Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականի «լյուբիմչիկները» (տեսանյութ)

Մարտ 12,2012 11:18

Ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը որոշեց կուսակցական տույժի ենթարկել Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանին, իսկ, ասենք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով ավելի սկանդալային անձ է եւ մշտապես աղմկոտ իրադարձությունների կենտրոնում է հայտնվում, երբեւէ չի արժանացել ՀՀԿ-ի հրապարակային պարսավանքներին: Կամ` կուսակցական տույժի չենթարկվեցին ԱԺ-ում այլոց փոխարեն քվեարկող ՀՀԿ-ական պատգամավորները, ՀՀԿ-ական այն պատգամավորները, ովքեր սիրում են վիրավորանքներով խոսել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասին: Բերեմ ամենաթարմ օրինակները. ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը «Ժառանգությունը» ներկայացնող Ստեփան Սաֆարյանին «խորհուրդ» էր տալիս ականջները լվանալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանն էլ «Ժառանգության» ղեկավարին ոչ ավել, ոչ պակաս` «ծաղրածու» անվանեց: Պարսավանքի արժանի հանրապետականների ցանկը երկար կարելի է շարունակել:

Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավորներից հետաքրքրվեց` ՀՀԿ-ում «լյուբիմչիկների» սկզբունքո՞վ են առաջնորդվում: Հովհաննես Սահակյանը մեր հարցին այսպես արձագանքեց. «Մենք քաղաքական ուժ ենք, կենդանի կառույց եւ ինչպես դրական, այնպես էլ բացասական երեւույթներից որեւէ առումով ապահովագրված չենք: Մենք հետեւողական ենք մեր որդեգրած սկզբունքներին, հատկապես գործընկերների, առավել եւս՝ կոալիցիոն գործընկերների նկատմամբ: Մենք մշտապես հանդուրժողականության, փոխադարձ ըմբռնման եւ քաղաքակիրթ բանավեճերի միջոցով հարցերի լուծման կոչ ենք արել եւ առավել եւս, եթե մարդիկ ունեն անձնական խնդիրներ, հարցեր, դրանք պետք չէ տեղափոխել քաղաքական հարթություն: Եթե ձեր հիշատակած անձնավորությունը` Արթուր Հարությունյանը, ինչ-որ անձնական խնդիրներ ունի եւ փորձում է դրանք քաղաքական հարթություն տեղափոխել, ապա ՀՀԿ-ն քայլ կատարեց` ելնելով իր կանոնադրության սկզբունքներից եւ հայտարարեց նկատողություն, որում հստակ ասված է, որ պետք չէ անձնական խնդիրները խառնել քաղաքականության հետ»:

Ինչ մնում է վերոնշյալ մնացյալ դեպքերին՝ Հովհաննես Սահակյանը հավաստիացնում է, որ բոլոր դեպքերն են ՀՀԿ-ում քննարկման արժանանում եւ եթե հարցի «հիմնավորվածությունը կամ պրովոկացիան ավելի նվազ է կամ ավելի շատ` քան իրական պատկերը, մենք դրան փորձում ենք չանդրադառնալ, որովհետեւ դրա հետքի ազդեցությունը շատ ավելի դժվար է վերացնել»: Դիտարկմանը` ասենք, Սյունիքի մարզպետի հետ եւ շուրջ տեղի ունեցող իրադարձություններում մշտապես պրովոկացիաները գերակշռել են, Սահակյանը հակադարձեց, որ չի ցանկանում անձնավորել` բերելով ՀՀԿ Սպիտակի կառույցում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, երբ 7-8 կուսակցական ընկերներ, ըստ Սահակյանի, կուսակցությանը հարիր գործունեությամբ չէին զբաղվել, հետեւաբար, համապատասխան կուսակցական պատիժներ կրեցին: «Եթե մականունով ինչ-որ մի երիտասարդ աչքի է ընկել եւ տույժի արժանացել` դա պետք չէ մատի փաթաթան սարքել»,- ասաց մեր զրուցակիցը:

Aravot.am-ի նույն հարցին ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես պատասխանեց. «Ձեր նշած ցանկացած հարցի հետ կապված ՀՀԿ-ն իր կարծիքը հայտնել է: ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ԱԺ նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, տարածվել է մամուլի հաղորդագրություն, Սյունիքի մարզպետի հետ կապված` դա իրավական խնդիր է եւ ասել ենք, որ մենք ասելիք չունենք»: Էդուարդ Շարմազանովի այլ դիտարկումները` տեսանյութում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031