Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ պարզաբանումը՝ իր եւ ՀՖՖ-ի կնքած պայմանագրերի միջեւ հակասության շուրջ

Մարտ 12,2012 16:44

Մի քանի օր առաջ Ռուբեն Հայրապետյանի հրավիրած մամուլի ասուլիսում Aravot.am-ը ՀՖՖ նախագահին խնդրել էր մեկնաբանել ՀԱՕԿ-«Forward» եւ ՀՖՖ-«Adidas» ստորագրված պայմանագրերի միջեւ եղած հակասությունը: Առաջինի պարագայում ՀԱՕԿ-ը պարտավորություն է ստանձնել, որ այսուհետեւ ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներում մեր մարզիկները կրելու են ռուսական ապրանքանիշի արտադրության մարզազգեստը, իսկ երկրորդի դեպքում՝ մեր ֆուտբոլային հավաքականների պաշտոնական համազգեստը «Adidas»-ն է լինելու:

 Հարցադրումն իսկապես իրավաբանական լուծում կամ հիմնավոր մեկնաբանություն էր պահանջում , քանի դեռ ՄՕԿ-ի ու ՖԻՖԱ-ի միջոցառումների ժամանակ «Forward»-ը կամ «Adidas»-ն իրենց պայմանագրերի պահանջները խախտելու մեջ մեղադրանքներ չեն ներկայացրել: Այսօր խնդրո առարկայի վերաբերյալ ՀԱՕԿ-ը տարածել է հետեւյալ պաշտոնական հայտարարությունը:

«Որոշ լրատվամիջոցներ մեկնաբանել են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջերս արած հայտարարությունը, թե ՀԱՕԿ-ը իրավունք չուներ առանց ֆուտբոլի ֆեդերացիային տեղյակ պահելու պայմանագիր կնքել ռուսաստանյան ապրանքանիշ «Forward» ընկերության հետ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ առանց ՀԱՕԿ-ի հաստատման, մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաները (ՀՖՖ-ն նույնպես) չեն կարող մասնակցել օլիմպիական խաղերի: Ավելին, ՀԱՕԿ-ը բացառիկ իրավունք ունի` ներկայացնել հանրապետությունը օլիմպիական խաղերում, ՄՕԿ-ի կողմից հովանավորված տարածքային, մայրցամաքային և համաշխարհային համալիր մրցումներում: Օլիմպիական շարժման և բարձրագույն նվաճումների ` սպորտի զարգացման հարցերում ՀԱՕԿ-ը համադասում է հասարակական մարզական կազմակերպությունների աշխատանքները: ՄՕԿ-ի խարտիայով (4-րդ գլուխ , կետ 29) պետք է ազգային ֆեդերացիաները ճանաչված լինեն ազգային օլիմպիական կոմիտեի կողմից և անդամակցեն նրան: ՀԱՕԿ-ը նաև իրավունք ունի ՄՕԿ-ի կողմից ճանաչված միջազգային մարզական ֆեդերացիաներից հետ կանչել ՀԱՕԿ-ի կողմից երաշխավորված ազգային ֆեդերացիաներին:

Անդրադառնալով վերը նշած պայմանագրին, ասենք, որ այն գործելու է մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը:

Ամեն բանից անկախ, օլիմպիական խաղերի մրցասպարեզներում մասնակիցները, նրանց թվում` հայաստանցիները, հանդես են գալիս մասնագիտական գույքով և հանդերձանքով: Մեր պարագայում, ասենք, լոնդոնյան հրաձգարանում, Նորայր Բախտամյանը չի կրակելու «Forward» -ի զենքով և չի կրելու այդ ապրանքանիշի հանդերձանքը: Նույնը վերաբերում է մեր ծանրորդին , մարմնամարզիկին , ըմբիշին , մյուսներին : Ասել կուզենք, որ օլիմպիական խաղերում ֆուտբոլիստը նույնպես խաղադաշտում չի կրելու «Forward»-ի խաղակոշիկ , մարզաշապիկ և այլն: Փոխարենը մրցաբեմից դուրս, ամենուրեք (օլիմպիական ավանում, պատվո պատվանդանի վրա, զբոսանքի, նախավարժանքի ժամանակ և այլուր) մեր պատվիրակները պարտավոր են հագնել, կրել այն ամենը, ինչը նրանց կհատկացնի ՄՕԿ-ի հետ համագործակցող, ՄՕԿ-ի օրենքներով աշխատող ՀԱՕԿ-ը: Հակառակ պարագայում, նույնիսկ աննշան խախտումների դեպքում, «Forward»-ը տուգանքներ կներկայացնի մեր ազգային օլիմպիական կոմիտեին :

Ուզում ենք, որ վերելք ապրող հայրենական ֆուտբոլը կարողանա նվաճել նաև օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր : Այդ անելը ավանդույթներով հարուստ հայկական ֆուտբոլում հնարավոր է, իսկ պայմանագրերը արգելք չեն հանդիսանա: Ընդհանրապես մարզական կազմակերպությունների ղեկավարները չեն կարող իմանալ ու հիշել գործող բոլոր օրենքները : Թերևս, նման հարցերում ղեկավարությանը պետք է օգնի տվյալ հիմնարկի իրավաբանը: Այս դեպքում զերծ կմնանք անհիմն, ապակողմնորոշող հայտարարություններից» :

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031