Լրահոս
Օրվա լրահոսը

Վախկոտ գիտնականների պահանջը

Մարտ 10,2012 21:06

Հայաստանցի գիտնականների մեծ մասը վախկոտ է կամ ինքնասիրահարված: Եվ անպայման ցանկացած խնդրի լուծման ուզում է հասնել` «ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելով » կամ ոչ մեկի հետ վատամարդ չլինելով: Բերեմ ամենաթարմ  օրինակը:  Վերջերս խմբագրություն եկան երկու գիտնական, որոնք  ի թիվս իրենց կոլեկտիվի այլ անդամների, ստորագրություններով նամակ էին հղել ՀՀ նախագահին, եւ հիշյալ նամակում զորակցություն էին հայտնում մի մարդու, ով չէր ընտրվել իրենց կառույցի ղեկավար: Բնականաբար, շատ նորմալ ընդունեցի այդ մարդկանց եւ խնդրեցի նամակի տեքստը, որը առաջարկում էին տպագրել թերթում: Գիտնականներից տարիքով ավագը, որ Կոպեռնիկոսի կերպարի մեջ էր մտել, ինձ մեկնեց նույն տեքստի մեկ այլ տարբերակ` առանց գործընկերների ստորագրությունների: Երբ զարմացա, թե ինչո ՞ւ է ստորագրություններով տարբերակը թաքցնում, տղամարդը նյարդայնացած ասած, թե չի ցանկանում, որ  տեսնեմ նամակի ներքո ստորագրածների անունները: Զարմացա` լավ, ասենք թե տեսա, հո էդ մարդիկ չե ՞ն գլխատվելու: Դրանից տղամարդն ավելի զայրացավ ու ասաց, որ ես երեւի չեմ շփվել իր նման իսկական գիտնականների հետ, դրա համար էլ իրեն լավ չեմ հասկանում ու պահանջեց` թերթում տպագրել նամակի 3 էջանոց տեքստը, դեռ մի բան էլ իրենցից  մեծ հարցազրույց վերցնել: Մեկ տառ անգամ կրճատելուն մարդը դեմ էր. գիտե ՞ք  ես ով եմ, հայտնի գիտնական եմ`  իմ ցածրաձայն պահանջից հետո գոռգոռալով ասում էր նա: Քաղաքավարի ասացի, որ այդ հսկա նամակը չի կարող տեղ գտնել թերթում, որովհետեւ թերթի մեկ էջում համարյա այդքան նյութ է տեղավորվում, ու երկրագունդն էլ ամենեւին իրենց կառույցի շուրջը չի պտտվում: Եվ որ ամենակարեւորն է` թերթի գլխավոր խմբագիրը նման դեպքերում մտավորականների համար միշտ ասում է` Շեքսպիրին էլ կարելի է կրճատել:

Խռոված գիտնականները կասկածի տակ դնելով  իմ դպրոցական եւ բուհական ավարտական վկայականի  ու դիպլոմի գոյության փաստը` գլխիկոր հեռացան, ափսոսալով, որ իրենց նամակի ծայրը եւ ոմանց ստորագրությունները հաստատ աչքովս են ընկել: Ցավում եմ, ախր գիտնականը, այն էլ հայտի, ի՞նչ ունի վախենալու…

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Ինչ վերաբերում է անվանի գիտնականների հետ շփվելուն, նրանցից շատերը (Ռաֆայել Իշխանյան, Գեւորգ Ջահուկյան, Աշոտ Սուքիասյան, Մանվել Ասատրյան, Հովհաննես Բարսեղյան  եւ այլք) ինձ դասավանդել են ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031