«Թալիբան» ծայրահեղական խմբավորումը խոստացել է վրեժ լուծել 16 խաղաղ աֆղանցիների սպամության համար, որոնք զոհվել են երեկ՝ մարտի 11-ին, ամերիկացի զինվորականի ձեռամբ:
Sky News լրատվական ծառայության տվյալներով՝ այդ սպառնալիքը տեղ է գտել թալիբների կայքէջում: Թալիբ գրոհայինները նշել են, որ «նահատակների» մի մասը կանայք եւ երեխաներ էին, որոնց սպանել են «զավթիչ» եւ «բարբարոս» ամերիկացիները:
«Թալիբանի» այս սպառնալիքը հրապարակվել է այն ժամանակ, երբ արդեն ամերիկյան կողմից բազմաթիվ ներողություններ էին հնչել: Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էր անձամբ ներողություն խնդրել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ հեռախոսային զրույցի ժամանակ: Նա նաեւ խոստացել էր լիարժեք հետաքննություն անցկացնել, որի արդյունքում անպայման կպատժվեն այդ դեպքի բոլոր մեղավորները: Նմանատիպ հայտարարություն էր տարածել նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պաննետան, ինչպես նաեւ Աֆղանստանի անվտանգության համագործակցության միջազգային զորքերի (ISAF) հրամանատար Ջոն Ալլենը:
Սակայն Քաբուլում ամերիկյան ներկայացուցիչներին զգուշացրել են, որ այդ դիպվածը կարող է Աֆղանստանում ծառայող ամերիկյան զինվորների հանդեպ բռնության նոր ալիքի պատճառ դառնալ:
Կարդացեք նաև
Խաղաղ աֆղանցիների վրա հարձակումը տեղի է ունեցել Քանդահար նահանգում կիրակի գիշերը՝ ամերիկյան ռազմաբազաների մոտակայքում: Զինվորականների բոլոր 16 զոհերն էլ սպանվել են իրենց տներում, որոնք տեղակայված էին երկու հարեւան գյուղերում: Սպանությունից հետո ամերիկացի զինվորականը վերադարձել է ռազմաբազա, որտեղ ձերբակալվել է:
Ըստ Associated Press գործակալության՝ մարդասպանը սերժանտ Լյուիս Մաքորդն էր՝ Վաշինգտոն նահանգից: Իսկ թե ո՞րն էր այդ արարքի պատճառը՝ չի ասվում, թեեւ BBC News-ը հաղորդում է նյարդային խանգարման մասին:
Մինչ այդ արդեն իսկ լարվել էին ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի միջեւ հարաբերությունները՝ ամերիկյան զինվորականների մասնակցությամբ մեկ այլ դեպքի արդյունքում: Խոսքը ծովային հետեւակի զինվորականների կողմից թալիբների դիակների պղծման մասին է, ինչը նկարահանվել էր եւ դրվել էր ինտերնետում: Իսկ Բահրամում էլ իսլամական սուրբ գրականություն էին այրել:
Եթե առաջին դեպքին՝ «Թալիբանի» ռեակցիան քիչ թե շատ զուսպ էր, ապա երկրորդ պատահարից հետո ծայրահեղականները տեղի բնակչությանը վրեժխնդրության կոչ արեցին, ինչի արդյունքում երկրով մեկ բողոքի ալիք բարձրացավ՝ պատճառ դառնալով վեց ամերիկացու սպանության: