Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետությունը» մեծամասնականով 10-ից ավելի թեկնածու կառաջարկի

Մարտ 12,2012 16:54

 Aravot.am-ի տեղեկություններով, անցած շաբաթ ՀԱԿ-ի հովանու ներքո ստեղծված  «Քաղբանտարկյալներ» հ/կ-ի փակ դռների ետեւում տեղի ունեցած   ժողովում որոշում է կայացվել նաեւ կազմակերպության եւ ՀԱԿ անունից հորդորելու «Հանրապետություն» կուսակցությանը, որպեսզի վերջինս ետ վերցնի համամասնական ցուցակում բացառապես ի դեմս կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի ներկայացված լինելու իր որոշումը, եւ ցուցակում, նաեւ  մեծամասնական ընտրատարածքներում առաջադրումներ կատարի ի դեմս նախկին քաղբանտարկյալների:

Մեզ հետ զրույցում մասնավորապես համամասնական ցուցակի խնդրին անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցություն նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը քաղաքական որոշում է կայացրել, եւ դրանից հետո ցանկացած որոշում անիմաստ է եւ մեկնաբանության կարիք չունի: Մեր քաղխորհրդում լուրջ մարդիկ են հավաքված, որոնք կյանքի մեծ ուղի են անցել, եւ այդպիսի որոշումները հեշտ չեն տրվում, այնպես որ՝ այդ առումով հետագա քննարկումների խնդիր չկա:

Ինչ վերաբերում է մեծամասնականով առաջադրվելուն, ապա ես նախկինում էլ նշել եմ, թե կուսակցության որ անդամներն են, որոնք կարող են մեծամասնականով ռեալ պայքար ապահովել եւ հաղթել, եւ որոշ դեպքերում նաեւ լուրջ ձայներ ապահովել ՀԱԿ համամասնական ցուցակի համար, եւ  ես մնում եմ նույն տեսակետին: Այսօր Կոնգրեսում մենք մեր մոտեցումները կներկայացնենք: Կան մարդիկ, ովքեր իրենց համաձայնությունը տվել են մեծամասնականով առաջադրվելու համար, ու նրանց թիվը 10-ից ավելին է, կան մարդիկ, ովքեր այսօրվա դրույթամբ էլ առաջադրվել-չառաջադրվելու իմաստով խնդիր չեն տեսնում»:

Արամ Սարգսյանին հարցրինք՝ այնուամենայնիվ, արդյոք մեծամասնականով առաջադրվելու որոշումը կայացվե՞լ է ՀԱԿ-ի խնդրանքի կամ հորդորի շրջանակներում, որովհետեւ ավելի վաղ խոսվում էր, թե կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել են նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել, թե՞ «Հանրապետություն» կուսակցությունն ինքն է նման որոշման հանգել: «Բացարձակապես նման բան՝ կուսակցությանը խնդրելու հարց չի եղել: Մեր հայտարարության մեջ խոսքը գնում էր միայն համամասնական ցուցակի մասին, որտեղ կուսակցությունը հանդես է գալու միայն ի դեմս կուսակցության նախագահի, եւ այդ որոշումը մնում է ուժի մեջ: Կուսակցությունը քաղաքական գործունեություն է ծավալում, եւ իմ համոզմամբ, «Հանրապետությունն» այսօր քաղաքական դաշտում ամենաանկախ կուսակցությունն է, որը ներքաղաքական, արտաքին քաղաքական, նույնիսկ ներկոնգրեսական որեւէ ազդեցությունից դուրս է, եւ որեւէ որոշում կայացնում է իր նպատակահարմարություններից ելնելով եւ ի շահ մեր երկրի ու ժողովրդի»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Aravot.am-ի ճշտող հարցին, արդյոք «Հանրապետության» կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների թվում կա՞ն նրանք, ում անունը Արամ Սարգսյանը մի առիթով հրապարակել էր՝ Ռաֆիկ Մկրտչյան, Սուրեն Աբրահամյան, Աշոտ Զաքարյան, Ժորա Սափեյան եւ այլք, կուսակցության առաջնորդն այսպես արձագանքեց. «Հիմնականում եւ մեծամասնությամբ՝ այո, կան:  Բայց այդ հարցը դեռ քննարկվում է: Կոնգրեսում պետք է նայվի, թե որ ընտրատարածքում ովքեր կարող են առաջադրվել, նաեւ՝ թե գործընկեր կուսակցությունների կողմից ովքեր կարող են լինել, եւ նրանց հնարավորությունները քննարկելուց հետո միայն թեկնածուների անունները կհրապարակվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031