«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում տոնական, նախահամագումարային տրամադրություն է: Չնայած 4 օր է մնացել նրանց համագումարին, բայց այսօր «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը վստահեցրեց, որ իրենց միասնական ցուցակը դեռ պատրաստ չէ, չգիտեն անգամ, թե ով է գլխավորելու ցուցակը. «Պետք է ղեկավարի Րաֆֆի Հովհաննիսյանը, դա ավելորդ համեստություն չեմ համարում, նա նշել էր, որ ցուցակը կարող եմ ղեկավարել ես: Միանշանակ ես գտնում եմ, որ եթե միասնական ցուցակով հանդես գանք, պետք է նա լինի»:
Քանի որ դեռ հստակեցված էլ չէ` դաշինք կազմելո՞ւ են, թե՞ ոչ` հարցին` մի քիչ երկար չե՞ք բանակցում` պարոն Քոքոբելյանը պատասխանեց, որ ոչ. «Իրականում մինչ այսօր կազմված դաշինքները եւ միասնական ցուցակները խիստ արհեստական են եղել, միշտ լուծել են 1 խնդիր` այդ պահին ընտրություններին գնալու խնդիր եւ ԱԺ–ում մանդատներ ձեռք բերելու: «Ազատ դեմոկրատներում» եւ «Ժառանգությունում» հավաքված են մարդիկ, որոնք նման խնդիր չեն ուզում դիտարկել: Մեկը ես եւ իմ ընկերները, կուսակցության լիդերները երբեւիցե չեն փորձել մանդատ ձեռք բերելու գործընթացին մասնակից դառնան: Հավատացած եղեք, եթե նման ցանկություն ունեցած լինեինք` շատ–շատ անգամներ արած կլինեինք: Այդ թվում` նաեւ նախկինում այն քաղաքական ուժի մեջ, որում եղել ենք: Այս ժամանակահատվածում մեր լիդերները երբեք չեն ձգտել դրան, պատճառը ոչ թե այն է, որ չեն ուզեցել ԱԺ–ում ներկայացված լինել, այլ` դա չի եղել ինքնանպատակ»:
Պարոն Քոքոբելյանը նաեւ ասաց, որ եթե «Ժառանգության» հետ իրենց չհաջողվի ձեւավորել այդ դաշինքը, դա կլինի կորուստ` ընտրողների համար եւ Հայաստանի քաղաքական դաշտում նոր մշակույթի ձեւավորման առումով:
Թե’ «Ժառանգությունը», թե’ «Ազատ դեմոկրատները» որոշել են անպայման ունենալ մեծամասնական թեկնածուներ. «Կլինեն ընտրատարածքներ, որտեղ կպաշտպանենք անկուսակցական թեկնածուների, կամ ընդդիմության այլ հատվածից ներկայացված թեկնածուների: Ընդդիմությունը պիտի կարողանա իր մեջ քաղաքական կամք գտնել եւ միասնական պաշտպանել տարբեր թեկնածուների»:
Կարդացեք նաև
Հռիփսմե ՋԵԲԵՋՅԱՆ