Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում Արցախի փողոցում՝ դեպի «Մաքուր երկաթ» գործարան տանող ճանապարհին, թիվ 117 երթուղին սպասարկող, «Գազել» մակնիշի 3743 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 52-ամյա Վալերի Ցականյանը, վրաերթի է ենթարկել 2 հետիոտների։ Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են։
Այս պահին դեպքի վայրում են գտնվում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Աշոտ Կիրակոսյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել։ Արդեն ժամանել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն բաժնի քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված փողոցում ընդհանրապես բացակայում է արտաքին լուսավորությունը, իսկ վրաերթի ենթարկվածները փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար չնախատեսված վայրում։ Ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վրաերթի ենթարկվածները քույր ու եղբայր Սեյրան և Ալվարդ Ղամբարյաններն էին։