Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանյան ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում

Մարտ 10,2012 22:04

Ռուսաստանյան ընդդիմությունը շաբաթ օրը անցկացրեց հերթական արտոնված հանրահավաքը, որին տարբեր տվյալներով մասնակցել է 10-30 հազար մարդ: 

Տարբեր շարժումների, կուսակցությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ եւ պարզապես շարքային մոսկվացիներ եկել էին իրենց անհամաձայնությունն արտահայտելու մարտի 4-ին կայացած նախագահական արդյունքների հետ:

Հանրահավաքում ելույթներ ունեցան մարդիկ, ովքեր դիտորդներ էին եղել մարտի 4-ին. նրանք պատմում էին ընտրախախտումների մասին: Ելույթ ունեցավ «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին, ով ասաց, որ պայքարը դեռ երկար է տեւելու, սակայն իրենք հասնելու են նրան, որ Ռուսաստանում լինեն փոփոխություններ:

Ինչպես միշտ այսօր էլ ամենատարածված կարգախոսներն ու պաստառները  Վլադիմիր Պուտինի հետ էին կապված` «Պուտին, հեռացիր, «Պուտին, քո ժամանակը սպառվել է» եւ այլն:

Հանրահավաքի մասնակիցները տարբեր տարիքի մարդիկ էին, սակայն չկար դեկտեմբերյան հանրահավաքների ոգեւորությունը: Սակայն «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովն ասաց, որ մայիսին փողոց դուրս կգա մեկ միլիոն մարդ:

«Պուտինի երդման արարողությունից առաջ մենք միլիոնավոր մարդկանց դուրս կհանենք փողոց եւ այն ժամանակ ամեն ինչ կփոխվի, մենք միեւնույն է հաղթելու ենք», – հայտարարեց Ուդալցովը, ում, ի դեպ, հանրահավաքից հետո ոստիկանները ձերբակալեցին, քանի որ պատրաստվում էր երթ կազմակերպել դեպի Պուշկինսկայա հրապարակ:

Մոսկվայի կենտրոնը լեփ-լեցուն էր ոստիկաններով եւ հանրահավաքից հետո ոստիկանները պահանջեցին, որ հավաքվածները հեռանան:

Այսօրվա հանրահավաքի մասնակիցները պահանջեցին խորհրդարանական եւ նախագահական նոր  ընտրություններ անցկացնել, ինչպես նաեւ ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Ընդդիմադիրները հասկանում են, որ այս բողոքի ալիքին նոր շունչ եւ նոր ռազմավարություն է անհրաժեշտ, դրա համար էլ նրանք «թայմ աութ» են վերցնում եւ պատրաստվում են դուրս գալ փողոց երկու ամսից` մայիսի 1-ին:

«Երբ տաք կլինի եւ մարդիկ տուն չեն վերադառնա, կմնան հրապարակում` վրաններում կամ առանց վրանների, բայց մենք մեր ուզածին կհասնենք. նոր ընտրություններ, արդար ընտրություններ կլինեն», – հայտարարեց ձախ դաշտի առաջնորդ Սերգեյ Ուդալցովը:

Ազա Բաբայան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031