«Ինչպե՞ս է Վահան Շիրխանյանը արդարացնում իր գոյությունը Համահնչակյան կենտրոնական վարչությունում, երբ սկզբնական կառույցից դեռ երեք տարի առաջ է հեռացվել, նա օրենքից դուրս մարդ է»,- այսօր ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ի պատասխան այս հարցի՝ Aravot.am-ի հետ զրույցում Վ. Շիրխանյանն ասաց. «Ես չեմ ուզում որեւէ բան ասել: Մարդ, որը հեռացված է կուսակցությունից, եւ կենտրոնական վարչության որոշմամբ, հաստատված նրա հեռացումը՝ խոսում է կուսակցության մասին»:
Տիկին Սարգսյանի մեկ այլ հայտարարությունը, թե Վ. Շիրխանյանը Սեդրակ Աճեմյանի հետ համատեղ պառակտեցին կուսակցությունը, մի նպատակով՝ ընդդիմադիր դաշտից իշխանական դաշտ անցնելու համար, որ Սեդրակ Աճեմյանը կարողանա ապահովագրել իր բիզնեսը ու տանիք ունենա, պարոն Շիրխանյանը մեկնաբանեց տիկին Սարգսյանի «փայլուն երեւակայությամբ». «Այդ կինը վաղուց որպես կուսակցական գոյություն չունի ու չեմ ուզում անդրադառնալ որեւէ հարցերի»:
Մեր այն դիտարկմանը, թե տիկին Սարգսյանի ու իր միջեւ կա՞ որեւէ անձնական թշնամանք. «Իրենից հարցեք, իր նկատմամբ ոչ թշնամանք, ոչ համակրանք, ոչ էլ որեւէ վերաբերմունք չունեմ»:
Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում Լ. Սարգսյանը պարոն Շիրխանյանին որակել էր տրամաբանությունից լրիվ դուրս եկած անձնավորություն. «Երեւի տարիքի հետ է կապված, ժամանակին էլ չէր փայլում պայծառ մտքով, որովհետեւ եթե այդքան տրամաբանություն ունենար, կհասկանար, որ կուսակցությունների մասին օրենքով Հայաստանում գործող կուսակցությունը որեւիցե իրավաբանական կապ չի կարող ունենալ սփյուռքի հետ, մենք մեր դաշտում գործում ենք ՀՀ օրենքներով: Ինքը, առաջնորդվելով Սփյուռքի շահերով, փորձում է ոտնահարել Հայաստանում օրինական դաշտում գործող կուսակցության իրավունքները»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ