Aravot.am-ի ունեցած տեղեկություներով, գեներալ Սեյրան Սարոյանը կրկին որոշել է առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, թիվ 19 ընտրատարածքում: Այն ընդգրկում է Էջմիածին քաղաքը եւ հարակից գյուղերը: Նշենք, որ Սարոյանն այժմ պատգամավոր է հենց այդ ընտրատարածքից, որտեղ 2007-ին ՀՀԿ-ն նրան պաշտոնապես սատարեց նրան՝ խաղից դուրս թողնելով ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին: Հակոբյանն արդեն իսկ հայտարարել է նույն ընտրատարածքում իր առաջադրման մասին:
Իր մտերիմների շրջանակում Սեյրան Սարոյանն անկեղծացել է՝ ասելով, որ ԱԺ-ում իր լինելը մեկ նպատակ ունի. նա ցանկանում է զբաղեցնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, իսկ խորհրդարանից այդ պաշտոն, ըստ Սարոյանի, մեկ քայլ է: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն այժմ զբաղեցնում է Յուրի Խաչատուրովը: Ասում են, որ գեներալն անգամ տարբեր ժամանակներում եւ տարբեր պատճառներով համակարգից հեռացված պաշտոնյաներին խոստացել է վերականգնել իրենց նախկին աշխատատեղերում, եթե վերջիններս իրենց աջակցությունը բերեն իր վերընտրության գործին:
Aravot.am-ը փորձեց այս տեղեկությունների վերաբերյալ պարոն Սարոյանի մեկնաբանությունները ստանալ: Մեր հեռախոսազանգին պատասխանած իր օգնականը տեղեկացրեց, որ նա զբաղված է եւ ազատ ժամանակ գտնելուն պես կկապվի մեզ հետ: Օրվա ընթացքում Սարոյանն այդպես էլ չզանգահարեց:
Նկատենք, որ իր պատգամավորության չորս տարիների ընթացքում, Սեյրան Սարոյանն օրենսդիր աշխատանքով այդպես էլ չզբաղվեց: Նա շարունակում էր ղեկավարել ՌԴ-ում գործող իր բիզնեսները:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ