Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիից պատգամավոր կդառնա Սերժ Սարգսյանի փեսայի ընկե՞րը

Մարտ 11,2012 21:06

Երեկ ուշ երեկոյան հայտնի գործարար, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, հանդիպելով լրագրողներին, պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստվում է ԱԺ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել Գյումրիից: Ավելին, նա լրագրողներին հետաքրքիր ընտրապայքար խոստացավ:

Նշենք, որ խոշոր հարկատուն մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրելու է թիվ 34 ընտրատարածքում, այսինքն մրցակցելու է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանի հետ: Արման Սահակյանին սատարելու է ՀՀԿ-ն, վերջերս գործարարը հայտարարել էր, որ ինքը ևս պատրաստվում է անդամակցել այս կուսակցությանը:

Aravot.am-ը պարոն Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է անդամակցում ՀՀԿ-ին, նժդեհյան գաղափարախոսությո՞ւնն է նրան գրավում, թե՞ պարզապես իրեն պարտավորված է զգում իշխող կուսակցության վերաբերմունքից: «Դեռ չեմ ընդգրկվել ՀՀԿ-ի շարքերը: Հանրապետական կուսակցությունը, ինչպես գիտեք, պաշտպանում է իմ թեկնածությունը կարծում եմ, որ նրանք հարմար են գտել այն ծրագրերը, որ ես ունեմ, փորձեն իմ միջոցով իրականացնել Գյումրիում: Եվ բնականաբար, ես էլ կարծում եմ, որ Հանրապետական կուսակցության հետ ավելի մեծ խնդիրներ կարելի է լուծել, ես ի նկատի ունեմ Հանրապետական կուսակցության ամբողջ ներուժը, դա համարում եմ շատ կարևոր հանգամանք մեծ խնդիրներ լուծելու հարցում»,- ասաց Արման Սահակյանը:

Aravot.am-ի այն հարցին էլ , թե ինչպե՞ս կմեկնաբանի մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե խորհրդարանը փորձում են երիտասարդացնել Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի ընկերների հաշվին, Արման Սահակյանը պատասխանեց. «Առավոտ» օրաթերթից շատ շուտ՝ մի քանի տարի առաջ , ինձ նմանատիպ հարց են տվել, ես էլ ասել եմ` այո, Միքայել Մինասյանը իմ ընկերն է, և շատ տարբեր մարդիկ են իմ ընկերները»:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ Արման Սահակյանը համատեղ բիզնես ունի նախագահի փեսայի հետ, գործարարը պատասխանեց. «Այդպիսի տեղեկատվությունը սխալ է, չունենք համատեղ բիզնես»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031