպիսի՞ն է երիտասարդ ստեղծագործող Հասմիկ Հրաչյանը:
_Շատ փոքր հասակում շատ խելոք էի, շատ հանգիստ: Իսկ անցումային շրջանում ավելի ըմբոստ դարձա, հիմա նորից փոփոխություն եմ զգում: Զգում եմ, որ նորից գնում եմ դեպի հանդարտ, հանգիստ Հասմիկը:
_Պատմվածքներիցդ մեկում գրել ես. «Որոշ մարդիկ ծնվում են անհաջողակ լինելու համար»: Քո կարծիքով անհաջողությունները ծնվու՞մ են մարդու հետ:
_ Ես կարծում եմ, որ մարդը իր կյանքի տերն է ու կարող է փոխել կյանքի ընթացքը, բայց կան նաև այնպիսի մարդիկ, որոնց դեպքում կարծիքս փոխվում է: Տեսնում եմ, որ նրանք ամեն ինչ անում են, փորձում են, բայց չի ստացվում:
_Եթե ունենայիր կախարդական փայտիկ, հայ երիտասարդության մեջ ի՞նչ կփոխեիր:
_Շատ կուզենայի, որ հայ երիտասարդները կարողանային պայքարել իրենց իրավունքների համար: Միշտ ունենային իրենց կարծիքը, չլինեին չեզոք և հարմարվող:
_Ապագայում ի՞նչ պլաններ ունես:
_ Ուզում եմ պատմվածքների փոքրիկ գիրք հրատարակել, իսկ հիմա ցանկացողները կարող են իմ ֆեյսբուքյան էջից կարդալ պատմվածքներս, նաև մի քանի այլ կայքերում են տեղադրված: Նաև պատրաստվում եմ մագիստրատուրաս սովորել Ամերիկայում, բայց միայն այն պայմանով, որ կվերադառնամ: Ինձ ուրիշ երկրում չեմ պատկերացնում և բոլոր երիտասարդներին կոչ եմ անում չլքել Հայաստանը: Մեր երկիրը լավ մասնագետների կարիք շատ ունի, և պետք է գիտակցել, որ չպետք է դառնալ լավ մասնագետ և մնալ ուրիշ երկրում:
Անի Ենոքյան