Փաստեր
• Ծնվել է 1956 թ. Երեւանում, ամուսնացած է, ունի 2 երեխա եւ 1 թոռ:
• ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավարն է:
• 1978 թ. ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը, մասնագիտությամբ պատմաբան եւ հնագետ է:
Կարդացեք նաև
• 1990-1992 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:
• 1995-1998 թթ. բանտարկված է եղել` քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով):
• 2003-2008թթ. Եղել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ:
– Ձեր հայրն ու նախապապը եղել են հայտնի դաշնակցականներ: Հաշվի առնելով այդ հանգամանքը, կարո՞ղ ենք ասել, որ Ձեր ճակատագիրը կանխորոշված էր:
– Ոչ, այդպես չի կարելի ասել: Եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, ես չէի պատրաստվում խառնվել քաղաքականությանը եւ կուսակցական կյանքին: Իմ գործը գիտությունն էր: Սակայն, 1988 թ. հայ ժողովուրդը որոշեց, որ բարձր ատյաններ դիմելու միջոցով կարող է հասնել պատմական արդարության: Ես հասկանում էի, որ դա հարցի լուծում չէ, եւ սկսեցի միջոցներ փնտրել անխուսափելին`այսինքն` պատերազմը, դիմավորելու համար: Այդ որոնումների մեջ հանդիպեցի մի կուսակցության, որը կազմակերպչական առումով ավելի լավ էր պատրաստ այն իրողություններին, որոնք սպասում էին մեզ, եւ ինչն այն ժամանակ շատերի կողմից չէր գիտակցվում: Իսկ ցեղական գաղափարական ժառանգությունը պարզապես օգնեց գտնելու Հայրենիքին ծառայելու ճշգրիտ ճանապարհը` ՀՅԴ միջոցով:
Ետդարձի ճանապարհ այլեւս չկա
– Այսինքն, եթե չլիներ շարժումն ու պատերազմը, Դուք հիմա զբաղվելու էիք գիտությամբ:
– Այո, իհարկե: Ես այժմ էլ կցանկանայի զբաղվել գիտությամբ, սակայն արդեն հնարավոր չէ: Երբ քաղաքական կյանքի մեջ ես, ետդարձը շատ դժվար է: Բայց այստեղ մեկ այլ հարց էլ կա: Եթե չլիներ պատերազմը, իմ մասնակցությունը քաղաքականությանը, հավանաբար, այլ ձեւ կստանար: Փաստ է, որ Խորհրդային Միությունն այն ժամանակ կանգնած էր լուրջ փոփոխությունների շեմին: Պատերազմը դրդեց քաղաքականությամբ զբաղվել նույնիսկ նրանց, ովքեր նման ցանկություն չունեին: Ես երբեք չեմ երազել լինել ինչ-որ կուսակցության անդամ, բայց եթե լինել` ապա միայն ՀՅԴ-ի անդամ:
– Առաջին հերթին ի՞նչ պետք է հասկանալ «դաշնակցական» ասելով` կուսակցություն, պատմություն, գուցե՞ արժեհամակարգ:
– Այն հիմնականում մարդկային տեսակ է: Սա չի նշանակում, որ մարդկանց այդ տեսակը կենտրոնացված է միայն Դաշնակցությունում, կամ բոլոր այն մարդիկ, ովքեր մեր կուսակցության մեջ են, պատկանում են այդ տեսակին: Բայց մեր կուսակցությունը չի ձեւավորվել կամ համախմբվել առաջնորդների կամ փողի շուրջ, դա բացառվում է, ոչ էլ միմիայն ծրագրերի շուրջ` այլ նաեւ օրինակելի քաղաքացու մասին մեր պատկերացումների շուրջ:
Բանտից հետո դարձա շատ ավելի հանդուրժող մարդկանց թուլությունների նկատմամբ
– Դուք 3 տարի անցկացրել եք կալանքի տակ: Ի՞նչ քաղեցիք այդ փորձից:
– Դարձա շատ ավելի հանդուրժող մարդկանց թուլությունների նկատմամբ: Դա ինձ իմաստություն տվեց: Եվ փոքր մանրուքներ, օրինակ` թողեցի ծխելը, սովորեցի անգլերեն: Բայց, իհարկե, վնասն ավելի մեծ էր: Կար մի նպատակ` միասնական, անկախ եւ ազատ Հայաստան տեսնել, եւ այդ պատճառով մեզ համար չկային հստակ սահմաններ Ղարաբաղյան պայքարի եւ բանտում պայքարելու միջեւ: Մեկը կարելի է համարել մյուսի շարունակությունը: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե երկրորդը տեղի չունենար, եւ կարող էր տեղի չունենալ, բայց, հոգ չէ, ամեն ինչ էլ պատահում է: Դրանից ողբերգություն չեմ սարքում:
– Ի՞նչ տեղ է գրավում ազգային գաղափարը Ձեր պատկերացումների մեջ:
– Ամեն ինչ շատ պարզ է: Բոլոր այն տեսությունները, որոնց համաձայն մարդկությունը կմիավորվի մեկ ընդհանուր ընտանիքում` բաց շագանակագույն մաշկով, գանգուր մազերով, թեթեւակի շեղ աչքերով եւ անգլիալեզու, հիմարություն են եւ ամբողջությամբ անիրատեսական: Մարդկությունը, եւ ոչ միայն մարդկությունը, այլ ցանկացած օրգանիզմ գոյատեւում եւ զարգանում է հիմնվելով ներքին հակասությունների վրա (այս մասին Հեգելն է ասել, ոչ թե ես): Մարդկությունն էլ կարող է գոյատեւել եւ զարգանալ, միայն երբ ունի ներքին հակասություն, այդ հակասությունը ազգերի միջև ընթացող մրցակցությունն է: Ֆրանսիացի փիլիսոփաների խոսքերով, ազգերը Աստծո մտքերն են: Մարդկությունը ազգերից դուրս, ուղղակի որպես մարդկանց համախմբություն, չի կարող գոյություն ունենալ: Ազգերը միշտ են լինելու: Որոշ ազգեր այլեւս գոյություն չունեն, ինչը ազգերի միջեւ ընթացող շարունակական պայքարի եւ մրցակցության հետեւանքն է: Ես ցանկանում եմ, որ իմ ազգը այս մրցակցության մեջ հաղթող դուրս գա եւ շարունակի զարգանալ, եւ միշտ կազմի մարդկության մի մասը: Այդ նպատակի համար ոչինչ ափսոսել պետք չէ:
– Այսօր մենք ունենք գաղափարների եւ գաղափարախոսությունների բավականին լուրջ ճգնաժամ: Ինչո՞վ կարելի է լրացնել այդ վակուումը:
– Ներկա պահին այն կարելի է լրացնել միային արդարությամբ: Գաղափարների պակաս իսկապես կա: Հայկական միտքը փիլիսոփայական թռիչքներ չի ապահովում, մնում է բացը լրացնել պարզ եւ տարրական ձեւով ` արդարություն հաստատելով:
– Բայց արդարությունն էլ բավականին հարաբերական կատեգորիա է:
– Այո, իհարկե, արդարությունը սուբյեկտիվ երեւույթ է, որովհետեւ նույն հասարակության տարբեր անդամներ կարող են այն տարբեր կերպ ընկալել: Որպեսզի այդ ընկալման տարբերությունը չլինի, մարդկությունը հորինել է արդարության միասնական չափանիշ` օրենք: Օրենքը կարող է լինել վատը, բայց եթե այն գործում է բոլորի համար եւ նույնն է բոլորի համար, ապա սկսում է երեւալ խորը արդարությունը: Dura lex, sed lex – օրենքը խիստ է, բայց դա է օրենքը: Իսկ օրենքն ունի մեկ առանձնահատկություն` այն կամ նույնն է բոլորի համար, կամ չի աշխատում: Հայաստանում մենք պետք է հասնենք նրան, որ օրենքը լինի պարտադիր բոլորի համար:
Իշխանությունն անխուսափելիորեն այլասերում է
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում «իշխանություն» կատեգորիային:
– Թերահավատությամբ: Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաժողովրդավարականը, ձգտում է դուրս գալ հասարակության հսկողությունից, եւ դա բնական է: Հասարակությունը միշտ փորձում է գտնել վերահսկման մեխանիզմներ` ստեղծելով կուսակցություններ, հասարակական շարժումներ, ընտրելով խորհրդարան եւ այլ հակակշիռներ, որպեսզի գործադիր իշխանությանն իր «բռի մեջ» պահի: Գործադիր իշխանությունը, ժողովրդավարության մասին իր պատկերացումների եւ իր առաջնորդների ինտելեկտի սահմաններում, միշտ ձգտում է դուրս գալ այդ հսկողությունից:
Վերցնենք Հայաստանի օրինակը. մեզ մոտ չկա հասարակական վերահսկողություն գործադիր իշխանության նկատմամբ: Մեզ մոտ ոչ թե խորհրդարանն է նշանակում գործադիր իշխանություններին, այլ հակառակը` գործադիրն է որոշում թե ով պիտի ներկայացնի ժողովրդին խորհրդարանում: Այդ իսկ պատճառով, իմ վերաբերմունքը իշխանությանը սկեպտիկ է: Բայց ես ընդհանրապես չեմ հավատում, որ իշխանությունը կարող է շատ լավը լինել: Նա կարող է լինել տանելի, հանդուրժելի, բայց դժվար թե լավ:
– Անգլիացի փիլիսոփա Ջոն Ակտոնը մի առիթով ասել է` իշխանությունն այլասերում է, բացարձակ իշխանությունը` բացարձակ այլասերում է: Համամի՞տ եք այս մտքի հետ:
– Այո, դա անխուսափելի է: Սա հենց նրա հետեւանքն է, ինչի մասին ասում էի:
Ավելին, առանձին վերցրած պաշտոնյան, առանձին նախարարը, առանձին ինչ-որ վարչության պետը կամ վարչապետը` միանգամայն նորմալ եւ ադեկվատ մարդիկ են, որոնք ամենեւին չեն ձգտում բռնապետության: Սակայն, դրան միշտ ձգտում է բյուրոկրատական ապարատը: Իսկ ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այստեղ կարելի է մտնել, միայն ունենալով հստակ ձեւավորված վերջնական նպատակներ: Հակառակ դեպքում, հոսանքն անկախ քեզնից կտանի: Բոլորն էլ ուզում են լավ ապրել, ուզում են, որ իրենց երեխաները ստանան լավ կրթություն, բայց քաղաքականության մեջ կարեւորն այն է, թե ինչ առաջնահերթություններ ես դնում քո առջեւ: Եւ, եթե դու չես դավաճանում քո առաջնահերթություններին եւ չափից դուրս ճկունություն չես դրսեւորում, ապա ողնաշարդ էլ ամբողջությամբ չի ծռվում, ինչպես լակեյի մոտ:
– Խոսենք Ձեր նախասիրությունների մասին: Ճի՞շտ է, որ Դուք էլ եք ռոք երաժշտության երկրպագու:
– Այո, այդպես է: Չնայած ռոքի վերջին ճյուղավորումները, խառնված փոփ եւ ռեփ երաժշտության հետ, ինձ այնքան էլ հասկանալի չեն: Բայց դասական ռոք, օրինակ` Deep Purple, Led Zeppelin, Jethro Tull կամ ավելի հներից` Rolling Stones, ես սիրում եմ: Ժամանակակից կատարողներից նախընտրում եմ Բրայն Ադամսի եւ էլթոն Ջոնի ռոք-բալլադները:
– Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը:
– Եթե թոռնիկս տանն է լինում, ապա նրա հետ եմ խաղում: Իմ երեխաները արդեն մեծ են, իրենց մասնագիտություններն այնպիսին են, որ ընդհանուր թեմաները քիչ են: Հիմնականում, ազատ ժամանակ ուղակի կարդում եմ:
– Ինչ գրականություն եք գերադասում` գեղարվեստական, թե՞ մասնագիտական:
– Սովորաբար միաժամանակ մոտ 3 գիրք եմ կարդում: Մեկը` լրիվ հիմարություն, ինչ-որ դետեկտիվ`կրակոցներով եւ սպանություններով, ուղղակի որպեսզի ձանձրույթից շուտ քնեմ: Երկրորդը` մասնագիտական, բայց արդեն ոչ միայն հնագիտություն, այլ մշակութաբանություն, մարդաբանություն կամ ազգագրություն: Եւ, վերջապես, գրագետ քաղաքական գիրք: Վերջերս վարչապետը ինձ նվիրեց Սեմյուել Հանթինգտոնի աշխատանքներից մեկը:
Էջանիշներ չեմ սիրում, այնպես որ, եթե մի բան սկսում եմ կարդալ, գերադասում եմ շատ շուտ ավարտել այն, մի գիշերվա ընթացքում:
Թերեւս, կընդունեի անմահության առաջարկը` իմ նախապայմաններով
– Մի քանի հարց էլ իմ լավ բարեկամ Մարսել Պրուստից: Ո՞րն է Ձեր գլխավոր հատկանիշը:
– Սեփական պատասխանատվության չափազանցված զգացում: Որպես արդյունք` արագ նյարդայնանալը:
– Ձեզ բնորոշ հայտնի սարկազմը նույն օպերայից է՞:
– Սարկազմը լավագույն ձեւն է ագրեսիայից խուսափելու:
– Մոլորությունը, որ գոյություն ունի Ձեր մասին:
– Այն արդեն հաղթահարված է:
– Ինչպե՞ս կնկարագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:
– Սկեպտիկ, վատատես եւ լավատես: Հաջորդականությունը պարբերաբար փոփոխվում է:
– Ձեր սիրած պատմական դեմքը:
– Շարլ դը Գոլը:
– Եթե Ձեզ առաջարկվեր անմահություն առանց որեւէ նախապայմանի, կընդունեի՞ք:
– Այդպիսի գործարքները, որպես կանոն, անգին չեն լինում: Դա կախված է գնից: Բայց ես հակված կլինեի ընդունել այն: Մյուս կողմից, անվերջ կյանքը նշանակում է արդյո՞ք անվերջ երիտասարդություն է: Հիշեք, Սվիֆթի մոտ նկարագրված է մի կղզի, որտեղ մարդիկ անմահ էին, սակայն թորշնում էին մինչեւ 90 տարեկան, եւ այդպես ապրում էին դարերով: Եթե այդպես, ապա, ոչ, շնորհակալ եմ: Այնուամենայնիվ, եթե առաջարկը լիներ առանց նախապայմանի, կարծում եմ, կընդունեի, բայց այդ դեպքում հնարավոր է, որ նախապայմաններ կլինեին իմ կողմից:
– Եթե տեսնեք Աստծուն, ի՞նչ կասեք նրան:
– Կասեի, որ ոչ շատ արագ եւ ոչ հեշտությամբ, սակայն հավատացի եւ հավատում եմ նրա գոյությանը եւ այն բանին, որ աշխարհը ստեղծվել է իր կողմից: Անգամ իմ մասնագիտությունը, որը, կարծես թե, պիտի շեղեր ինձ այդ հավատքից, շատ հստակ հաստատում է իր գոյությունը:
Վահան Հովհաննիսյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը: