Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդիամագնատն իրեն օլիգարխ չի համարում

Մարտ 12,2012 14:11

 Aravot.am-ը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արման Սահակյանից հետաքրքրվեց,  թե ինչո՞ւ է հաջողակ բիզնեսմենն այդքան շատ ուզում խորհրդարան մտնել, ի՞նչ է անելու այնտեղ`ճանաչվելո՞ւ, թե՞ բիզնեսն  ավելի ծաղկեցնելու խնդիր ունի, ինչպես որ պատգամավորներից շատերն են անում` խորhրդարանը որպես լծակ օգտագործելով:

Նշենք, որ Արման Սահակյանը մեծամասնական ընտրակարգով պատրաստվում է պատգամավոր դառնալ Գյումրիից, նա  երկրի 10 խոշոր հարկատուներից է,   պարենային ապրանքների և խմիչքների ներմուծմամբ զբաղվող «Սովռանո» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Պրեսս ստենդի» և մի շարք ԶԼՄ-ների հիմնադիր է: «Ես  բիզնես ընդլայնելու խնդիր չունեմ` գոնե թե Ազգային ժողովն օգտագործելով, որովհետև Ազգային ժողովում բիզնես ընդլայնելու ինչ-որ լծակներ, ըստ էության, չկան կամ ես չգիտեմ:Մի քիչ կարող է պրիմիտիվ հնչի, կարող է շատ ծեծված թեմա է, բայց հավատացնում եմ ձեզ, որ ես ԱԺ մտնում եմ, որովհետև սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ ապրել իմ երկրում: Եթե ես չունենայի «Շիրակը», իմ ընտանիքը կարող էր ապրել Մոնակոյում` ամենալավ պայմաններում: Էս իմ ընտրությունն է, ես չեմ ուզում ապրել իմիջայլոց, և  բողոքել»,- ասաց մեր զրուցակիցը:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե Արման Սահակյանն իրեն օլիգարխ համարո՞ւմ է և կիսո՞ւմ է այն կարծիքը, որ հանրապետական կուսակցությունը,  խորհրդարանը իբրև թե ձերբազատելով բիզնեսմեններից,  մեծամասնական ընտրակարգով նոր բիզնեսմենների ու  օլիգարխների  է ընդգրկում, Արման Սահակյանը պատասխանեց . «Իհարկե ոչ, ես  ինձ օլիգարխ չեմ համարում, բայց ուզում եմ մի բան հստակեցնել, ես էդ թեմային միշտ հետևել եմ. նույնիսկ այսօր ինձ գործարար չեմ համարում, ես 17-18 տարեկանից զբաղվել եմ բիզնեսով, 7-8  տարի մեծածածախ առևտրի շուկայում եմ գնացել աշխատանքի, Գյումրիից ինձ շատ խանութների տերեր անձամբ գիտեն, միգուցե նրանց մեծ մասի մեքենան ես եմ բարձել ապրանքը, բայց էն պահից, որ ես մտել եմ այստեղ,  ինձ գործարար չեմ համարում: Գործարարը առավոտ 9-ին պիտի գնա  աշխատանքի, աշխատի մինչև երեկո, պիտի  իմանա ամեն ինչ, կառավարի ամեն ինչ, եթե ես գործի չեմ գնում իմ հիմնարկ,ես էլ գործարար չեմ, վերածվում եմ ինվեստորի՝ եթե ճիշտ տերմին օգտագործենք: Իսկ մարդը ինչ ունի, ինչ չունի… էդ բացարձակ կապ չունի ԱԺ-ի հետ: Ես արդեն իսկ իմ ոչ մի բիզնես չեմ կառավարում, կառավարելն իմ համար ուրիշ է, նշանակում է գնալ աշխատանքի, տիրապետել ամբողջ ինֆորմացիային, անձամբ որոշումներ կայացնել ու տանել առաջ, եթե ես օրական 2-3 հեռախոսազանգի եմ պատասխանում, ես բիզնեսմեն չեմ էլ ցավոք սրտի»:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե ո՞ւմ է վստահում իր բիզնեսը, ո՞վ է կառավարում, Արման Սահակյանը ասաց.  «Պրոֆեսիոնալ ղեկավարները»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031