Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անսպասելիորեն մեկնել է Աֆղանստան՝ Մազարի-Շարիֆում տեղակայված գերմանական ռազմաբազա: Այս մասին տեղեկացնում է գերմանական Berliner Morgenpost-ը: Այս այցելության մասին նախապես չէր տեղեկացվել: Տիկին Մերկելին ուղեկցում է անվտանգության ուժեղացված ծառայություն ՝ կապված Աֆղանստանում ամերիկացի զինվորի կողմից խաղաղ բնակիչների սպանության արդյունքում այդ երկրում ստեղծված լարված իրավիճակի հետ: Մերկելը մտադիր էր այցելել նաեւ Քունդուզ նահանգում ծառայող գերմանացի զինվորականներին, սակայն այդ այցելությունը չի կայանա՝ ոչ թռիչքային եղանակի պատճառով:
Սա Մերկելի՝ կանցլեր դառնալուց հետո, չորրորդ այցելությունն է Աֆղանստանում ծառայություն անցնող գերմանացի զինվորականներին: Նա եղել է Աֆղանստանում նաեւ 2007, 2009 եւ 2010 թվականներին:
Մեկ շաբաթ առաջ էլ Աֆղանստան էր մեկնել Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերը, որն այցելել էր Քունդուզի մոտ գտնվող գերմանական երկու ռազմաբազա: Իսկ երեկ Քաբուլում ԳԴՀ-ի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Դիրք Նիբելն է փաստաթուղթ ստորագրել՝ Աֆղանստանին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին: Համաձայն այդ պայմանագրի՝ Գերմանիան 65 մլն եվրո կհատկացնի Աֆղանստանին: Գերմանացիները խոստացել են հավելյալ 175 մլն եվրո էլ տալ՝ եթե Քաբուլն ուժեղացնի կոռուպցիայի դեմ պայքարը եւ երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը: Ըստ գերմանական ԶԼՄ-ների՝ ամեն տարի Գերմանիան Աֆղանստանին հատկացնում է մինչեւ 430 մլն եվրո:
Դիրք Նեբելը խոստացել է, որ Բեռլինը կօգնի Քաբուլին նույնիսկ գերմանական զինուժը Աֆղանստանից հանելուց հետո, ինչը նախատեսվում է 2014 թվականին: Գերմանական ռազմական ուժերը Աֆղանստանում են 2002 թվականից: Սկզբում 1200 զինվոր էր, ներկայումս նրանց թիվը հասնում է 4800-ի: Մինչեւ 2013 թվականը նախատեսվում է նրանց թիվը կրճատել՝ մինչեւ 400-ի:
Կարդացեք նաև
Ծառայության ողջ ընթացքում Աֆղանստանում զոհվել է 52 գերմանացի զինվոր: