Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հակազդել վերաքննիչ դատարանի` ապահովագրական պահանջների դեմ ուղղված որոշմանը

Մարտ 11,2012 12:51

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

 

Նախորդ շաբաթ Դաշնային վերաքննիչ դատարանը մի ապշեցուցիչ որոշում ընդունեց: Միաձայն որոշմամբ դատարանը չեղյալ հայտարարեց Կալիֆորնիայի օրենքը, որը թույլ էր տալիս հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին գործ հարուցել կյանքի ապահովագրական ընկերությունների դեմ վերջիններիս կողմից դրամական հատուցման պահանջները չկատարելու համար:

Հիմք ընդունելով «հազվադեպ կիրառվող» «մենաշնորհյալ հարցի» սկզբունքը`դատարանը նահանգի օրենքը ճանաչեց հակասահմանադրական՝ պնդելով,  որ այն հակասում է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության գերապատվություններին:

Վերաքննիչ դատարանը չեղյալ ճանաչեց 2000 թվականին Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի ընդունած օրենքը, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից կյանքի ապահովագրական ընկերությունների դեմ գործ հարուցելու վերջնաժամկետը երկարաձգվում էր սկզբում մինչև 2010 թվականը և ապա` 2016 թվականը: Այդ օրենքի հիման վրա Կալիֆորնիայի փաստաբանները դատական գործ էին հարուցել «Նյու Յորք Լայֆ» և «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունների դեմ: Երկու դատերն էլ ավարտվեցին դատարանից դուրս համաձայնությամբ, որի արդյունքում 37.5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացվեց հայկական կողմին:

2003 թվականին հայ պահանջատերերը կոլեկտիվ հայց ներկայացրեցին ԱՄՆ-ի դաշնային դատարան ընդդեմ գերմանական կյանքի ապահովագրական ընկերությունների: Իրենց ուշացած պայմանագրային պարտավորությունները կատարելու փոխարեն, այդ ընկերությունները փորձում էին կարճել վարույթը՝ պնդելով, որ նահանգի օրենսդրության մեջ հայոց ցեղասպանության մասին վկայակոչումը ոտնձգություն է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության գերապատվության նկատմամբ: Մի քանի անգամ բողոքարկելուց հետո, 2012 թվականի փետրվարի 23-ին 11 դաշնային դատավորներից բաղկացած դատական կազմը միաձայն որոշում ընդունեց գերմանական ընկերությունների դեմ վարույթը կարճելու մասին: Այնուամենայնիվ, այս որոշումը ոչ մի ազդեցություն չունի«Նյու Յորք Լայֆ» և «Աքսա»  ֆրանսիական ապահովագրական ընկերությունների` դատարանից դուրս ընդունված համաձայնության վրա:

Կարծում եմ վերաքննիչ դատարանի որոշումը թերի է հետևյալ պատճառներով՝

1) Դատարանը տարօրինակ դիրքորոշում ընդունեց, թե իբր նահանգի օրենսդրությունը ներխուժում է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության սահմաններից ներս, նույնիսկ նրանց երկուսի միջև որևէ հակասության բացակայության պայմաններում: Իրականում, Կալիֆորնիայի նահանգը և դաշնային կառավարությունը ցեղասպանության հարցի շուրջ համակարծիք են, քանի որ Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը 1975 և 1984 թվականներին, իսկ 1981 թվականին նախագահ Ռեյգանը նախագահական Հռչակագիր էր ստորագրել այս մասին, և ամենակարևորը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը 1951 թվականին միջազգային դատարան ներկայացրած պաշտոնական զեկույցում ներկայացրել էր հայկական հարցը որպես ցեղասպանության օրինակ:

2) Վերաքննիչ դատարանն իր դատական սահմաններից շատ դուրս եկավ, երբ ոչ պատշաճ ուշադրություն դարձրեց թուրքական ժխտողականությանը, ճնշումներին և սպառնալիքներին՝ մեղադրելով, թե Կալիֆորնիայի օրենքը «Օսմանյան կայսրության

(և հետևաբար ներկայիս Թուրքիայի) գործողություններին կպցնում է «ցեղասպանություն» քաղաքական պիտակը և  բարեհաճ է «Հայոց ցեղասպանության զոհերի» նկատմամբ»: Այս պնդումն ամենևին չի համապատասխանում իրականությանը, քանի որ Կալիֆորնիայի օրենքը ոչ մի կերպ չի հիշատակում «այսօրվա Թուրքիան»: Ավելին, խորանալով քաղաքական փաստարկների, քան առողջ իրավական դատողությունների մեջ` վերաքննիչ դատարանը մեջբերումներ կատարեց թերթերի հոդվածներից (որոնք դատավարության նյութերում չեն ներառվել) ներկայացնելու համար Թուրքիայի Ֆրանսիայի կողմից ընդունված Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի նկատմամբ կատաղի արձագանքը և Անկարայի կողմից ցեղասպանության պիտակի մերժումը:

3) Դատարանը կարող էր առանձնացնել ցեղասպանության մասին վկայակոչումը Կալիֆորնիայի օրենքից՝ միաժամանակ պահպանելով կյանքի ապահովագրական հատուցում պահանջողների օրինաչափ պահանջները, քանի որ դատավարության նպատակը ոչ թե ցեղասպանության փաստի հաստատումը, այլ ապահովագրական հատուցման վճարների վերականգնումն էր:

Հայերը չպետք է հուսալքվեն և չպետք է դադարեն պայքարել հանուն իրենց օրինական իրավունքների` ի հեճուկս այս ժամանակավոր իրավական հետընթաց քայլին: Ահա որոշ հնարավոր քայլեր, որոնք կարելի է ձեռնարկել իրավիճակը փոխելու համար՝

1) բողոքարկել ԱՄՆ-ի Գերագույն դատարան, թեև այս դատարանը քննում է իրեն ներկայացված գործերից միայն շատ քիչ տոկոսը,

2) խնդրել Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին ընդունել մի նոր օրենք, որը կընդլայնի հայցվորների հնարավոր խումբը, որովեսզի վերաքննիչ դատարանը չկարողանա առարկել` ասելով, որ գործող օրենքը կիրառվում է «պահանջողների շատ նեղ շրջանակի համար»,

3) աշխատել, որ ԱՄՆ կոնգրեսի անդամներն ընդունեն նմանատիպ մի օրենք, որը թույլ կտա դատական հայց ներկայացնել հատուցում կատարելուց հրաժարվող ապահովագրական ընկերությունների դեմ,

4) սկսել մի նոր հայկական քաղաքական նախաձեռնություն դաշնային մակարդակով՝ փորձելով ձևավորել «Հայոց Ցեղասպանության գույքի հարցերով նախագահական խորհրդատվական հանձնաժողով», ինչպես Հոլոքոստի գույքի հարցերով հանձնաժողովը, որը Ցեղասպանության դարաշրջանի գույքը վերականգնելու նպատակով կօգտագործի ավելի շուտ ԱՄՆ-ի կառավարության լծակները, այլ ոչ թե դատարանները,

5) համաշխարհային արշավ սկսել և կազմակերպել ցույցեր ու բոյկոտներ այն գերմանական ապահովագրական ընկերությունների դեմ, որոնք հրաժարվում են իրենց ֆինանսական և բարոյական պարտքերը կատարելուց: Տարբեր երկրներում գերմանական ընկերությունների գրասենյակների առջև կազմակերպել ցույցեր մինչև նրանք կգիտակցեն, որ մերժելով հայերի պահանջները ավելի շատ կտուժեն, քան եթե վճարեն ժառանգների ապահովագրական գումարները: Ավելին, հայերը պետք է պահանջեն, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի դաշնակից Գերմանիան ընդունի օրենք, որը կպարտադրի գերմանական ընկերություններին փոխհատուցել պահանջվող գումարները:

Ակնհայտ է, որ հայկական քաղաքական պահանջներին հետամուտ լինելը ավելի շատ նման է մարաթոնի, քան կարճատև վազքի: Հայերը պետք է շարունակեն իրենց պայքարը և հաղթահարեն բոլոր խոչընդոտները  մինչև հասնեն իրենց արդար դատի վերջնական իրականացմանը:

 Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031