Վաղը Եղիշե Չարենցի ծննդյան 115-րդ տարեդարձն է: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց բանաստեղծի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, առավոտյան 11:30-ին թանգարանի մոտից քայլերթ կսկսվի դեպի Չարենցի հուշահամալիր: Ի նշան բանաստեղծի հոբելյանի, առջեւից կքայլեն 115 գանգրահեր տղաներ՝ ձեռքներին մեխակներ: Անգերեզման Չարենցը երազել է, որ «գալիքի գանգրահեր տղան» մի օր ծաղիկներ դնի իր գերեզմանին:
Հոբելյանական թափորը ողջ ճանապարհին չարենցյան տողերով թերթիկներ կբաժանի անցորդներին: Չարենցի հուշահամալիրի մոտ արդեն կհնչի Տիգրան Մանսուրյանի հիմնը՝ գրված պոետի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիման վրա: Ելույթ կունենան անվանի մտավորականներ, Չարենցի ժառանգներից՝ Արմեն Չարենցը, Չարենցի անվան դպրոցի աշակերտներ եւ ԵՊՀ ուսանողներ:
Լիլիթ Հակոբյանը հայտնեց, որ նույն օրը կազդարարվի չարենցյան տարվա մեկնարկի մասին: 2012-ին կազմակերպվելիք իրենց բոլոր միջոցառումները կլինեն չարենցյան «Օ գրքերի աշխարհը տիեզերք է անեզր» կարգախոսի ներքո ու Երեւանի գրքի մայրաքաղաք հայտարարվելու համատեքստում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ