Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանի հորդորը քաղբանտարկյալներին՝ փակ դռների ետեւում

Մարտ 10,2012 19:58

Նախկին քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանն (ձախից) ու Աշոտ Զաքարյանը

Քննարկումն ընթանում էր այս փակ դռան հետում գտնվող սենյակում, որի պատին փակցված էր հետեւյալ միտքը. «Ճշմարիտ խոսքից վախեցողը ստրուկ է»:

Այսօր «Քաղբանտարկյալներ» իրավապաշտպան հ/կ-ում, Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ,  քաղբանտարկյալները «չեզոք գոտում»  ժողով էին անում եւ բուռն քննարկում ինչ-որ հարցեր: Հանդիպման վայրն ընտրվել էր Ավագ Պետրոսյան 6/1 հասցեն: Ինչպես հետո բացատրեցին, դա նրա համար են արել, որ տարբեր տեսակի քաղաքական շահարկումներից զերծ մնան: Հանդիպմանը ներկա էին Սասուն Միքայելյանը, Պետրոս Մակեյանը, Ժորա Սափեյանը եւ այլ նախկին քաղբանտարկյալներ:

Գագիկ Ջհանգիրյանը թույլ չտվեց լրագրողներին մտնել ներս ու մասնակցել քննարկմանը՝ ասելով, որ հետո կկանչեն-կպատմեն: Այն, ինչ հաջողվեց մեզ լսել փակ դռների ետեւում, այն էր, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղբանտարկյալներին վստահեցնում էր, որ պիտի այնպես անեն, որ  «Ճաղերի հետեւում գտնվող մարդիկ իմանան, որ մենք դուրս եկանք՝ իրենց պրոբլեմները չմոռացանք: Նաեւ դրսում պայքարելու ենք, որ իրենց խնդիրները որոշակի լուծում ստանան: Իշխանության կգանք, չգիտեմ՝ պաշտոն կունենանք, թե չէ, մենք իրանց խնդիրները չենք մոռացել»: Ընթացքում խոսք գնաց նաեւ Սարգիս Հացպանյանի մասին: Գ. Ջհանգիրյանը հորդորեց, որ մյուս ժողովին Հացպանյանին էլ կանչեն, «որ հետո չզանգի ստեղ-էնտեղ բողոքի, թե իրան չեն ասել»:

Նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը լրագրողներին վստահեցրեց, որ փակ դռների ետեւում առանձնապես լուրջ բան չեն քննարկել, քանի որ չի եկել կազմակերպության նախագահը՝ Մյասնիկ Մալխասյանը: Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ էիք այդքան բուռն քննարկում, Սասուն Միքայելյանը պատասխանեց.  «Ի՞նչ քննարկում՝ խոսում էինք հետագա ծրագրերի մասին, այդքան բան: Այսօրվա հավաքի նպատակն այն էր, որ բոլոր ժամանակներում ինչքան Հայաստանում քաղբանտարկյալներ են եղել, հրավիրել ենք ժողովի, որ մասնակցեն: Մասնակցել են որոշ մասը: Եթե այն ժամանակ 52 հոգի հիմնադիր ենք եղել, այսօր մի մասը չի եկել, բողոքում են, որ իրենց տեղյակ չի պահվել, որ բոլորն էլ գան, իրենց առաջարկությունները, ծրագրերը ներկայացնեն»:  Մեր հարցին՝ միայն հավաքի մասին չիմանա՞լն է նրանց չգալու պատճառը, թե՞ վիրավորանք կա՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ինչով է բացատրվում, մենք այն քայլն ենք արել, որ ոչ մեկը չպիտի նեղանա»: Իսկ թե արդյոք քաղաքական դրդապատճառներ չկա՞ն՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ամեն ինչի մեջ դուք քաղաքական դրդապատճառ եք տեսնում: Եթե ամբողջ հանրապետությունը քաղաքականացված է, հիմա դուք էնպիսի հարց եք տալիս, որ…ամեն ինչի տակ քաղաքական բան եք տեսնում: Մենք ուզում ենք մեր երկիրը կարգավորվի, հերիք է էդ քաղաքական, գիտահետազոտական-միտահետազոտական: Էսօր մեր երկրի ապագան կախված է ամեն մի անհատից»:

Քաղբանտարկյալները վստահեցնում էին, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է անդամագրել բոլոր նրանց, ովքեր իրենց քաղբանտարկյալ են համարում՝ անկախ կուսակցական պատկանելությունից ու քաղաքական գաղափարներից այդ թվում՝ Վազգեն Մանուկյանին, Պարույր Հայրիկյանին, Վահան Հովհաննիսյանին: Պայմանը սա է՝ չպետք է կազմակերպություն տեղափոխեն կուսակցական խնդիրները:

Քաղբանտարկյալները նոր օրենսդրական առաջարկություն են պատրաստվում ներկայացնել՝ կալանավայրերում բարեփոխումներ անելու մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031