Aravot.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը վերհիշելով իր մրցապայքարը Արամ Դանիելյանի հետ՝ նշեց, որ Հրազդանում հիմա «իրար են ուտում». «Մի հատ օրինակ բերեմ, որ իրենք ինչ տականք են: Մարդ է եղել, տարել են տուն, 3 հոգու գումար են տվել, որ 3-ը պիտի գան ընտրեն: Մեկը հիվանդ է եղել ծնողներից, չի մասնակցել, եկել էդ 5000 դրամը հետ են վերցրել: Պատկերացրեք ուր ենք հասել: Հերը հիվանդ է եղել՝ նրա 5000 դրամը եկել հետ են վերցրել»:
Սասուն Միքայելյանը վստահեցնում էր, որ ինքը Հրազդանի ընտրություններից չի հիասթափվել. «Հրազդանի ընտրությունները հաղթանակ չէ՞ր ազգի համար: Մենք չենք հուսահատվել ամեն ինչից, ես էլի եմ պայքարելու, էս ընտրություններին էլ եմ պայքարելու»:
Մենք հետաքրքրվեցինք, ճի՞շտ է, որ ընտրություններից հետո դուք քեֆ եք արել՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Անկասկած, ո՞նց կարող էի չնշել: Եթե 12 հազար մարդ ինձ է ընտրել, ես ընտրված քաղաքապետ եմ: Ինչի՞ պիտի չանեի քեֆ, ինչի՞ պիտի մարդ հուսահատվի: Այսինքն 12 հազար մարդուն ես պիտի հուսախա՞բ անեմ, էս անգա՞մ էլ չպայքարեմ: Պայքարելու եմ, հաղթելու ենք, լավ է լինելու»:
Շատերն են վստահեցնում, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են նույն Հրազդանի ընտրություների կրկնությունը: Այսինքն՝ բուն ընտրատեղամասերում ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում, եւ այն, ինչ արվելու է՝ կատարվելու է մինչեւ ընտրությունները եւ ընտրատեղամասերից դուրս: Այս առնչությամբ Սասուն Միքայելյանը նշեց, որ իրեն ընտրակաշառքով երբեք չէին կարող հաղթել. «Ինձ հաղթել են մարդկանց բերելով, կեղծ գրանցումներով: Այնտեղ 3 մլն դոլարի խոսակցություն է գնում, որ այդքան գումար են բաժանել: Ինչքան էլ իրենք գումար բաժանեին, ինձ չէին կարող գումարով հաղթել, մարդ կա՝ չէր վերցրել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ