Թե ով է իրականում քաղբանտարկյալ, ով՝ ոչ՝ սահմանումները տարբեր են: Այսօր քաղբանտարկյալները նշեցին, որ նրանք, ովքեր դատապարտվում են քաղաքական հայացքների համար, բայց զանգվածային անկարգություն, խուլիգանություն անելու սարքովի ու սուտ հոդվածներով՝ քաղբանտարկյալ են:
Եթե Սարգիս Հացպանյանը նեղվել էր այն անարդարությունից, որ կալանավայրում Գագիկ Ջհանգիրյանի համար տեսակցությունները, զբոսանքները արգելված չէին, իսկ իրեն չէին թույլատրում, ապա Սասուն Միքայելյանը, պատմելով բանտային կյանքի անարդարություններից, նշեց, որ ինքը կալանավայրում եւ դատական գործընթացների ժամանակ ամենաշատը վիրավորվել է դատավոր, դատախազ, քննիչներից. «Նրանք այնպես են ուրախանում, երբ ազատամարտիկի բռնում են, ինչ-որ մի վկայություն են կորզում՝ տենց մենակ ուրախանում է թուրքը՝ հային մաշկելուց, իրենք էդ ձեւ ուրախանում էին: Դատական նիստերի ժամանակ ինձ ասում էին մի՛ հայհոյիր: Երբ իրենք օրենք են հայհոյում՝ ես էլ իրե՛նց եմ հայհոյում ու պիտի հայհոյեմ, ես չեմ ամաչում»:
Քաղբանտարկյալ Ժորա Սափեյանի խոսքերով՝«Թալինում իմ հրապարակային ելույթից հետո, ընդամենը մի բառ, որ ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան կոչեցյալների ձեռքում է գտնվում բիզնեսն ու տնտեսությունը՝ դատապարտվել եմ 3 տարի ազատազրկման, բայց դատել են՝ որպես խուլիգանություն արածի, վիրավորել եմ անձի: Բանտերում գտնվողների մեծ մասը անհիմն է դատվել, ոչ մի օրենք չի գործում:: Դեպք գիտեմ, մեր աչքով ենք տեսել՝ բանտում սայլակով մարդ կա, որի ժամկետը լրացել է, պիտի ազատ արձակվի՝ չեն ազատում: Ի՞նչ է արել՝ 1-2 բանկա կոմպոտ է գողացել, սա է մեր երկիրը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝առջեւում ընտրություններ են, սպասելի՞ է նոր, հերթական Մարտի 1՝ Սասուն Միքայելյանը նեղացավ՝ «Հո մենք հիմա՞ր չենք, որ Մարտի 1 սպասենք: Որոշ հիմարներ կարող է գնան Մարտի 1 անեն, բայց մենք պայքարում ենք, որ հետագայում մարտի 1 չլինի էս երկրում, մարդիկ ազատ կարողանան իրենց խոսքը արտահայտեն»:
Ավելի ուշ Սասուն Միքայելյանը մոտեցավ ու հետաքրքրվեց՝ «Ջահել երեխա ես, ինչի՞ ես Մարտի 1-ից խոսում, ի՞նչ Մարտի 1, էդքան հիասթափվա՞ծ ես, չմտածես, թույլ չենք տալու էլ ոչ մի Մարտի 1: Մենք այդ ամեն ինչը մեր վրա զգացել ենք, եթե հետեւողական չլինենք, չհետեւենք, նույն բանը կկրկնվի: Գիտեք, էս երկրում ոչ կարգ, ոչ կանոն գոյություն չունի, պիտի պայքարենք: Իշխանությունները պիտի հասկանան, որ ադրբեջանցիք արդեն սպուտնիկ են բաց թողնում, մենք հլը դուբինկեքով հրապարակում մարդ ենք ծեծում: Վաղը ո՞վ պետք է գնա կռվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ