Իրանաբնակ հայերի գորգագործության արվեստը ճանաչված է Իրանում, Հայաստանում և աշխարհում: Իրանահայերի «Լիլահան» տեսակի գորգը մտել է հայ գորգագործության պատմության մեջ և համարվում է հայկական գորգերի տիպաբանության համակարգի բուսածաղկային բաժնի ճյուղերից մեկը: Իրանահայ երիտասարդ արվեստաբան Մայրենի Հովասափյանը վերջերս որպես կիրառական արվեստի բակալավրի ավարտաճառի թեմա է ընտրել «Իրանի հայկական գորգերը», ապա ուսումնասիրությունը հրատարակել է առանձին գրքով: Գիրքը պարսկերեն լեզվով է, բաղկացած է 290 էջից, որի կեսից ավելին գորգերի լուսանկարներ են: Նրա գիտական ղեկավարներն են եղել դոկտ. Յավարին և դոկտ. Փաքդասթը, իսկ հրատարակման գործը հովանավորել են Թեհրանի հայոց թեմական խորհուրդը և «Նաշրե թարիխե Իրան» հրատարակչականը:
Գրողը նախ ներկայացրել է իրանահայերի Շահաբասյան բռնագաղթի և նրանց գյուղական նոր բնակավայրերի համառոտ պատմությունը, որտեղից էլ սկսվել է գորգագործության վերելքը: Մ. Հովասափյանն այն կարծիքին է, որ իրանահայերը այս արվեստը Հայաստանից են իրենց հետ բերել, որը և ավելի քան երեք դար համարվել է իրանական գորգի ճանաչված դպրոցի կարևոր անուններից մեկը: Իրանահայերի գորգագործության վերելքը կանգ առավ երկրորդ աշխարհամարտին հաջորդած հայրենադարձության ժամանակ, երբ Իրանի հայաբնակ գյուղերը պարպվեցին հայրենիք տեղափոխվելու նպատակով:
Արվեստաբանը խնամքով ներկայացրել է Իրանի հայաբնակ բոլոր գավառների գորգերի յուրահատկությունները, ներկայացրել է սկզբնաղբյուրներ, այցելել է թանգարաններ և նահապետական ընտանիքներ և հարցազրույցներ է վերցրել նշանավոր գորգագործների զավակներից և նրանց ճանաչողներից: Գրքի երկրորդ բաժնում լուսանկարների հարուստ ալբոմ է ներկայացրել գիտության մեջ հայտնի «մեդալիոնային», «պարտեզային» «ձկնավոր» և երկրաչափական զարդանկարներով բազմատեսակ գորգերից, որոնք վերցրել է տարբեր ընտանիքների հավաքածոներից: Իրանահայերի մոտ շատ տարածված են եղել նաև ազգային և կրոնական պատկերներով գորգերը՝ «Մայր Հայաստան», «Սուրբ Էջմիածին», «Սբ Ամենափրկիչ վանք», «Սբ Թադեի վանք» և «Մասիսներ», որոնք ևս ներկայացված են գրքում:
Ուսումնասիրությունն իր տեսակի մեջ առաջինն է և ավելի շատ ներառում է Իրանի կենտրոնական շրջանների հայերի կիրառական արվեստը՝ բացառելով Ատրպատական նահանգը: Օգտագործած աղբյուրների ցուցակից երևում է, որ հեղինակը ձեռքի տակ չի ունեցել Հայաստանում հրատարակված գորգագործությանը վերաբերող գրքեր: Մեր տեղեկություններով հեղինակն այժմ պատրաստվում է նույն թեմայով նոր և համապարփակ աշխատություն հրատարակել:
Տիգրան Դավթյան