Բավական տարիներ լրագրությամբ զբաղվողները սովորություն ունեն հրատարակելու իրենց հաջողված հարցազրույցները կամ հոդվածներն առանձին գրքով: Ինքս էլ մի ժամանակ նման մտադրություն ունեի, սակայն հրաժարվեցի, քանի որ
ա/ մշուշոտ կասկածներ ունեմ, որ այդ գրքերը ոչ ոք չի կարդում
բ/արդեն իսկ կան մի շարք գրքեր, որտեղ նաեւ իմ հարցազրույցներն են հրապարակված՝ Աշոտ Նավասարդյանի, Վանո Սիրադեղյանի, Էդվարդ Եգորյանի, Վազգեն Մանուկյանի, Արամ Զավենի Սարգսյանի հետ… Անգամ մի գիրք ունեմ, որի հեղինակը նաեւ հրատարակել էր իր մասին իմ, մեղմ ասած, ոչ դրական հրապարակումները եւ ընծայագրով նվիրել ինձ:
Այսուհանդերձ, որոշ հրապարակումներ ունեմ, որոնք շատ եմ սիրում: Ամենաշատը սիրում եմ Արմեն Շեկոյանի հետ հարցազրույցը, որը տպագրվել է «TV Ալիք» շաբաթաթերթում: Շատ եմ սիրում նաեւ հինգ տարի առաջ հրապարակված այս հարցազրույցը: Այն ներկայացնելիս՝ առաջին էջում հրապարակվել էր հետեւյալ ստուգաբանությունը. «Ոչ մեկին հայտնի չէ, որ հայկական ծագում ունի «Տոյոտա» բառը,- ասաց Ավետիք Իշխանյանը, որն իրավապաշտպանությունից բացի՝ զբաղվում է նաեւ ստուգաբանությամբ:- Ճապոնիայի առաջին մաթեմատիկայի ուսուցիչը հայ է եղել: Եվ երբ դպրոցում նա մի ճապոնացի տղայի հարցրել է՝ «Ի՞նչ կլինի 1+6», նա պատասխանել է՝ 5, ու հայ ուսուցիչն ասել է. «Տո՛, յոթ ա»: Մի քանի անգամ այդպես ասել է, ու այդ մարդու անունը մնացել է Տոյոտա: Հետո նա ստեղծել է մեծ ֆիրմա, որը կոչվել է նրա անունով»: Մեսրոպ Հարությունյանը, որ լրատվական ոլորտը փորձաքննելուց բացի՝ քննում է նաեւ այն հետքերը, որոնք հայերը թողել են այլ երկրներում, հավելեց. «Իսկ «Աուդին» այլ բան չէ, քան հայկական այրուձին՝ կրճատված: Ուղղակի երբ հայերն առաջին անգամ մեքենա են քշել՝ ասել են, ոնց որ մեր Վարդանի այրուձին լինի»:
Կարդացեք նաև
Ափսոսում եմ, որ այս հրապարակման ինտերնետային տարբերակում լրիվ չեն տեղադրվել լուսանկարները՝ Մեսրոպն աչքերը փակած էր, Ավետիքը՝ բերանը փակած:
Ուշագրավ է նաեւ, թե ինչ շարունակություն էր ունեցել այս հարցազրույցը: Հումորի զգացումից զուրկ ինչ որ կին զանգել էր երկուսին էլ ու փնովել՝ ազգային արժեքները ծաղրելու համար:
Հա, հրապարակման մեջ խոստացել էի, որ Մեսրոպ Հարությունյանի եւ Ավետիք Իշխանյանի «կառուցողական զրույցի» ոճով զրույցը ներկայացնելու եմ 2008-ի ապրիլի 1-ի համարում: Սակայն նշված ժամկետից մեկ ամիս առաջ տեղի ունեցածը եւ հետեւած արտակարգ դրությունը սիրտ չթողեցին իրագործելու այս մտադրությունը: Եվ այսպես՝ վերստին հավաստում ենք, որ
… ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԸ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ ԷԻՆ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն իրենց ստուգաբանություններով ապացուցում են, որ ի սկզբանե էին հայերը:
«Մենք պիտի կարողանանք գնահատել մեր ազգային առավելությունները»,- մինչ ներկայացնելն իրենց երկարատեւ ու համատեղ աշխատանքի պտուղը՝ ասաց Մեսրոպ Հարությունյանը: Իսկ Ավետիք Իշխանյանը նշեց. «Կարծում եմ, որ դրա համար պիտի աշխատեն հատուկ պետական ինստիտուտներ»: Մեսրոպ Հարությունյանը հավելեց. «Դրա համար պետք է մշակել հատուկ պետական քաղաքականություն, քանի որ մենք պարտվում ենք քարոզչական պատերազմում: Ըստ էության, ողջ աշխարհում ամեն ինչ առաջացել է մեզնից, բայց մենք դա չենք կարողանում քարոզել, որ վայ-գիտնականները չխեղաթյուրեն մեր պատմությունը»: «Ու լավ կլիներ՝ այս ամենը ներառվեր համահայկական հիմնադրամի ծրագրում»,- լրացրեց Ավետիք Իշխանյանը: Նրանք խոսում էին «կառուցողական զրույցի» ոճով, որը կներկայացնենք 2008-ի ապրիլի 1-ի համարում: Իսկ մինչ այդ՝ փոխանցենք մեր նորօրյա քերթողահայրեր Մեսրոպի եւ Ավետիքի ստուգաբանությունները:
Ինչպես առաջացան իվանները
Մեսրոպ. «Ողջ աշխարհը ռուսներին ճանաչում է Իվան անունով, բայց ոչ մեկը չգիտի, որ այդ անունը ստեղծել են հայերը: Երբ մենք արդեն ձեւավորված ժողովուրդ, ազգ էինք, ու աշխարհով թափառում էինք՝ հյուսիսային երկրներից մեկի անտառապատ տարածքներում մի հայ հանդիպեց վայրենի ինչ-որ ցեղերի՝ ծառերից նոր իջած: Եվ երբ նրանք իրենց չունեցած լեզվով հային հարցրին՝ անունդ ի՞նչ է, նա, կարծելով, թե հարցնում են՝ որտեղի՞ց ես՝ պատասխանեց. «Ի Վան», այսինքն՝ Վանից եմ: Նրա անունը դրեցին Իվան: Բայց քանի որ, պարզ է, չէ՞, հայերն ամենախելոքն են՝ նա միանգամից դարձավ ցեղապետ: Դե, գիտեք, թե ցեղապետն ինչ իրավունքներ ուներ… Ու ծնված բոլոր երեխաներին կոչում էին նրա անունով՝ Իվան: Եվ հյուսիսային այդ ազգի մեջ տարածվեց Իվան անունը»:
Ինչպես առաջացան Խորվաթիան, Սերբիան ու Բոսնիան
Ավետիք. «Բալկանյան հակամարտության առնչությամբ վերջերս շատ են խոսում սերբերի ու խորվաթների մասին, բայց բոլորը մոռանում են, որ նրանք իրականում եղբայր ժողովուրդներ են, որոնք տեղանքից ելնելով՝ ստացել են տարբեր անուններ: Երբ հայերը հերթական վայրենի եւ բարբարոս ցեղերի հարձակումից հետո հասել են Բալկաններ ու թաքնվել սարերում՝ մի խորվաթ տեղ են գտել: Եվ հետո այդ տեղանքն անվանվել է Խորվաթիա: Իսկ սարի այն կողմից այլ ժողովուրդներ նրանց միշտ սեր են բերել, որ հայերը սնվեն: Եվ նրանց անվանել են «սեր բերողներ», որտեղից եւ առաջացել է «սերբ» բառը»:
Մեսրոպ. «Սերբիայի եւ Խորվաթիայի մոտ մի հարթավայր է եղել: Հայերը որ գնացել, տեսել են՝ ասել են. «Վա՜յ, էստեղ փոսն ա»: Այստեղից էլ առաջացել է Բոսնիան, ու բոսնիացիք էլ են իրենց անունը ստացել հայերից»:
Ինչպես առաջացավ Բելգիան
Ավետիք. «Շատ հետաքրքրական է նաեւ Բելգիա բառի ծագումը: Հայերն իրականում եղել են շատ մարդասեր ժողովուրդ, եւ այն առասպելը, թե Հայկը սպանել էր Բելին՝ այնքան էլ ճիշտ է. նա ուղղակի քշեց Բելին: Մարդասեր էր՝ կարող էր սպանել, բայց քշեց, ու նա գնաց դեպի Եվրոպա: Բայց Հայկը միշտ վախեցնում էր մարդկանց՝ ասելով. «Այ, Բելը կգա»:
Ինչպես առաջացան ծովափնյա քաղաքները
Մեսրոպ. «Հայերը շարունակում էին տարածվել աշխարհով մեկ, ու նրանց կողմնորոշման կետը Վանա ծովն էր: Թափառելիս մոլորվում են ու մեկ էլ հեռվում մի ծով են տեսնում եւ վազում են՝ գոռալով. «Մեր Վանն ա, մեր Վանն ա»: Մեկ էլ մեկն ասում է. «Սա չի, սա չի»: Ու այդ տեղանքը կոչվում է Սոչի: Ցեղերի մի մասը Սոչիից գալիս է դեպի արեւելք, մյուս մասը՝ արեւմուտք: Արեւմուտք գնացածները ծովի ափով գնում են, գնում, մի հրաշք բնություն են տեսնում՝ նստում, սկսում են ուտել-խմել: Ու ասում են. «Սա խումի տեղ է», այսինքն՝ խմելու: Ու այդ տեղը սկսում են կոչել Սուխումի: Դրանից հետո էլ են շարունակում Սեւ ծովի ափով շարժվել: Ու մի տեղ լիաթոք շնչում ու ասում են. «Օ՜դ է սա»: Շատ թարմ, լավ օդ է լինում: Եվ այստեղից Օդեսա անվանումը: Իսկ արեւելք գնացածներն էլի մի հրաշք տեղ են տեսնում: Նստում են հաց ուտելու ու մեկ էլ տեսնում, թե իրենցից Թովմաս անունով ընկերը չկա, որին կարճ ասում էին Թումի: Ու հարցնում են. «Բա Թումին ո՞ւր ա»: Ու այդ տեղանքը սկսում են կոչել Բաթումի»:
Ինչպես առաջացան Ալավերդին եւ Աղվերանը
Ավետիք. «Իմիջիայլոց, երբեմն նույնիսկ մեր՝ Հայաստանի տեղանուններն ենք սխալ մեկնաբանում եւ համարում դրանք օտարածին: Ասենք, շատերն ասում են, թե Ալավերդի անվանումը թուրքական ծագում ունի: Բայց իրականում այնտեղ բնակվել է մի ինքնուս երգահան, որը բավական շատ օպերաներ է գրել: Այդ ժամանակ օպերան որեւէ մեկին հայտնի չէր, Վերդին նոր էր սկսում իր օպերաները գրել: Եվ երբ իտալացիները եկել են Հայաստան ու հանկարծ լսել՝ ասել են. «Ա լյա Վերդի», այսինքն՝ կարծես Վերդին լինի:
Աղվերան անվանումն էլ աղվանների հետ են կապում, բայց բացարձակապե՛ս կապ չունի: Ուղղակի ժամանակին կերակրի աղը բավական հարգի եւ շատ թանկ էր: Եվ երբ առաջին անգամ մտել են այդ ձորակը ու տեսել, թե ինչ հրաշք տեղ է, (քանի որ ավելի հարգի էին այն տեղերը, որտեղ աղ կա)՝ ասել են. «Այստեղ աղից վերան տեղ է», այսինքն՝ շատ ավելի լավ տեղ»:
Ինչպես առաջացան Ամերիկան ու Կանադան
Մեսրոպ. «Դե, գիտեք, որ Կոլումբուսի ճամփորդությանը մասնակցել է նաեւ հայ Մարտիրոսը: Ճամփորդությունից վերադառնալով՝ գալիս է տուն ու սկսում պատմել, թե ինչ երկիր է տեսել, ինչպիսի մարդիկ էին ապրում եւ այլն: Մայրը չի հավատում, ասում է. «Բալաս, տենց երկիր չի լինի, դու ոչ մի ապացույց չես բերել»: Մարտիրոսն ասում է. «Ա՛ մեր, կա՛»:
Ավետիք. «Մարտիրոսն ունեցել է նաեւ մի ընկերուհի՝ Նադյա անունով: Եվ երբ նրան պատմում է Ամերիկայից դեպի հյուսիս իր տեսած նոր հողերի մասին, թե այնտեղ ինչ լճեր կան, ջրվեժներ եւ այլն՝ այս անգամ արդեն չի հավատում նրա ընկերուհին: Եվ Մարտիրոսն ասում է. «Կա՛ Նադյա»:
Ինչպես առաջացավ Ինդոնեզիան
Ավետիք. «Կիլիկիայի հայկական նավատորմը ջուր վերցնելու համար կանգնում է մի ափի մոտ: Նրանց բոցմանը՝ Անդրանիկը, գնում է ջուր բերելու եւ երկար ժամանակ չի վերադառնում: Սկսում են փնտրել՝ Անդրանիկն ո՞ւր է: Հանկարծ նավաստիներից մեկը ծովախորշից սկսում է ձայն տալ. «Անդոն հեսա, Անդոն հեսա»: Եվ տեղի ցեղերը վերափոխելով՝ իրենց երկիրը սկսում են կոչել Ինդոնեզիա»:
Ինչպես առաջացան Չինաստանը, Շանհայը եւ Պեկինը
Մեսրոպ. «Հայերը Արեւելքում հասան մի տեղ, որտեղ բնակվողներին հարցրին՝ դուք ի՞նչ ազգ եք: Սրանք պատասխանեցին՝ ցին: Հյուրընկալվում են դրանց տանն ու այն կոչում՝ ցինաց, չինաց տուն: Եվ այդ տարածքը կոչվում է Չինաստան: Հետո հայերն այդտեղ սկսում են արագ-արագ տներ կառուցել (դե, մենք կառուցող ժողովուրդ ենք, չէ՞, հո չինացիների կամ հնդիկների նման չենք), եւ մի հսկա քաղաք է բուսնում: Էս չինացիք ասում են՝ «Էս շան տղի հայերն ի՜նչ արագ կառուցեցին, էս շան հայերն ի՜նչ տուն կառուցեցին»: Ու էս քաղաքի անունը դրեցին Շանհայ: Ուրեմն, Շանհայը հիմնելուց հետո հայերի տղամարդիկ (քանի որ կանայք քիչ էին) գնում էին հեռավոր մի քաղաքից կին բերելու, ու երբ մեկը գնում էր, մյուսներն ասում էին՝ «ինձ համար էլ բեր կին», էդպես բեր կին, բեր կին ասացին, ու էդ հեռավոր քաղաքի անունը, հնչյունափոխվելով դարձավ Պեկին»:
Հ. Գ. Եթե որեւէ ծայրահեղ ազգայնական գործչի հետաքրքրեցին մեր նորօրյա պատմիչների այս մեկնությունները եւ կցանկանային դրանք օգտագործել իրենց քարոզարշավում՝ հայտնենք, որ նրանք ունեն նաեւ նարինջ ու տանձ բառերի բացատրությունները, եւ ընդհանրապես՝ կարող են ստուգաբանել ամեն ինչ. «Հարցերի դեպքում թող դիմեն մեզ»:
Պատմագրությունները գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ