Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ դիրքով եք քնում դուք

Մարտ 12,2012 17:52

Մարդկանց քնած դիրքը «մատնում» է նրանց հոգեվիճակը, խոսում այն մասին, թե ինչ տիպի անձնավորություն է քնածը: Մարդիկ տարբեր են, մեկը սիրում է իշխել, մյուսը՝ հնազանդվել, մեկը վախկոտ է, մյուսը՝ քաջ եւ այլն: Իսկ ավելի կոնկրետ՝ քանի որ քնի ժամանակ մարմնի շարժումները չգիտակցված են ու մարդը չի կարող դրանք կառավարել, հետեւաբար նայելով դիմացինի քնած դիրքին՝ կարելի է որոշակի տվյալներ իմանալ նրա մասին: Այսպիսի հետաքրքիր հետազոտութուն են անցկացրել անգլիացի հոգեբանները, մարդկանց քնած դիրքերին տալով անվանումներ ու բացատրություններ:

Էմբրիոնալ. այսպիսի դիրք են ընդունում այն մարդիկ, ովքեր կարիք ունեն պաշտպանության, նրանք բնազդաբար փորձում են պաշտպանել իրենք իրենց` կորանալով որքան հնարավոր է` դառնալով խխունջանման: Դա նաեւ վկայում է նրանց տագնապայնության բարձր ցուցանիշի մասին: Ըստ հետազոտողների՝ կիսաէմբրիոնալ դիրքը վերը նշվածից տարբերվում է մարմնի մի փոքր թուլացածությամբ: Ոտքերը այդքան էլ լարված չեն լինում, եւ մարմինը ավելի հանգիստ վիճակում է լինում:

Կիսաէմբրիոն վիճակում քնելը նորմալ է: Յուրաքանչյուրին էլ բնորոշ է պաշտպանություն փնտրելը, բայց դրա հետ մեկտեղ, այս դիրքով քնած մարդը չի վախենում, հավասարակշռված է, օբյեկտիվ եւ ունակ հաղթահարելու բոլոր խնդիրները: Փորի վրա քնել նախընտրող մարդը փորձում է կառավարել ամեն ինչ եւ ամենքին: Նա կարծես իր մարմնով ծածկում է ողջ տարածքը` փորձելով այն գրավել: Այսպիսի մարդիկ ակտիվ են, փոքր-ինչ ագրեսիվ եւ իշխանասեր:

Մեջքի վրա. սա էլ ամենաթուլացած դիրքն է: Սովորաբար շատ քչերն են կարողանում այս դիրքով քնել: Այս դիրքը հուշում է այն մասին, որ անձը իրեն զգում է հարմարավետ, վստահ, որ իրեն բացարձակ ոչինչ չի անհանգստացնում: Կամ՝ վկայում է այն մասին, որ տվյալ մարդը անպատասխանատու է եւ ամենեւին ունակ չէ սեփական խնդիրները ինքնուրույն լուծել:

Իսկ թե ինչ կարծիքի են հայերն անգլիացիների հետազոտության մասին, Aravot.am-ը փորձեց պարզել հոգեբան Լիլիթ Սարգսյանից: Ըստ նրա՝ քնած դիրքով որոշել, թե ինչպիսի անձնավորություն է մարդը՝ ճիշտ չէ. «Միշտ չէ, որ մարդիկ նույն դիրքով են քնում: Ժամանակի ընթացքում, ինչպես մնացած այլ սովորություններ, քնելու դիրքը նույնպես կարող է փոխվել: Բացի այդ՝ մարդը բնակության վայրը, իր ննջասենյակն ու անկողինը փոխելու հետ զուգահեռ՝ անհնար է, որ չփոխի քնելու դիրքը, դա անկախ իրենից էլ կստացվի: Ինչ վերաբերում է նրան, թե, օրինակ, փորի վրա քնել նախընտրողները փորձում են կառավարել ամեն ինչ եւ ամենքին, կամ որ մեջքի վրա քնողները անպատասխանատու մարդիկ են, այդպես չէ. ինչպես փորի վրա քնել նախընտրողները, այնպես էլ այլ դիրքերով քնող մարդիկ կարող են լինել անպատասխանատու, ուժեղ, ինքնուրույն եւ այլն»:

Լ. Սարգսյանի ձեւակերպմամբ՝ ընդհանրապես մարդու քնած ժամանակ ընդունած դիրքը կախված է օրվա ընթացքում ու անկողին մտնելու պահին ունեցած նրա տրամադրությունից: «Սովորաբար ընկճված վիճակում պառկելիս անկախ քեզանից կծկվում ես, ընդունում վերը նշված էմբրիոնալ դիրքը, բայց դա չի նշանակում, որ դու մշտապես պաշտպանության կարիք ունեցող անձնավորություն ես: Ուրախ, բարձր տրամադրություն ունեցող մարդիկ իրենց ավելի ազատ են զգում անկողնում, հնարավոր է, որ անընդհատ շուռումուռ գան, բայց դա չպետք է դիտվի որպես անհանգիստ քուն»,-մեկնաբանում է Լ. Սարգսյանը: Նա հավելում է, որ քնելիս չպետք է կենտրոնանալ դիրքերի վրա, այլ քնել այնպես, ինչպես ձեզ թեթեւ կզգաք:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031