Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, որի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Երևանում` ՀԱՊԿ հայեցակարգային և ռազմավարական փաստաթղթերի նախագծերի քննարկման նպատակով:
ՀԱՊԿ ներկայացուցիչների և Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության գործընթացում ներգրավված ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված կազմով խորհրդակցություններից հետո տեղի է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի համատեղ մամուլի ասուլիսը:
“Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը զարգացում է ապրում և Հայաստանը, որպես ամենաակտիվ անդամներից մեկը, լայնորեն ներգրավված է այս գործընթացում: Մենք նպատակ ունենք ուժեղացնել ՀԱՊԿ-ի դերակատարությունը, որպես մեր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն բաղկացուցիչներից մեկը: Մշակվում է ՀԱՊԿ-ի նոր ռազմավարություն, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեության պլանավորման նոր հայեցակարգ, որը հնարավորություն կտա էլ ավելի մեծացնել միջազգային այս կազմակերպության դերը, կշիռը և նշանակությունը անդամ երկրների անվտանգության ապահովման տեսանկյունից: Առաջիկայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը կներկայացվի այդ նոր ռազմավարությունը և պլանավորման նոր հայեցակարգը”, – ասել է Արթուր Բաղդասարյանը:
Ի լրումն, ԱԱԽ քարտուղարը նշել է, որ այս տարի ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ Երևանում կանցկացվեն արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ընթացքում ի ցույց կդրվի զինված ուժերի, հատուկ ծառայությունների, արտակարգ իրավիճակների, ոստիկանական ստորաբաժանումների ողջ ներուժը և փոխհամագործակցության բարձր որակը ՀԱՊԿ յոթ պետությունների շրջանակներում:
Իր խոսքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան փաստել է, որ կազմակերպության անդամ երկրների, այդ թվում Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է, քան մի քանի տարի առաջ` միևնույն ժամանակ ընդգծելով մերօրյա աշխարհաքաղաքական իրավիճակին համահունչ նոր ռազմավարության մշակման կարևորությունը, որի վրա կհիմնվի ՀԱՊԿ-ի հետագա գործունեությունը:
Հայաստանը ՀԱՊԿ անդամ առաջին երկիրն է, որտեղ կազմակերպվեցին ՀԱՊԿ հավաքական անվտանգության նոր ռազմավարության նախնական քննարկումները: Հայեցակարգային և ռազմավարական փաստաթղթերը կքննարկվեն նաև առաջիկայում կայանալիք կանոնադրական մարմինների` անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, պաշտպանության նախարարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի նիստերի ընթացքում և կներկայացվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: