«Փոխենք մեր կյանքը». Սա 2003-ին Դաշնակցության նախընտրական կարգախոսն էր, որին 2007-ին հաջորդեց «Մեր հին ընկերը դաշնակցությունն է» կարգախոսը: Հանրապետական կուսակցության նոր կարգախոսը քիչ է տարբերվում ՀՅԴ-ի՝ 2003-ի կարգախոսից, եւ դա արդեն նկատել են Դաշնակցությունում: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց եւ Հանրապետականների կարգախոսի միջեւ իսկապես նմանություն կա. «Այլ բան, որ իրենց ասածներն ու արածները ոչնչով մեզ հետ չեն առնչվում , աղերս չունեն իրար հետ»:
Մեր հարցին, թե հաջողվա՞ծ է այն ՀՀԿ-ի համար՝ պարոն Մինասյանը պատասխանեց. «Միշտ էլ փոփոխությունը հաճելի է, հատկապես մեր երկրում, երբ ժողովրդավարական, սոցիալ-տնտեսական, քաղաքական մակարդակում լուրջ փոփոխությունների կարիք ու անհրաժեշտություն կա»:
Արծվիկ Մինասյանը դժվարացավ այլ մարդկանց անունից ասել՝ կհավատա՞ն ՀՀԿ-ին, որ փոխեն, բայց կոնկրետ իր կողմից ընդգծեց, որ «փոփոխվողը մինչեւ այս կփոփոխվեր, ժամանակ ունեին փոխվելու»:
Իսկ թե ինչ է լինելու ՀՅԴ-ի այս ընտրությունների կարգախոսը՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ մի քանի տարբերակների շուրջ մտածում են, վերջնական կկողմնորոշվեն ու կհայտնեն 2 օրից:
Կարդացեք նաև
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը մեզ հետ զրույցում ՀՀԿ-ի կարգախոսի վերաբերյալ նշեց, որ իր կարծիքով դա իրենց համար դիպուկ չէր ընտրված, թե ինչ առումով դիպուկ ընտրված չէր եւ ինչի վրա շեշտը պետք է դներ ՀՀԿ-ն՝ պարոն Քոքոբելյանը չմանրամասնեց, ասելով, որ շուտով իրենց կարագախոսը կհրապարակեն՝ հետո կխոսեն:
Պարոն Քոքոբելյանի գնահատմամբ` հանրապետականերն արդեն սկսել են իրենց նախընտրական քարոզչությունը. «Մարզերում հանդիպումները, իրենց միջոցառումները բոլորը մի միտում ունեն` ընտրություններն են եւ այլ նպատակ չկա: Այլ հարց է, որ նրանք դա շատ վատ են կազմակերպում, որովհետեւ կարելի էր շատ ավելի լավ միջոցառում կազմակերպել: Վատ քաղաքական մենեջմենթի հետեւանք է, կարծում եմ, կամ անկարողության միգուցե»:
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ՀՀԿ-ի կարգախոսն արտաբերելիս չկարողացավ ծիծաղը զսպել. «Ախր պետք է փոփոխություններ լինեն, որ հավատան մարդիկ, այնպես չի լինում, որ մարդիկ մերկապարանոց հավատան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ