Իրանցի նշանավոր կին գրող Սիմին Դանեշվարը Թեհրանում մահացել է իննսուն տարեկան հասակում: Նա Իրանի առաջին կին պրոֆեսիոնալ պատմվածքագիրն ու վիպասանն է եղել և գրողների նորաստեղծ միության նախագահը: Հեղինակել է տասնյակ վեպեր ու պատմվածքներ և միջազգային գրականության գոհարներ է թարգմանել պարսկերենի: Դանեշվարն ավելի հայտնի է իր «Սովեշոն» վեպով: Վեպը վերաբերում է Իրանի 1941 թվականի դեպքերին, երբ երկրի հարավն էին թափանցել անգլիական գաղութարարները:
Սիմինը Իրանի պոետածին քաղաք՝ Շիրազի, զավակն է և բարձրագույն ուսում է ստացել Թեհրանում, ապա ԱՄՆ-ի «Սթանֆորդ» համալսարանում. բանասիրության դոկտոր էր և արվեստի պատմության ու հնագիտության պրոֆեսոր՝ Թեհրանի համալսարանում: Իրանի լեզվի կաճառի երկու կին անդամներից մեկն էր: Սիմինը պարսիկ անվանի գրող Ջալալ ալ Ահմադի այրին էր: Ս. Դանեշվարի գործերը թարգմանված են աշխարհի տասնյոթ լեզուներով, այդ շարքում նաև հայերենի՝ իրանաբնակ հայ մտավորականների միջոցով:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ