Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն Ռուսաստանի թիվ 1 ներկայացուցիչը լինելու կռիվ են տալիս» (Տեսանյութ)

Մարտ 12,2012 16:10

«Կապ չունի, թե ՀՀԿ ցուցակը ով է ղեկավարում` նախագահը, թե ուրիշը: Դրանով ընտրակեղծիքները չեն պակասի: Հայաստանում չկա այնպիսի քաղաքական եւ բարոյական մթնոլորտ, որ մեկը, եթե ցուցակը ինքը չի ղեկավարում, այնտեղից բխի, որ իր ենթականերին ուղղակի հանձնարարություն չի հնչեցվելու, թե որ քաղաքական ուժի համար աշխատեն: Ակնհայտ է, որ իշխանական ամբողջ բուրգը, ամբողջ լծակներն աշխատելու են ՀՀԿի համար»,- այսօր Քաղաքագետների միությունում լսումների ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց մյուս քաղաքական ուժերին, որ ՀՀԿ-ի ընտրակաշառքների դեմ պայքարեն միասնական շտաբով: Ըստ նրա, քանի որ ընդդիմությունը մեծ ռեսուրսներ չունի, պետք է համախմբվեն եւ մեծամասնական ընտրակարգում առաջադրեն միասնական թեկնածուի` հաղթելու համար:

Նկատելով, որ «Քաղաքագետների միության» նախագահն ակնհայտ համակրանք է տածում ԲՀԿ-ի նկատմամբ` Խաչատուր Քոքոբելյանն այդուհանդերձ վստահեցրեց, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մանդատի, այսպես ասած, աթոռի կռիվ են տալիս. «Երբեւիցե դուք տեսե՞լ եք ՀՀԿի կամ ԲՀԿի որեւիցե լուրջ գործչի բանավեճ, որը վերաբերվել է Հայաստանի զարգացմանը: Տեսել եմ բանավեճ, թե քանի մանդատ էս կողմից, քանի մանդատ էն կողմից, որ տեղամասում ովքեր են առաջադրվում, պաշտպանում ենք այսինչ թեկնածուին, թե չենք պաշտպանում: Ես չեմ տեսել շահագրգռվածություն` իրենց դաշտ տանելու պրոֆեսիոնալներ: Կոալիցիոն ուժերից յուրաքանչյուրը զբաղված է, չեմ ուզում վիրավորական խոսքեր ասել, բայց իր PR-ով, այսպես ասենք: «Բարգավաճը» փորձում է ցույց տալ, որ ինքը Ռուսաստանի թիվ 1 ներկայացուցիչն է, Հանրապետականը փորձում է  ցույց տալ, որ չէ, կներես, բայց այդպես չի` ես եմ Ռուսաստանի ներկայացուցիչը: Այն մեկն ուզում  է ցույց տալ, որ ինքը Ֆրանսիայի ներկայացուցիչն է, այն մեկը` Արեւմուտքի: Ինչ է նշանակում՝ Հայաստանի չինովնիկները իրենց պաշտոնների բարձրացումը կամ դիրքերի առավելությունը փորձեն գտնել այլ երկրներում եւ այնտեղից հովանավորչություն ստանան: Այդ ծառամտությունը, այդ գավառամտությունը, քարանձավյան մտածողությունը պետք է վերացնել»:

Aravot.am–ի դիտարկմանը, որ «Ազատ դեմոկրատներն» էլ կապվում է ամերիկյան ուժերի հետ` պարոն Քոքոբելյանը պատասխանեց. «Ո՞վ է կապում, դո՞ւք: Ժողովրդավարությունը եւ ազատականացումը, ճիշտ է, թափ է առել Եվրոպայում, Արեւմուտքում, արեւամտաարժեքային համակարգը կապում են ուղիղ միայն Ամերիկայի հետ` առանց պատկերացնելու, որ խոսք է գնում նաեւ Եվրոպայի մասին: Մենք գործ ունենք հանրության մի շերտի հետ, որտեղ փորձում են ձախողել կամ ձեւախեղել ցանկացած արժեհամակարգ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031